Մատչելիության հղումներ

«Շատ լուրջ տարաձայնություններ»` ՀԱԿ-ի ներսում


Հայ ազգային կոնգրեսի առաջնորդները Երեւանի փողոցներով երթի ժամանակ, արխիվային լուսանկար
Այսօր պաշտոնապես հայտարարելով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նախընտրական դաշինքում ընդգրկվելուց եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու` «Հայ կամավորականների համախմբում», «Ազգային վերածնունդ», «Հայրենիք եւ պատիվ», «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունների որոշման մասին` «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ներկայացուցիչ Սամվել Հարությունյանը պարզաբանեց, որ պատճառը դաշինքի հետ «շատ լուրջ տարաձայնություններն են»:

Տարաձայնությունները, Հարությունյանի խոսքով, կապված են Կոնգրեսի համամասնական ցուցակի, ինչպես նաեւ «ռազմավարական եւ մարտավարական հարցերի հետ»: Սամվել Հարությունյանի համար «վիրավորական է», որ ցուցակը «վերջնական տեսքի բերելու պարտականությունը» դրվել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա:

«Ո՞րն է լավ, կոլեգիալ այդ ուժերով ընդունելը, թե՞ մի անձի արտոնել, պատվիրակել… որքան էլ նա հարգանքի արժանի է: Ես կտրականապես դեմ եմ, եւ որ ինձ դեմ տվեցին, որպեսզի ստորագրեմ, որ մենք` Կոնգրեսին անդամակցող քաղաքական ուժերս, պատվիրակում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին կազմելու Կոնգրեսի համամասնական ցուցակը, ես ինձ վիրավորված զգացի: Ոչ թե նրա համար, որ նրան պակաս եմ հարգում, այլ նրա համար, որ մենք պետք է միասին որոշենք, էնպես, ինչպես երեքուկես տարի կոնսենսուսով ենք կարողացել որոշումներ ընդունել», - այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Հարությունյանը:

ՀԱԿ-ի այն հիմնավորման առնչությամբ, որ ՀԱԿ անդամ ուժերի միջեւ տեւական քննարկումների արդյունքում չի հաջողվել ցուցակի հարցում փոխհամաձայնության գալ, այդ պատճառով է ցուցակը «վերջնական տեսքի բերելու պարտականությունը» դրվել Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա, Հարությունյանը հայտարարեց, որ ցուցակի հետ կապված Կոնգրեսի անդամ 13 կուսակցություններին հաջողվել էր հասնել փոխհամաձայնեցված տարբերակի, սակայն 5 ուժերը` ՀՀՇ-ի գլխավորությամբ «վիժեցրել են կոնսենսուսի հասնելու ձգտումը» (խոսքը «Այլընտրանք» նախաձեռնության, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության, Հայաստանի լիբերալ կուսակցության ու ՀԺԿ-ի մասին էր):

«Համամասնական ցուցակի սկզբունքների հետ կապված 13 ուժերը եկել էին հետեւյալ համաձայնության, որ յուրաքանչյուր 3 տասնյակի յուրաքանչյուր տասնյակում 7 հոգի պետք է ներկայացնեն ՀԱԿ-ին անդամակցող քաղաքական ուժերը (7 քաղաքական ուժեր) եւ երեք հոգի այլ արժանավորներ` քաղբանտարկյալ, մտավորական, երիտասարդ եւ այլն …Բայց սկզբում ՀՀՇ ներկայացուցիչը ներկայացրեց 6 կուսակցականներ եւ 4 անկուսակցական արժանավորներ, իսկ դրանից երկու օր հետո ասացին, որ փոխել են իրենց մոտեցումը եւ գտնում են, որ ճիշտը 5/5-ն է», - հայտարարեց ՀԱԿ-ում «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ներկայացուցիչը:

«Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող էր ընդամենը շշնջալ ՀՀՇ ղեկավարներին, որ բարի եղեք հանուն կոնսենսուսի ընդունել այդ առաջարկը, ինչպես նրանք հաճախ ընդունել են, եւ անմիջապես այդ կոնսենսուսին կհասնեինք: Չի' եղել», - շարունակեց նա:

Սամվել Հարությունյանը չպարզաբանեց, թե ինչու էին այդքան շահագրգռված, որպեսզի ցուցակի յուրաքանչյուր տասնյակի 7 տեղերը հատկացվեն դաշինքի մաս կազմող ուժերին, այլ ոչ թե` 5-ը: Բայց նա միաժամանակ պնդում էր, որ խնդիրն իրենց մանդատները չեն` ոչ ինքը, ոչ դաշինքում ընդգրկվելուց հրաժարված մյուս 3 ուժերի ղեկավարները «նախանձախնդրություն հանդես չեն բերել անգամ իրենց անունը տեսնել ցուցակում»:

Բայց ՀԱԿ-ի նախընտրական դաշինքում չընդգրկվելու գլխավոր պատճառը «Հայ կամավորականների համախմբման» ներկայացուցիչը համարում է ոչ թե սա, այլ Կոնգրեսի մարտավարությանը համաձայն չլինելը: Նա համոզված է, որ Կոնգրեսը պետք է «արմատական եւ կտրուկ դիրքերից» հանդես գար` տարբեր ակցիաներով, ընդհուպ մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Ազատության հրապարակում անժամկետ նստացույց եւ հացադուլ հայտարարելը, պայքարեր Սերժ Սարգսյանի հրաժարականին ու մայիսի 6-ին արտահերթ նախագահական ընտրությունների հասնելու համար: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է անձամբ ինքը հունվարի 30-ին միացել նախընտրական դաշինքով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու` Կոնգրեսի որոշմանը, ինչո՞ւ է բարեխղճորեն մասնակցել վերջին ամսում նախընտրական ցուցակի վերաբերյալ նախ քաղխորհրդի բոլոր քննարկումներին, այնուհետեւ միջկուսակցական ձեւաչափով ամենօրյա քննարկումներին, Հարությունյանը պատասխանեց. - «[Հերթական ընտրություններին] չենք կարող չգնալ, որովհետեւ արդեն հրամանագիրը կա, ընտրությունների օրն է նշանակված անգամ»:

Սամվել Հարությունյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ի քաղխորհրդի կազմից դուրս է գալիս, բայց ՀԱԿ-ը լքելու մասին ոչինչ չասաց: ՀԱԿ-ի նախընտրական դաշինքում ընդգրկվելուց հրաժարված մյուս ուժերը առայժմ պարզաբանումներով հանդես չեն գալիս:

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս կուսակցությունների որոշման մասին միայն հետեւյալն ասաց. - «Հայ ազգային կոնգրեսը միշտ էլ հարգել է իր անդամակից կուսակցությունների դիրքորոշումը: Մեր հռչակագրի դրույթներից մեկում ասված է, որ ամեն անդամակից կուսակցություն ինքն է ընտրում որեւէ ընտրությանը իր մասնակցության ձեւաչափը»:

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG