Մատչելիության հղումներ

Գերմանիայի արտգործնախարարը ժամանում է Հայաստան


Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելե
Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելե

Հարավային Կովկասում Գիդու Վեսթերվելեն բանակցություններ է վարում նախագահների եւ իր պաշտոնակիցների հետ։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Գիդո Վեսթերվելեն ուրբաթ օրը կժամանի Երեւան։

Հայաստանի մայրաքաղաքում նախատեսված են Վեսթերվելեի հանդիպումները արտգոծնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Գիդո Վեսթերվելեն կայցելի Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նախօրեին Եվրամիության ամենահզոր երկրի` Գերմանիայի արտգործնախարարը Թբիլիսիում էր, մինչ այդ էլ` Բաքվում։

Ադրբեջանի մայրաքաղաքում նա ասել է, որ Գերմանիան եւ Ադրբեջանը կարեւոր գործընկերներ են, եւ որ գերմանացի գործարարները պատրաստ են ներդրումներ անել Ադրբեջանում։

Նա ասել է նաեւ, թե հանդիսանալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ` երկու երկրները կարող են համագործակցել միջազգային ասպարեզում, մասնավորապես, Իրանին եւ Սիրիային վերաբերող հարցերում։

Գերմանիան եւ Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ են։

Գիդո Վեսթերվելեն Բաքվում ասել է նաեւ, թե «եկել է ամբողջ տարածաշրջանի զարգացումը խոչընդոտող հիմնախնդիրը` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ժամանակը»։

Դե իսկ հարավկովկասյան ուղեւորության երկրորդ կանգառը Թբիլիսին էր, որտեղ նախատեսված են եղել Վեսթերվելեի հանդիպումները Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի, նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ նախկին նախագահ, Խորհրդային Միության նախկին արտգործնախարար Էդվարդ Շեւարդնաձեի հետ։

Գերմանիայի արտգործնախարարը Թբիլիսիի պետական համալսարանում հանդես էր գալու Եվրոպական միության եւ Հարավային Կովկասի հարաբերություններին նվիրված ելույթով։

«Մենք ուրախությամբ փաստում ենք, որ Գերմանիան եւ Վրաստանը հաստատել են շատ խորը եւ արդյունավետ համագործակցություն։ Գերմանիան մեր լավ բարեկամն է եւ գործընկերը», - այցի կապակցությամբ ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն։

Գիդո Վեսթերվելեին հարավկովկասյան այցի ընթացքում ուղեկցում են Գերմանիայի դաշնային կառավարության մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության հարցերով հանձնակատար Մարկուս Լոնինգը եւ մի խումբ գերմանացի գործարարներ։

Այսօր ժամանելով Երեւան` Գերմանիայի արտգործնախարարը կավարտի իր հարավկովկասյան շրջագայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG