Մատչելիության հղումներ

Թուրքիայի հայ համայնքը պահանջներ է ուղղում իշխանություններին


Պոլսո հայոց փոխպատրիարք Արամ Աթեշյան, արխիվային լուսանկար
Պոլսո հայոց փոխպատրիարք Արամ Աթեշյան, արխիվային լուսանկար
Թուրքիայի հայ համայնքը առաջարկում է իշխանություններին վերականգնել հայերի իրավունքներն ու հավասար պայմաններ սահմանել երկրի բոլոր քաղաքացիների համար։ Այդ մասին երկուշաբթի օրը խորհրդարանի՝ Սահմանադրական բարեփոխումների ենթահանձնաժողովին ասել է Պոլսո հայոց փոխպատրիարք Արամ Աթեշյանը:

Արքեպիսկոպոսը, թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, 11 էջից բաղկացած առաջարկությունների փաթեթ է ներկայացրել հանձնաժողովին՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ու իրավահավասարության վրա։

«Սահմանադրությունը պետք է մոր նման լինի՝ ջերմ, գթասիրտ եւ զավակների միջեւ տարբերություն չդնող», - հայտարարել է Արամ Աթեշյանը։

Բարեփոխումների շարքում հոգեւոր առաջնորդը կոչ է արել առաջին հերթին վերանայել Սահմանադրության՝ քաղաքացիության վերաբերյալ դրույթը, որի համաձայն` Թուրքիայի բոլոր քաղաքացիները թուրք են համարվում։

«Թուրքիայի քաղաքացի, բայց ոչ՝ թուրք», - առաջարկում է հայ համայնքը եւ կոչ անում քաղաքացիությունը որոշել այլ սկզբունքներով։ «Քաղաքացի կարող է համարվել Թուրքիայի տարածքում ծնված, թուրք ծնողներ ունեցող կամ Թուրքիայի քաղաքացիություն ստացած ցանկացած մարդ», - հայտարարել է արքեպիսկոպոս Աթեշյանը։

Փոխպատրիարքը նաեւ կոչ է արել նոր Սահմանադրությամբ երաշխավորել բոլորի, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավահավասարությունը։

«Մենք եւս այս երկրի իրական զավակներն ենք եւ չենք ուզում, որ մեզ օտարի պես վերաբերվեն», - ասել է հոգեւոր առաջնորդը եւ պահանջել, որ հայերին իրավունք տրվի աշխատել պետական կառույցներում, հարգվի նրանց սեփականության ու կրոնական ազատության իրավունքը։

«Մենք ուզում ենք հոգեւորականներ պատրաստել եւ կոչ ենք անում նոր Սահմանադրությամբ երաշխավորել մեր՝ կրթական հաստատություն հիմնելու եւ կառավարելու իրավունքը», - ասել է Պոլսո հայոց փոխպատրիարքը եւ ընդգծել. - «Պետությունը, որը աջակցում է հանրային դպրոցներին, պետք է նաեւ սատարի փոքրամասնություններին պատկանող դպրոցները, որոնք եւս ծառայում են Թուրքիայի հանրությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG