Մատչելիության հղումներ

ՀՀԿ նախընտրական ծրագիրը կազմում է վարչապետ Տիգրան Սարգսյանը


Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյան
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյան
Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը կազմելու խնդիրը դրված է վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«Այս պահին մենք պարզապես վարչապետի միջոցով մեր նախընտրական ծրագիրն ենք կազմում: Այդ խնդիրը, որպես [ՀՀԿ] գործադիր մարմնի անդամ, դրված է Տիգրան Սարգսյանի վրա. նախընտրական ծրագրի ե՛ւ սկզբունքները, ե՛ւ կազմելը, ե՛ւ պարբերաբար էլ այստեղ շտաբում քննարկումներ ենք անում ծրագրի այս կամ այն դրույթի կապակցությամբ», - պարզաբանեց Գալուստ Սահակյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է Տիգրան Սարգսյանը վերջին շրջանում ակտիվ մարզային այցելություններ կատարում եւ հանդիպումների ընթացքում էլ տարբեր խոստումներ տալիս ընտրողներին:

Հարցին, թե ինչո՞ւ հենց վարչապետը պետք է այդ նախընտրական ծրագիրը կազմի, Հանրապետականի փոխնախագահը պարզաբանեց, որ նման որոշում է կայացրել ՀՀԿ-ի գործադիր մարմինը, որը հիշեցնենք` ղեկավարում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այդպես ենք որոշել` գործադիր մարմնի յուրաքանչյուր անդամ իր խնդիրն ունի», - նշեց Գալուստ Սահակյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը կազմելու գործընթացին չի մասնակցում նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանն ասաց, թե Աբրահամյանը կազմակերպչական հարցերով է զբաղվում:

Նկատենք, որ անցած տարվա դեկտեմբերին Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո Հովիկ Աբրահամյանը որեւէ հրապարակային հայտարարությամբ հանդես չի եկել: Նրա` որպես շտաբի պետի գործունեությունը անցած ամիսների ընթացքում որեւէ կերպ չի լուսաբանվել, մինչդեռ վարչապետի այցերը մարզեր մանրակրկիտ լուսաբանվում են: Ավելին` վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը առանձին-առանձին են մարզեր այցելում:

Նշենք, որ մամուլը հաճախ է անդրադառնում Սարգսյան – Աբրահամյան հակասությանը եւ դրա արդյունքում քաղաքական գործընթացներից Հովիկ Աբրահամյանին մեկուսացնելու խնդրին, մինչդեռ Գալուստ Սահակյանի փոխանցմամբ, որեւէ հակասություն չկա: Պարզապես հնարավոր չէ, որպեսզի վարչապետն ու ՀՀԿ շտաբի պետը միասին այցելեն մարզեր:

«Վարչապետը գնացել էր Սյունիք ծրագրային խնդիրներ լուծելու, Հովիկ Աբրահամյանը Սյունիք էր գնացել կազմակերպչական հարցերը ուսումնասիրելու: Բայց այդ աշխատանքների լուսաբանումը ո՞րն է: Լուսաբանվի, թե որտեղ ենք որոշել, որ շտաբը պիտի լինի եւ այդ շտաբում քանի՞ ակտիվ հանրապետական պիտի լինի: Կազմակերպչական հարցեր են», - այս առնչությամբ պարզաբանեց Հանրապետականի փոխնախագահը:

Գալուստ Սահակյանը չհամաձայնեց նաեւ այն պնդումներին, թե վարչապետը ժամանակից շուտ նախընտրական քարոզարշավ իրականացնելով` խախտում է օրենքը: Նշենք, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի քարոզարշավը սկսվում է ապրիլի 8-ից: Հանրապետական փոխնախագահի համոզմամբ, բոլոր քաղաքական ուժերն էլ քարոզչությամբ կարող են զբաղվել, բայց վարչապետը տվյալ դեպքում քարոզչություն չի անում:

«Ցանկացած կուսակցություն կարող է քարոզչությամբ զբաղվել` դա օրենքի խախտում չէ: Ինչ խոսք, եթե վերաբերում է վարչապետին, նա ոչ թե քարոզչական աշխատանք է կատարում (որը օրենքով չի էլ արգելվում), այլ մենք արդեն իսկ վերջացնում ենք մեր ընտրական ծրագիրը, որը պիտի հրապարակենք», - ասաց Գալուստ Սահակյանը ու հավելեց որ դա` «աշխատանքի ժամին չի կատարվում, հիմնականում շաբաթ-կիրակի օրերն են կամ աշխատանքից հետո»:

Չնայած որ Հանրապետականի նախընտրական ծրագիրը գրեթե պատրաստ է, սակայն Գալուստ Սահակյանի փոխանցմամբ, կուսակցությունն այդպես էլ չի քննարկել իր համամասնական ցուցակի հարցը: Այդ խնդիրը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը կքննարկի շաբաթ օրը տեղի ունենալիք Հանրապետական կուսակցության համագումարից հետո:

Համագումարում Սերժ Սարգսյանը, Գալուստ Սահակյանի փոխանցմամբ, հանդես կգա քաղաքական վերլուծությամբ:

«Իսկ ցուցակների հարցը կքննարկենք երեւի համագումարից հետո` 12-ից հետո մի 6 օրվա մեջ կարծում եմ պատրաստ կլինեն նաեւ ցուցակները», - ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահը:

please wait

No media source currently available

0:00 0:03:59 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG