Մատչելիության հղումներ

«Առաջիկայում Հարավային Կովկասը սպասողական վիճակում կլինի»


Սերգեյ Մարկեդոնովը «Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան ստուդիայում, արխիվային լուսանկար
Սերգեյ Մարկեդոնովը «Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան ստուդիայում, արխիվային լուսանկար
Որքանո՞վ կազդեն Վլադիմիր Պուտինի վերընտրությունն ու Միացյալ Նահանգներում մեկնարկած նախագահական ընտարշավը Հարավային Կովկասում ծավալվող իրադարձությունների վրա: Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով` ռուս - ամերիկյան հարաբերություններում առկա տարաձայնությունները կշարունակեն հրատապ մնալ նաեւ Պուտինի պաշտոնավարման երրորդ ժամկետի վեց տարիներին: Կովկասում պաշտոնական Վաշինգտոնի եւ Մոսկվայի տարաձայնությունների հիմնական թեման, սակայն, շարունակելու է մնալ Վրաստանը:

«Վրաստանի խնդրում Մոսկվայի եւ Վաշինգտոնի տեսակետները տրամագծորեն հակառակն են: Դրա հետ մեկտեղ, երկու երկրներն էլ պատրաստ են համագործակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում», - նշում է Մարկեդոնովը «Ազատություն» ռադիոկայանի համար պատրաստած մեկնաբանության մեջ:

Քաղաքագետի խոսքով, եթե Ղարաբաղի խնդրում լուրջ տարաձայնություններ չկան, ապա վրաց - ռուսական հակամարտությունը Միացյալ Նահանգներում նաեւ որոշակի ներքաղաքական հնչեղություն ունի. - «Սոցիոլոգիական բոլոր հարցումները վկայում են, որ այժմ Բարաք Օբաման վերընտրության շատ ավելի լուրջ հեռանկարներ ունի, քան նախկինում: Դրա հետ մեկտեղ, անգամ հաղթանակի պարագայում Օբաման չի կարողանա անտեսել հանրապետականների այն մոտեցումը, որի համաձայն` Վլադիմիր Պուտինի վերընտրությունը լուրջ մարտահրավեր է ամերիկյան ազգային շահերին: Հարկ է նկատել, որ վրացական թեման հանրապետականների նախընտրական հռետորաբանության ոչ առանցքային, բայց շատ կարեւոր մասնիկն է: Այնպես որ, Օբաման, ուզի թե չուզի, պետք է արձագանքի իր հակառակորդների այն քննադատությանը, թե Վաշինգտոնը «վաճառում է» ժողովրդավարության արժեքները` այժմեական քաղաքական շահից դրդված»։

Ամեն դեպքում, ըստ Մարկեդոնովի, առաջիկայում Հարավային Կովկասը սպասողական վիճակում կլինի:

«Պուտինը դեռ չի ընտրել, թե ինչն է իր համար գերադասելի` քաղաքական միջավայրի սառեցո՞ւմը, թե՞ չափավոր բարեփոխումները։ Նրա այդ ընտրությունն էլ կկանխորոշի ռուս - ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքը։ Իսկ այդ ընթացքից Հարավային Կովկասում չափազանց շատ բան է կախված», - համոզված է ռուսաստանցի քաղաքագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG