Մատչելիության հղումներ

Հյուսիսային պողոտայի բնակիչները բողոքում են կոմունալ ծառայությունների գներից


Երեւանի Հյուսիսային պողոտայում գտնվող երկու շենքերի բնակիչները բողոքում են, թե իրենց բնակարաններ տաք ու սառը ջուր, ինչպես նաեւ ջեռուցում, իսկ ամռանն էլ սառ օդ մատակարարող «Նորդ Ավենյու» ընկերությունը նշվածը իրենց վաճառում է մի քանի անգամ բարձր գներով, իսկ բնակիչներն էլ այլընտրանք չունեն, քանի որ համապատասխան ենթակառուցվածքները` կաթսայատուն, խողովակներ, պատկանում են այդ ընկերությանը:

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեցին Հյուսիսային պողոտայի թիվ 4 եւ 6 շենքերի բնակիչները, իրենք չեն կարող նաեւ ստեղծել նոր ենթակառուցվածքներ, քանի որ շենքերին կից գտնվող բակը, որը շրջակայքում միակ տարածքն է, ուր հնարավոր է տեղակայել կաթսայատուն, նույնպես պատկանում է «Նորդ Ավենյու» ընկերությանը: Արդյունքում, ըստ բնակիչների, ստացվում է այսպես` կա՛մ իրենք պետք է գնեն «Նորդ Ավենյուի» մատակարարած մի քանի անգամ թանկ ջուրն ու օդափոխման համակարգը, կա՛մ մնան առանց ջրի, ջեռուցման եւ օդափոխման համակարգի:

Հյուսիսային պողոտայի թիվ 4 եւ 6 շենքերը Թումանյան փողոցի մոտ գտնվող շենքերն են. թիվ 4-ը դա աշտարականման հայտնի շենքն է, որի առաջին հարկում է գտնվում «Արմենթել» ընկերության սպասարկման սրահը, իսկ թիվ 6-ը` կից շենքն է:

Հյուսիսային պողոտա թիվ 6 շենքի բնակիչ Պեդրո Ծառուկյանի ներկայացմամբ, օրինակ մեկ խորանարդ մետր տաք ջուրը, որի ջերմաստիճանը չի անցնում 45 աստիճանից, «Նորդ Ավենյու» ընկերությունը իրենց վաճառում է 3100 դրամով այն դեպքում, երբ «Երեւան ջուրը» մեկ խորանարդ մետր սառը ջուրը քաղաքի բնակիչներին վաճառում է մոտ 180 դրամով:

«Մեզ գազ չեն տվել եւ տեղ չկա ենթակառուցվածք դնելու: 3100 դրամ տաք ջրի համար եւ 24 դրամ ջեռուցման համար, որը Հյուսիսային պողոտայի մյուս շենքերից 2-3 անգամ թանկ է, եւ ընդհանուր Հայաստանից` 4-5 անգամ թանկ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեց Ծառուկյանը: - «Մենք նույնիսկ «Երեւան ջուր»-ին խնդրել ենք, որ խողովակներ բերեն մեր շենքը, որ մենք կարողանանք մի կերպ ջուր ստանանք, բայց նրանք ասում են` այստեղ մոտակայքում խողովակ չկա, բոլոր խողովակները շինարարի բակի տարածքով է գնում, ուրիշ միջոց չկա, որ մենք ջուր ստանանք»:

Ըստ բնակիչների, իրենց բողոքի հետեւանքն այն է եղել, որ ընկերությունը երկու անգամ ուղղակի անջատել է ջուրը:

Հյուսիսային պողոտա թիվ 6 շենքի մեկ այլ բնակիչ Գագիկ Սաֆարյանի կարծիքով, կառուցող ընկերությունն այնպես է արել, որ շենքի բնակիչները շենքի սպասարկման այլընտրանք չունենան եւ ստիպված գնեն ընկերության թանկ ծառայությունները:

«Հենց ի սկզբանե է այս ամբողջը կատարված: Այսինքն մենք ոչ կարող ենք ջրի բաժանորդ լինել, ոչ կարող ենք տաք ջուր ունենալ, ոչ կարող ենք գազ ունենալ: Մենք բացարձակապես այլընտրանք չունենք», - ասաց Սաֆարյանը:

Բնակիչների խոսքով, յուրաքանչյուր ամիս տաք եւ սառը ջրի, ինչպես նաեւ օդափոխիչ համակարգի ծառայությունների դիմաց իրենք վճարում են մինչեւ 200 հազար դրամ:

Նախկինում, ըստ նրանց, վիճակն ավելի վատ էր, քանի որ նույն ընկերությունն էր իրականացնում շենքի սպասարկման աշխատանքները, որը ենթադրում է շենքի պահպանության իրականացում, մաքրման աշխատանքներ եւ ընթացիկ վերանորոգում: Բնակիչները նշում են, թե անցած տարիների ընթացքում վերանորոգում ընդհանրապես չի եղել, որի հետեւանքով տանիքը սկսեց կաթել, իսկ այն բանից հետո, երբ անցած տարվանից շենքի մաքրման ու պահպանության աշխատանքները բնակիչները վերցրեցին իրենց վրա` ստեղծելով համատիրություն, պարզվեց, որ այդ գործը կարելի է անել շատ ավելի էժան գներով:

Այժմ գործը դատարանում է: Բնակիչները դատարանից պահանջում է անվավեր ճանաչել շենքի բակի եւ բակում կառուցված կաթսայատան նկատմամբ «Նորդ Այլենդի» սեփականության իրավունքի պետական գրանցումը եւ բակն ու կաթսայատունը՝ իր բոլոր սարքավորումներով, ճանաչել շենքի սեփականատերերի սեփականություն:

Ըստ բնակիչների, նշված երկու շենքերը կառուցել է «Նորդ Այլենդ» ընկերությունը, որը պատկանում է «Հարությունյան եւ գործընկերներ» իրավաբանական գրասենյակին, որն էլ իր հերթին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի եղբորն է պատկանում: «Նորդ Այլենդ» ընկերությանն է պատկանում նշված բակը եւ բակում գտնվող կաթսայատունը, որը ընկերությունը վարձակալության է տվել վերոհիշյալ «Նորդ Ավենյու» ընկերությանը, որն էլ ջուրը եւ օդափոխիչ համակարգի ծառայությունները վաճառում է բնակիչներին:

Այսօր մենք կապվեցինք «Նորդ Ավենյու» ընկերության տնօրեն Մարտին Եդիգարյանի հետ, սակայն նա հրաժարվեց հարցազրույց տալ: Իսկ նրա փաստաբան Գեւորգ Մինասյանի հետ կապվել չհաջողվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG