Մատչելիության հղումներ

Լրագրողները քննադատում են ԿԸՀ-ի հավատարմագրման կարգը


Լրագրողական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում «աբսուրդ» եւ «խայտառակություն» որակեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) լրագրողների հավատարմագրման կարգը: Շատերը դա համարում են խորհրդարանական ընտրությունների նախաշեմին լրագրողների աշխատանքի խոչընդոտմանն ուղղված քայլ:

Հանձնաժողովի որոշմամբ ընդունված այս կարգը սահմանում է, որ ԿԸՀ-ում հավատարմագրվելու իրավունք ունեն այն լրագրողները, որոնք «ընտրական հանձնաժողովների, պաշտոնատար անձանց գործունեության մասին չեն տարածել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ» (ինչը պետք է հաստատված լինի դատարանի վճռով): Հավատարմագրվող լրագրողը պետք է նաեւ նախկինում դատապարտված չլինի դիտավորյալ հանցագործության համար, եթե դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ հանված չէ: Հավատարմագրվելու իրավունք չունեն նաեւ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ լրագրողները: Եթե լրագրողը չհամապատասխանի այս չափանիշներին, ապա նրա հավատարմագրումը կարող է մերժվել, կամ եթե հավատարմագրված է, դադարեցվել:

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը, ով մեկ ամիս առաջ ձերբակալվել էր վրաերթի, իր բնորոշմամբ, «շինծու եւ սարքված» գործի շրջանակներում եւ դեռ մեղադրյալի կարգավիճակում է, ծիծաղելի համարեց ԿԸՀ-ում հավատարմագրման այս կարգը:

«Ինձ եթե հիմա դատեն ավտովթարի համար, ես իրավունք չեմ ունենալու ԿԸՀ-ում հավատարմագրվե՞լ: Այդպես է ստացվում… Հենց այս մի օրինակը բավական է որակումներ տալու համար, աբսուրդ է ուղղակի: Ի՞նչ կապ ունի ավտովթարը ԿԸՀ-ի գործունեության հետ, ուղղակի ծիծաղելի է», - ասաց Գեւորգյանը:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զարմացած էր այդ կարգից.

«Շատ տարօրինակ ու աննախադեպ որոշում է, որովհետեւ նույնիսկ եթե լրագրողը դատված է, իրավունք չո՞ւնի լրագրող աշխատելու: Ի՞նչ է դա նշանակում: Պրոֆեսիոնալ իրավունքից զրկելու խնդի՞ր է դրվում այստեղ, ինչը, ի դեպ, միայն կարող է անել դատարանը: Իսկ ո՞վ է ասում, որ ԿԸՀ-ի պարագայում դատված լրագրողին պետք է արգելեն լուսաբանել, իսկ այլ համակարգերում դատված լրագրողներին կարելի է լուսաբանել: Ամեն դեպքում խայտառակ տեքստ է», - ասաց խմբագիրը:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախկինում դատվածություն ունենալը նույնիսկ պատգամավորության թեկնածու առաջադրվելիս չի խոչընդոտում, օրենսդրական որեւէ սահմանափակում չկա, բայց փաստորեն ընտրական գործընթացները լուսաբանող լրագրողների համար սահմանափակումներ մտցվում են: Եթե Հայկ Գեւորգյանն ու Արմինե Օհանյանը դժվարացան կանխատեսել այդ սահմանափակումների հետեւանքները, ապա Բորիս Նավասարդյանը հատկապես առաջիկա ընտրարշավի եւ ընտրությունների ժամանակ մտահոգիչ հետեւանքները չէր բացառում:

«Ընտրարշավի ընթացքի համար է դա լուրջ սպառնալիք, որովհետեւ այդ ընթացքում կարող է որոշակի դատական գործ բացվել լրագրողի դեմ, դատարանը արագ որոշում կայացնի, որ տարածած փաստերը չեն համապատասխանում իրականությանը, եւ այդ լրագրողի հավատարմագիրը կարող է դադարեցվել: Դա կարող է լուրջ ազդեցություն ունենալ լրատվամիջոցների կողմից ընտրական գործընթացների լուսաբանման համար: Իհարկե, սա ճնշում է լրատվամիջոցի վրա», - կարծում է Նավասարդյանը:

Նավասարդյանը չբացառեց, որ ԿԸՀ-ի կարգով սահմանված սահմանափակումները կարող են անդրադառնալ զրպարտություն եւ վիրավորանք պարունակող հոդվածներ հրապարակելու հիմնավորմամբ դատարանների որոշումներով տուգանված թերթերի լրագրողների վրա:

«Դա մեկնաբանման խնդիր է: Կարող է լրատվամիջոցի դեմ լինի դատարանի որոշումը, բայց եթե հավատարմագրման ներկայացված լրագրողն է տվյալ հոդվածի հեղինակը, ԿԸՀ-ն կարող է դա մեկնաբանել որպես տվյալ լրագրողի կողմից իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածում: Ես հուսով եմ, իհարկե, որ մենք հավատարմագրման մերժման կամ դադարեցման այդպիսի նախադեպեր չենք ունենա, բայց անընդունելի է այդպիսի գործիք տալ ԿԸՀ ձեռքը», - ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահը:

ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ կարգը սահմանելիս հիմնվել են կառավարության 2004 թվականի որոշումներից մեկում ամրագրված դրույթների վրա: Նա նաեւ պնդեց, որ սա նորություն չէ, եւ 2004-ից ԿԸՀ-ում հավատարմագրման այդ կարգը գործել է: Չնայած Մուկուչյանի այս պնդմանը, նախկինում ԿԸՀ-ում հավատարմագրված լրագրողները փոխանցում էին, որ նման բան առաջին անգամ են լսում:

Ինչ վերաբերում է կարգի հետ կապված մտահոգություններին, ապա Տիգրան Մուկուչյանը չբացառեց, որ աղմուկ առաջացրած դրույթները կարող են հանվել. - «Մեզ էլ է ծանոթ այդ մտահոգությունը, մտահոգությունները քննարկվում են եւ առաջիկայում այդ քննարկման արդյունքը հայտնի կլինի», - ասաց նա:

Հարցին, թե հրարավո՞ր է փոփոխություն մտցվի հավատարմագրման կարգում, Մուկուչյանը պատասխանեց. - «Ամեն ինչ էլ հնարավոր է»:

please wait

No media source currently available

0:00 0:05:05 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG