Մատչելիության հղումներ

Քլինթոն - Լավրով հանդիպում` Նյու Յորքում


Հիլարի Քլինթոնի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը անվտանգության հարցերով մյունխենյան 48-րդ համաժողովի շրջանակներում, փետրվար, 2012թ.
Հիլարի Քլինթոնի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը անվտանգության հարցերով մյունխենյան 48-րդ համաժողովի շրջանակներում, փետրվար, 2012թ.
Նյու Յորքում երկուշաբթի օրը կկայանա երկու գերտերությունների` Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։

Ակնկալվում է, որ Հիլարի Քլինթոնի եւ Սերգեյ Լավրովի ուշադրության կենտրոնում կլինի, առաջին հերթին, Սիրիայում ստեղծված իրավիճակը, որի կարգավորման վերաբերյալ այժմ Ռուսաստանը եւ Արեւմուտքը տրամագծորեն հակառակ տեսակետներն ունեն։

Արեւմտյան պետությունները հետեւողականերոն պահանջում են նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը եւ քննադատում նրա բռնի գործողությունները ընդդիմության դեմ, մինչդեռ Ռուսաստանը պնդում է, թե օտարերկրյա ուժերը իրավունք չունեն միջամտել Սիրիայի ներքին քաղաքականությանը, եւ որ ստեղծված իրավիճակի համար հավասարապես պատասխանատու են նաեւ Սիրիայի ընդդիմադիր ուժերը։

Նախօրեին Քլինթոնը հայտարարել է, թե Լավրովի հետ հանդիպման ընթացքում մտադիր է մեղմել Կրեմլի այս խիստ դիրքորոշումը։

«Միացյալ Նահանգները հույս ունի, որ Ռուսաստանը առավել ակտիվ դեր կխաղա Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու հարցում», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը եւ ընդգծել. - «Մենք շարունակում ենք հույսեր տածել, որ Ռուսաստանը կմիանա միջազգային համայնքին եւ կօգնի պայմաններ ստեղծել Սիրիայի խաղաղ եւ ժողովրդավարական իշխանափոխության համար»։

Միջազգային փորձագետների հաշվարկներով` արդեն շուրջ մեկ տարի Սիրիայում շարունակվող արյունահեղության հետեւանքով մոտ 8 հազար մարդ է սպանվել։

Պաշտոնական Մոսկվան, սակայն, առավել հակված է հավատալ իշխող վարչակազմի վարկածներին, որոնց համաձայն` երկրում հազարավոր զինված ահաբեկիչներ են գործում։

Սիրիայից բացի, ակնկալվում է, որ Քլինթոն - Լավրով հանդիպման ընթացքում կքննարկվեն նաեւ իսրայելա - պաղեստինյան հակամարտությունը, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ ռուս - ամերիկյան հարաբերությունները Ռուսաստանի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի վերստին ընտրվելուց հետո։

Նախընտրական շրջանում Ռուսաստանի վարչապետ, նախագահի թեկնածու Պուտինը հոդված էր հրապարակել իր արտաքին քաղաքականության վերաբերյալ եւ բացահայտ քննադատել Միացյալ Նահանգների` այլ երկրներում, այդ թվում` Ռուսաստանում, ներքաղաքական զարգացումների վրա ազդելու փորձերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG