Մատչելիության հղումներ

«Արմավիան» կշարունակի չվերթեր իրականացնել «Զվարթնոցից»


Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «Արմավիա» ավիաընկերության եւ «Զվարթնոց» օդանավակայանը կառավարող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության ներկայացուցիչները համաձայնության են եկել, ըստ որի հետայսու եւս «Արմավիան» կշարունակի չվերթեր իրականացնել «Զվարթնոցից»:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով, որը ղեկավարում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը եւ շուրջ 2 օր տեւած բանակցություններից հետո այսօր վերջնական որոշում կայացվեց` նպատակահարմար պայմաններ ստեղծվեցին «Արմավիա» ընկերության համար, որպեսզի կարողանա ե՛ւ մարել պարտքերը, ե՛ւ շարունակել իր գործունեությունը: Այսինքն` մշակվեց պարտքերի մարման հստակ ժամանակացույց», - պարզաբանեց Չերչինյանը:

Չերչինյանը այլ մանրամասներ չհաղորդեց` խորհուրդ տալով դրանց համար դիմել «Արմավիային»:

Մեր ունկնդիրներին հիշեցնենք` օրերս Հայաստանի ազգային փոխադրող համարվող «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր, թե առաջիկայում ավիաընկերությունը կարող է սնանկ հայտարարվել: Բաղդասարովը դրանում մեղադրել էր «Զվարթնոց» օդանավակայանին` պնդելով, որ օդանավակայանում սպասարկման գները երեք անգամ ավելի բարձր են, քան, օրինակ, Փարիզի ու Մոսկվայի օդանավակայաններում, ինչը «Արմավիայի» համար ստեղծում է տնտեսական լուրջ խնդիրներ:

«Արմավիայի» սեփականատերը հայտարարել էր, թե կա՛մ առաջիկայում «Զվարթնոց» օդանավակայանը կիջեցի իր սպասարկման գները 25 տոկոսով, կա՛մ «Արմավիան» սնանկ կհայտարարվի եւ այլեւս թռիչքներ չի իրականացնի:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը «Արմավիան» պարտք է 4.7 միլիոն եվրո:

Հիշեցնենք նաեւ, որ նախորդ երեքշաբթի «Արմավիայի» թռիչքները մի քանի ժամով դադարեցվել էին, Բաղդասարովի ներկայացմամբ` ի նշան բողոքի «Զվարթնոց» օդանավակայանի վարած գնային քաղաքականության դեմ:

Այսօր մեզ չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ «Արմավիա» եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերություններից:

please wait

No media source currently available

0:00 0:02:26 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG