Մատչելիության հղումներ

Սահակաշվիլի. «Ադրբեջան - Վրաստան միությունը ուժեղ է քան երբեւէ»


Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահները, արխիվ
Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահները, արխիվ
Վրաստանն ու Ադրբեջանը մտադիր են համատեղ հայտ ներկայացնել 2020 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը իրենց երկրներում անցկացնելու համար: Այս մասին Բաքվում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։

Այսօր նա ելույթ է ունեցել Ադրբեջանի Միլի մեջլիսում: 10 րոպեից ավելի նա պատմական ակնարկներ է արել երկու երկրների բարեկամության մասին, բազմաթիվ մեջբերումներ արել երկու ժողովուրդների մտավորականների, աշուղների խոսքերից եւ երգերից, անգամ ադրբեջաներեն բառեր է օգտագործել։

Խոսելով երկու ժողովուրդների անկախության ձգտումներից` Սահակաշվիլին մեջբերել է Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության խորհրդարանի նախագահ Մամես էմին Ռասուլզադեին, որն ասել էր, թե մի անգամ բարձրացված դրոշն այլեւս չի իջնի:

Խոսելով նոր մարտահրավերների մասին` նա անդրադարձել է Եվրասիական միություն ստեղծելու Կրեմլի մտադրություններին, ասելով` նախկին Միության դիակը վերակենդանացնելու փորձերը դատապարտված են ձախողման։

Վրաստանի նախագահը ասել է, որ պատմության ընթացքում այդ ծրագիրը տարբեր անվանումներ է ունեցել, հարեւաններին գրավելու ռուսական մեծապետական ծրագրերը տարբեր ժամանակներում տարբեր անվանումներ են ունեցել, բայց Ռուսաստանի հարեւանների համար հիմնական էությունը մնում է նույնը:

Նա վստահություն է հայտնել, որ Կրեմլի այդ ծրագիրը հաջողություն չի ունենա, քանի որ մարդիկ չեն հրաժարվի ազատությունից, անկախությունից եւ սեփական ճանապարհն ընտրելու իրենց իրավունքից:

Խոսելով Ադրբեջան - Վրաստան հարաբերություններից` Սահակաշվիլին դրանք գնահատել է որպես ավելին քան ռազմավարական, ասելով, թե Ադրբեջան - Վրաստան միությունը այսօր ուժեղ է քան երբեւէ:

Նա ասել է, թե ցանկանում են այդ հարաբերությունները հետագայում ավելի զարգացնել, հայտնելով, որ երեկ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել են փոխշահավետ կոնկրետ եւ տպավորիչ ծրագրեր:

Սահակաշվիլին հայտարարել է, թե ոչ մեկը չպետք է անհանգստանա` Վրաստան - Ադրբեջան միությունը ոչ մեկի դեմ ուղղված չէ: Եվ նույնիսկ ասել է, թե դա սիրո նման է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG