Մատչելիության հղումներ

Նալբանդյանը շքանշան է հանձնել Քալմի-Ռեյին


Միշլին Քալմի-Ռեյը որպես Շվեյցարիայի նախագահ այցելում է Երեւան, 31-ը մարտի, 2011թ.
Միշլին Քալմի-Ռեյը որպես Շվեյցարիայի նախագահ այցելում է Երեւան, 31-ը մարտի, 2011թ.
Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեքշաբթի երեկոյան Հայաստանի Հանրապետության հատուկ շքանշան է հանձնել այդ երկրի նախկին արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյին։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Շվեյցարիա - Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ընդհանուր քարտուղար Սարգիս Շահինյանը։

Շահինյանի փոխանցմամբ` այսօր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպելու է Հայ - շվեյցարական խորհրդարանական բարեկամության խմբի երկու համանախագահների եւ այլ խորհրդարանականների հետ, որպեսզի նաեւ դիտարկի ծրագիրը, որ խորհրդարանական խումբը նախատեսում է հոկտեմբերին Հայաստանում։

Կեսօրից հետո, ըստ շվեյցարահայ գործչի, Նալբանդյանը խորհրդակցություններ է ունենալու Շվեյցարիայի ներկայիս արտգործնախարարի` Դիդյե Բուրխալտերի հետ։

«Նշմարվում է, որ Շվեյցարիան հենց այս ամիսներին հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում դեպի Հայաստանի Հանրապետությունը։ Կարող եմ նաեւ որոշ դժգոհությամբ ասել, որ այսպես ասած թաքուն դիվանագիտությունը Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ անընդհատ փորձվում է կենդանի պահել», - նշեց Սարգիս Շահինյանը` հավելելով. - «Իհարկե, եղած դժվարությունները շատ դժվար է այս պահին հաղթահարել, բայց Շվեյցարիան այդ ուղղությամբ շարունակական սիստեմատիկ իր նպատակասլացությունը պահպանում է»։

Շվեյցարիան հայ - թուրքական երկխոսության միջնորդն էր։ Բանակցությունները ավարտվեցին արձանագրությունների ստորագրմամբ, որոնք մինչեւ հիմա վավերացված չեն, ավելին` գործընթացը սառեցված է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG