Մատչելիության հղումներ

Մակարեւիչը Պուտինի մոտ հասարակությունը պառակտելու ցանկություն է տեսնում


Ռուսաստան - Նախագահ Վլադիմիր Պուտինը եւ երաժիշտ Անդրեյ Մակարեւիչը Մշակույթի եւ արվեստի հարցերով խորհրդի նիստից առաջ, Մոսկվա, մայիս, 2007թ.
Ռուսաստան - Նախագահ Վլադիմիր Պուտինը եւ երաժիշտ Անդրեյ Մակարեւիչը Մշակույթի եւ արվեստի հարցերով խորհրդի նիստից առաջ, Մոսկվա, մայիս, 2007թ.

Հայտնի երաժիշտը նախագահական ընտրությունների մասին կարծիք է արտահայտել իր բլոգում։

Ռուսական ռոքի հայտնի անուններից`«Մաշինա վրեմենի» խմբի երաժիշտ Անդրեյ Մակարեւիչը Ռուսաստանում անցկացված նախագահական ընտրությունների մասին կարծիք է արտահայտել իր բլոգում` գրելով, որ Պուտինի համար կեղծողները եւ նրա քվեների քանակը ընդդիմադիրների տվյալներով 10 տոկոսով ավելացնողները նրան «արջի ծառայություն» են մատուցել, քանի որ առանց այդ հավելագրումների էլ ստացվում է, որ Պուտինն է հաղթել:

«Ի՞նչ արած` ժողովրդավարություն է, եւ Պուտինի կողմնակիցներն էլ ավելի շատ են», - գրում է Մակարեւիչը` հավելելով, որ իրեն ընտրություններից եւ ընտրակեղծիքներից ավելի այժմ այլ բան է մտահոգում` Պուտինի անկեղծ ցանկությունը` վերջնականապես պառակտել հասարակությունը, քանի որ, ըստ Պուտինի, ստացվում է, որ բոլոր ընդդիմադիրները ժողովրդի թշնամի են, ավելին, նրանցից շատերին վճարում է ամերիկյան Պետդեպարտամենտը: «Եվ այդ խաբեությունը զարմանալիորեն պարարտ հող գտավ», - տարակուսում է երաժիշտը:

«Իրոք` «սուտը պետք է հսկայական լինի, այլապես ոչ ոք չի հավատա», - Գեբելսի խոսքերն է հիշեցնում Մակարեւիչը` հավելելով, որ, փաստորեն, Ռուսաստանի բնակչության մի ստվար հատված այժմ հավատում է այդ ստին: «Եվ ի՞նչ կլինի վաղը` վաղը ինձ կասեն, որ «Մաշինա վրեմենի» խումբը իր երգերը երգում էր Խորհրդային Միությունը փլուզելու համար, ամերիկյան հետախուզության գաղտնի պատվերով, իսկ վաղը չէ մյուս օրը արդեն կհնչի «ժողովրդի թշնամիներին գնդակահարե՛լ» կոչը», - իր մտահոգություններն է փոխանցում հայտնի երաժիշտը:

Նա ասում է, թե շատ կցանկանար, որ Պուտինը ընտրվելուց հետո լրիվ այլ ելույթ ունենար ու ասեր մոտավորապես հետեւյալը. - «Հարգելի քաղաքացիներ, մենք ապրում ենք մի երկրում եւ ունենք մի նպատակ, որ մեր երկիրն ու մենք ավելի լավ ապրենք, մեր միջեւ տարբերությունն այն է, որ բնակչության մեծամասնությունը կարծում է` ե՛ս կարող եմ այդ գործում օգնել, մյուս մասը կարծում է, որ մեկ ուրի՛շը ավելի արդյունավետ կլինի, շատ հնարավոր է, որ այդպես է, բայց ընտրել են ինձ, եւ միգուցե ընդհանուր նպատակի համար այժմ լավ կլինի միավորե՞լ ջանքերը»:

«Միայն թե վախենամ` Պուտինը նման բան չասի, քանի որ անպայման պետք է թշնամի ունենալ` ներքին եւ արտաքին, նրանց վրա շատ հարմար է բարդել սեփական անհաջողությունները», - եզրափակում է Անդրեյ Մակարեւիչը:

Տեւական ժամանակ Մակարեւիչը հեռու էր մնում քաղաքականությունից եւ խնդրում էր իրեն չքաղաքականացնել` հատկապես Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած սկանդալից հետո:

Իսկ սկանդալը տեղի ունեցավ անցած տարվա նոյեմբերի սկզբին Կեմերովոյում կազմակերպված համերգի ժամանակ, որտեղ ելույթ էր ունենում Մակարեւիչի խումբը։ Բեմ բարձրացավ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչը եւ հայտարարեց, որ համերգը իրենց կուսակցության հովանու ներքո է անցնում։ Այս հայտարարությունը մեծ վրդովմունք առաջացրեց հանդիսատեսների շրջանում, ովքեր սկսեցին սուլել եւ պահանջել վերադարձնել իրենց գումարները:

Համերգից հետո Մակարեւիչը հատուկ հարցազրույց տվեց, որում ասաց, որ իրենք տեղյակ չէին «Եդինայա Ռոսիա»-ի այդ հայտարարության մասին, դա տհաճ անակնկալ էր իրենց համար, հայտարարությունը ի սկզբանե նախատեսված չէր եւ արվել էր առանց զգուշացման:

Նույն հարցազրույցում երաժիշտը խնդրեց իրեն ո՛չ իշխանության եւ ո՛չ ընդդիմության ճամբարները չխցկել, չքաղաքականացնել իր գործունեությունը, եւ նույնիսկ երգ էր գրել նախընտրական այդ վիճակի մասին` որ յուրաքանչյուր կուսակցություն այժմ փորձում է իրեն ներքաշել սեփական ճամբար` առանց իր կամքը հարցնելու, ավելի պատկերավոր` «ներկել իրենց գույներով»։

Ու չնայած իրեն չքաղաքականացնելու այս կոչերին` Մակարեւիչը հետագայում անթաքույց սատարում էր նախագահի թեկնածուներից գործարար Միխայիլ Պրոխորովին: Երբ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինը առաջադրելու է իր թեկնածությունը, ռոք երաժիշտը հայտարարեց, որ խիստ հիասթափված է Կրեմլ վերադառնալու Պուտինի որոշմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG