Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հավաստիացումներ է անում Իրանին


Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւ
Ադրբեջանը չի թույլատրի իր երկրի տարածքն օգտագործել Իրանի վրա հարձակվելու համար։ Այս մասին Թեհրանում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:

Հայտարարությունը հնչել է երկուշաբթի երեկոյան` Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդի հետ բանակցություններից հետո։

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` այս մասին հաղորդել է իրանական Press TV պետական հեռուստաընկերությունը:

Պաշտոնական Թեհրանի եւ Բաքվի միջեւ լարվածություն էր առաջացել այն բանից հետո, երբ փետրվարի 29-ին Իսրայելը Ադրբեջանի հետ 1 միլիարդ 600 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր էր ստորագրել, ըստ որի` Իսրայելը Ադրբեջանին է վաճառում անօդաչու օդանավեր, հակաօդային պաշտպանության համակարգեր եւ հրթիռներ:

Ադրբեջանին սահմանակից Իրանը մտահոգված էր այս գործարքից, քանի որ Իսրայելը մինչ այդ ակնարկել էր Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին:

Իսրայելը եւ Արեւմուտքը կասկածում են, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում, եւ քանի որ Արեւմուտք - Իրան բանակցությունները արդյունք չեն տալիս, պաշտոնական Թել Ավիվը ակնարկել էր, որ պետք է հարվածել Իրանին` այդ ծրագրերը կանխելու համար:

Թեհրանը պաշտոնապես հերքում է այս մեղադրանքները` հայտարարելով, որ միջուկային ծրագրերը զարգացնում է խաղաղ նպատակով, իսկ վերջերս էլ պաշտոնապես հայտնեց, թե պատրաստ է Արեւմուտքի հետ շարունակել բանակցությունները:

Իրանը նաեւ մտահոգություն էր հայտնել` գտնելով, որ վերջին շրջանում Ադրբեջանում ակտիվացել են Իսրայելի հետախուզական ծառայությունները:

Ըստ հաղորդագրությունների` Աբիեւը Թեհրանում ասել է, որ Ադրբեջանը խաղաղություն, կայունություն եւ անվտանգություն է ցանկանում տարածաշրջանում, եւ Իրանի հետ ռազմական ոլորտում սերտ համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության երաշխիքը կլինի:

Ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության, Աբիեւը մամուլի համատեղ ասուլիսում հայտարարել է, թե տարածաշրջանում հակամարտությունը ստեղծում է միայն Հայաստանը, եւ հույս է հայտնել, որ Իրանի պետությունն ու ժողովուրդը ավելի հստակ կցուցաբերեն իրենց դիրքորոշումը Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ցուցաբերվող «անարդարության» նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG