Մատչելիության հղումներ

24.5 միլիոն պարգեւատրում` 100 միլիոն տուգանքի դիմաց


Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց ավելի քան 24.5 միլիոն դրամով պարգեւատրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի յոթ անդամներին:

Գործադիրի նիստում հարցը ներկայացնում էր հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ով առաջարկեց կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել նշված գումարը: Շաբոյանը իր ելույթը դեռ չէր ավարտվել, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկաներին հիշեցրեց, որ երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 100 միլիոն դրամով տուգանել է բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում գործող ու իր գերիշխող դիրքը չարաշահած «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությանը (CPS), եւ դիմելով կառավարության անդամներին` վարչապետը հավելեց. - «Համաձա՞յն եք 100 միլիոնից 24-ը տանք պարգեւատրման համար: Շատ լավ, հարցեր չկան: Այդ տեմպերով շարունակելու եք` հա՞: Շատ լավ»:

Կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ նշված 24.5 միլիոն դրամը բաժանվելու է հանձնաժողովի յոթ անդամների միջեւ: Ստացվում է, որ հանձնաժողովականներից յուրաքանչյուրը կստանա մոտ 3.5 միլիոն դրամ կամ այսօրվա փոխարժեքով` շուրջ 9 հազար ԱՄՆ դոլար:

Ճի՛շտ է, Շաբոյանը ընդգծեց` յուրաքանչյուրը (այդ թվում ինքը), իր գումարը կստանա մեկ տարվա ընթացքում: Այսինքն, նշված 3.5 միլիոնը բաժանվելու է 12 ամիսների վրա եւ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ամեն ամիս կստանա համապատասխան գումար:

Նշենք նաեւ, որ ըստ հանձնաժողովի մամուլի գծով պատասխանատու Գայանե Սահակյանի, Արտակ Շաբոյանը ամսական ստանում է շուրջ 290 հազար դրամ աշխատավարձ, նրա տեղակալ Պավել Ղալթախչյանը` 237 հազար, իսկ հանձնաժողովի մյուս 5 անդամները 227 հազարական դրամ աշխատավարձ:

«Այսինքն, պարգեւատրումը կախված է նաեւ երկվա CPS ընկերությա ն տուգանումի՞ց: Հետայսու ա՞յդ ոճով է աշխատելու հանձնաժողովը», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Շաբոյանը պատասխանեց. - «Չկապենք երեկվա որոշման հետ, որովհետեւ մենք մեր աշխատանքն ենք իրականացնում: Բնականաբար, պարգեւատրումները խրախուսում են հանձնաժողովին ավելի մեծ տուգանքներ նշանակել, ավելի շատ պատասխանատվության, ոգեւորել եւ ավելի լավ աշխատել: Մեր տուգանքները ամբողջությամբ գնում են պետական բյուջե»:

Արտակ Շաբոյանը նաեւ տեղեկացրեց, թե հաջորդ տուգանքներից հետո պարգեւներ կստանան արդեն հանձնաժողովի աշխատակիցները, որոնց այս անգամվա կառավարական պարգեւից բաժին չի հասել:

Հարցին` այսինքն նոր տուգանքներ եւ պարգեւատրումնե՞ր են սպասվում, Շաբոյանն ասաց. - «Չգիտեմ, ես չեմ կարող ասել: Բնականաբար մենք ունենք վարույթներ, առաջիկայում լինելու են վարույթներ, բայց գործի շահերից ելնելով հիմա ես հայտարարություններ չեմ անի»:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի խոսքով, կառավարությունը պարգեւատրում է պետական պաշտոնյաներին մի բանի համար, որը նրանք պետք է անեն ի պաշտոնե եւ որի համար ստանում են աշխատավարձ:

«Դա ազնիվ չէ ընդհանրապես հասարակության եւ մեր ժողովրդի նկատմամբ», - հայտարարեց պատգամավորը:

Բախշյանը նաեւ ասաց, թե իր համար անհասկանալի է, թե ինչու են պարգեւատրվում հանձնաժողովի յոթ անդամները, որոնք այսպես, թե այնպես ամենից բարձր աշխատավարձն են ստանում այդ հանձնաժողովում, եւ անտեսվում են հանձնաժողովի տասնյակ մնացած աշխատակիցները:

please wait

No media source currently available

0:00 0:04:07 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG