Մատչելիության հղումներ

Կին ոստիկանի տոնական օրը


Նելլի Դուրյան
Նելլի Դուրյան

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը ծաղիկների մեծ սիրահար է:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ առհասարակ սիրում է գարնան հետ կապված ամեն ինչ, քանի որ գարնանն են սկսում ծաղկել իր շատ սիրելի ծաղիկները, եւ այգին արդեն հնարավոր է մշակել: Մարտի 8-ը Նելլի Դուրյանի համար նախեւառաջ քրոջ ծննդյան օրն է, բայց տոնը նշում են նաեւ աշխատավայրում։

«Մեր կոլեգաները առավոտվանից մեզ շնորհավորեցին, որի համար շատ շնորհակալ ենք, որ նույնիսկ այդ ծանր աշխատանքում չեն մոռանում, որ իրենց կողքին կանայք են, եւ շնորհավորում են», - ասաց նա:

Սակայն հավելեց, որ մարտի 8-ի ամենայուրահատուկ եւ հաճելի անակնկալներն իր երեխաներն են անում ՝տղան եւ աղջիկը. - «Հիշում եմ՝ մի անգամ գիշերը աչքերս բացեցի եւ տեսա, որ կողքս դրված են իմ սիրելի ծաղիկները: Գիտեմ, որ այսօր էլ մի բան պատրաստել են, բայց դեռ չեն ասում՝ ինչ»:

Իր վկայությանբ՝ ոստիկանական համակարգում է ծնված օրվանից. ծնողները ոստիկաններ էին, մանկապարտեզն ու ճամբարը եւս ոստիկանական էին, ինքն էլ փոքր տարիքից կարդում էր քննչական պրակտիկայի գրքեր, սակայն մայրն իր երեք աղջիկների համար այլ մասնագիտություն էր նախատեսել։

«Մայրս դեմ էր, որ ես ոստիկան դառնամ: Ուզում էր, որ ես լեզուներ սովորեմ, բայց ես ապացուցեցի, որ ոստիկանությունում աշխատելն իմ կոչումն է, եւ առ այսօր ինձ ոչ մի այլ աշխատանք կատարելիս չեմ պատկերացնում», - ասաց Նելլի Դուրյանը:

Այժմ աշխատում է իրավախախտ անչափահասների հետ, եւ հարցին՝ օգնո՞ւմ, թե՞ խանգարում է կին լինելու հանգամանքը ոստիկանական համակարգում աշխատելիս, զրուցակիցս պատասխանեց. - «Այժմ, երբ անչափահասների հետ եմ աշխատում, կին լինելն ավելի օգնում է, դա ավելի վստահություն է ներշնչում նրանց, ավելի շուտ են կոնտակտի մեջ մտնում»:

Նրա խոսքերով, շատ շնորհակալ աշխատանք է` ոչ թե այն բանի համար, որ այդ երեխաները մեծանալով իրեն շնորհակալություն են հայտնում, այլ երբ տեսնում է, որ այլեւս օրինազանցություններ չեն անում:

Իսկ մարտի 8-ի կապակցությամբ կանաց մաղթեց հարգված լինել. - «Թեկուզ ամենաչնչին բանով ուրախանան, ամեն պահով, որովհետեւ, կարծում եմ, կյանքը կարճ է, բավականին կարճ»:


please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG