Մատչելիության հղումներ

Մարտի 8-ի մամուլ


«Առավոտի» խմբագիրը հիշում է. - «Մեր երիտասարդ երկրի 20-ամյա պատմության մեջ շատ բաներ են պատահել, որոնցից ես ամաչում եմ, նույնքան շատ բաներ, որոնցով ես հպարտ եմ: Այդ երկրորդ կատեգորիային են պատկանում հայաստանցի կանայք: Նրանք, ովքեր երկրից չեն գնացել եւ իրենց ընտանիքներով մնացել են Հայաստանում: Ինչպես շատ այլ հարցերում, սեռերի հարաբերությունների հարցում մենք բարդույթավորված ենք: Ընդ որում, երբ ես նայում եմ, թե ինչպես են շփվում այսօրվա տղաներն ու աղջիկները, ինձ, որքան էլ դա տարօրինակ հնչի, թվում է, թե այսօրվա երիտասարդներն ավելի բարդույթավորված են (իրենց լեզվով ասած՝ «քյարթ»), քան մենք էինք 70-80-ականներին: Եվ դա՝ այն դեպքում, երբ խորհրդային ռեժիմը առանձնապես ազատ դրսեւորվելու հնարավորություն չէր տալիս: Գուցե իր դերն է խաղում մշակութային ընդհանուր անկումը: Կամ էլ՝ պարզապես այսօրվա երիտասարդներն ավելի պահպանողական են եւ ավանդապաշտ»:

«Հայոց աշխարհը» գրում է. - «Ազգային ժողովի գլխավոր դժբախտությունն այն չէ, որ ընտրվում է սխալ ընտրակարգով։ Եվ ոչ էլ նույնիսկ, ներեցեք, այն, որ ընտրություններում տեղի են ունենում ինչ-որ խախտումներ։ Պարզապես մարդիկ լավ չեն հասկանում, թե ինչի համար է այն ընդհանրապես պետք։ Մասնագետն էլ միանգամից չի պատասխանի, եթե հարցնեք, թե ինչով է, ըստ էության, խորհրդարանը մեզանում տարբերվում նախագահականի կամ կառավարության իրավաբանական բաժնից։ Իսկ իրավաբանական բաժիններ ընտրելը, թեկուզ մեծամասնական, թեկուզ համամասնական ընտրակարգով, ձանձրալի ու անիմաստ զբաղմունք է։ Սակայն պատգամավոր դառնալ ցանկացողների թիվը դրանից ակնհայտորեն չի նվազում։ Եվ բոլորն էլ, բնականաբար, ցանկանում են խորհրդարան մտնել համամասնականով, ինչը կուսցուցակներ կազմողներին դնում է դժվարին կացության մեջ։ Այստեղ նույնիսկ տասը քայլ առաջ հաշվարկող շախմատիստը կարող է մանկական մատ բաց թողնել»:

«168 ժամի» թղթակիցը ՀԺԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանին հարցնում է. - «Ինչպե՞ս եք գնահատում այն չորս կառույցների քայլը, որոնք հայտարարել են, թե ՀԱԿ-ի հետ ընտրություններին չեմ մասնակցի»: Պատասխան. - «Միայն Սամվել Հարությունյանն է հայտարարել, այն էլ դեռ որոշակի չէ: Ես վերջնական չհասկացա, դո՞ւրս էր գալիս, թե՞ դուրս չէր գալիս: Նրանք հայտարարել են, որ չեն մասնակցում ընտրություններին»: Հարց. - «Ի վերջո, Ձեր կարծիքով` Կոնգրեսում առաջացած այդ տարաձայնության պատճառը ո՞րն էր, իսկապե՞ս մարտավարության հետ կապված խնդիր կար: Թե՞ տարաձայնությունը համամասնական ցուցակի հետ է կապված: Չէ՞ որ այդ տարաձայնությունն առաջացավ համամասնական ցուցակի քննարկման ընթացքում»: Պատասխան. - «Դա իրենք թող ավելի պարզ ասեն, որովհետեւ մինչեւ այդ հունվարի 30-ին մենք որոշում էինք ընդունել, որ բոլորս` նաեւ այդ չորսը մասնակցում ենք ընտրություններին: Փաստորեն, այս փուլում այդ չորսը հայտարարեցին, որ իրենք չեն ցանկանում մասնակցել ընտրություններին, բայց մնում են ՀԱԿ-ի մեջ: Խնդիր չկա: Նորմալ երեւույթ է, չեն ուզում, չեն մասնակցում: Օրինակ, ես էլ չեմ ուզում մասնակցել ընտրություններին»:

«Երկիրի» մեկնաբանը նույն թեմայով գնում է ավելի խորը վերլուծությունների. - «Հիմա ՀԱԿ-ը կանգնած է թերեւս ամենակարեւոր զտիչի` խորհրդարանական ընտրությունների առջեւ: Այս երկվությունը սքողել Տեր-Պետրոսյանին հաջողվում էր միայն իր նախկին հեղինակությունից մնացած իներցիայի շնորհիվ, թեեւ իշխանությունների հետ բանակցություններից հետո այլեւս պարզ էր, որ դա երկար շարունակվել չէր կարող: Եվ երբ նա ԲՀԿ-ին ուղղված իր «քաղաքագիտական վերլուծություններով» երկրորդ անգամ մտավ նույն ջուրը, դա փաստացի տվեց ՀԱԿ-ի փլուզման մեկնարկը: Դժվար է ասել, երբ ՀԱԿ-ը վերջնականապես կփլուզվի՞ մինչեւ ընտրացուցակների ներկայացման վերջնաժամկետը: Գուցե հաջողվի ցուցակը ձեւավորելու խնդիրը Տեր-Պետրոսյանին թողնելու միջոցով հաղթահարել նաեւ այս պատնեշը: Բայց խորհրդարան մտնելուց հետո, երբ գա կոնկրետ խնդիրների վերաբերյալ կոնկրետ դիրքորոշումներ հայտնելու պահը, դա դառնալու է անխուսափելի: Չի բացառվում, որ Տեր-Պետրոսյանի համար քաղաքական պայքարի այս շրջափուլի մաքսիմում ծրագիրը հենց դա է. ՀԱԿ-ին հասցնել մինչեւ խորհրդարան եւ, նրա առաջ մաքրած լինելով բոլոր հաշիվները, հանգիստ խղճով հեռանալ»:

«Ժամանակի» մեկնաբանը գրում է. - «Պատասխանելով Լեւոն Տեր-Պետրոսյանին` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հիշատակել էր այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններում երբեք չի պարտվել` ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի: Այդ հիշատակումն ինքնին բավական է` եզրակացնելու համար, որ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն չի կարող ունենալ կառուցողական տարրեր, որովհետեւ դրանով նա փաստացի գնահատական է տալիս Հայաստանի ընտրական համակարգին եւ այդ համակարգը լեգիտիմ համարում: Բանն այն է, որ եթե Քոչարյանը 1998 թվականի եւ 2003 թվականի իր ընտրությունները համարում է հաղթած ընտրություններ, ապա այդ մտածողությամբ գործիչը իրապես տեղ չունի Հայաստանի քաղաքական կյանքում, քանի որ բացարձակապես չի համապատասխանում նոր ժամանակի պահանջներին եւ ադեկվատ չէ նոր զարգացումներին եւ երկրի առջեւ կանգնած մարտահրավերներին: Ռոբերտ Քոչարյանը հաստատել է քրեաօլիգարխիկ միջավայրի իշխանություն. բյուրեղացրել է 90-ականների առաջին կեսից սաղմնավորվող այդ միջավայրը, ինստիտուցիոնալացրել եւ հասցրել իր գագաթնակետին` Մարտի 1-ին, պետությանը հասցնելով աննախադեպ հարված: Եվ եթե այժմ Ռոբերտ Քոչարյանը ունի հրապարակային ասելիք, ապա դա պետք է վերաբերի ամենից առաջ հենց Մարտի 1-ին»:

please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG