Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին զենք մատակարարող թիվ մեկ պետությունն է


Զորավարժություններ հայկական բանակում, արխիվային լուսանկար
Զորավարժություններ հայկական բանակում, արխիվային լուսանկար

Հայաստանի պարագայում, սակայն, ռուսական զենքի համամասնությունն ավելի մեծ է, փաստում է SIPRI հեղինակավոր վերլուծական կառույցը։

2002 թվականից ի վեր Ադրբեջանը զենքի ներկրման ծավալներն ավելացրել է 164 տոկոսով, աշխարհի ավելի քան 100 պետությունների թվում զբաղեցնելով 38-րդ հորիզոնականը` գնված սպառազինությունների ծավալով: Սա են վկայում Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի` SIPRI-ի այսօր հրապարակած զեկույցի տվյալները:

Ռազմական խնդիրներով` մասնավորաբար, սպառազինությունների գնումների դիտարկմամբ զբաղվող այս հեղինակավոր վերլուծական կառույցը փաստաթղթում նշում է, որ Ադրբեջանը սպառազինության լայնածավալ գնումներն իրականացնում է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծագած վեճի պատճառով:

«Թեեւ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ի պատասխան Ադրբեջանի կողմից կատարվող գնումների` իրենք եւս նմանատիպ գնումներ կիրականացնեն, այնուհանդերձ, վերջին 10 տարիներին ներկրված սպառազինությունների քանակով Հայաստանը հետընթաց է արձանագրել», - ասված է զեկույցում։ Ներկրված զենքի եւ զինամթերքի ծավալներով 2002 - 2006 թվականներին Հայաստանը 71-րդ տեղում էր, այժմ, ըստ շվեդական հետազոտական կենտրոնի տվյալների, հայտնվել է 84-րդ տեղում:

Ինչ վերաբերում է արտերկրից ներկվող սպառազինության ծագմանը, ապա այստեղ Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի աշխատակիցները պնդում են, որ պաշտոնական Բաքվին եւ Երեւանին զենք ու զինամթերք վաճառող թիվ մեկ պետությունը Ռուսաստանի Դաշնությունն է:

«2007 - 2011 թվականներին Ադրբեջանին մատակարարված զենքի 55 տոկոսը ռուսական արտադրության է եղել: Հայաստանի պարագայում ռուսական զենքի համամասնությունն ավելի մեծ է: Երեւանի կողմից վերջին 4 տարիներին ձեռք բերված զենքի ու զինամթերքի 96 տոկոսը ռուսաստանյան ծագում ունի», - նշում են Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի փորձագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG