Մատչելիության հղումներ

Շարունակվում է Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի հանդիպումը, Բրյուսել, 5-ը մարտի, 2012թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի հանդիպումը, Բրյուսել, 5-ը մարտի, 2012թ.

Հայաստանի ղեկավարը հանդիպում է Բելգիայի, Եվրամիության եւ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարների հետ։

Երկուշաբթի օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Բելգիա, որտեղ տեղակայված են եվրոպական մի շարք քաղաքական կառույցների, ինչպես նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանները։

Նույն օրը Բրյուսելում Սերժ Սարգսյանին ընդունել են Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունը եւ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի պատգամավորները:

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի` Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու եւ խորացնելու բազմաբնույթ կապերը Բելգիայի հետ, որն իր զարգացած տնտեսությամբ կարող է Հայաստանի համար լավ օրինակ հանդիսանալ բարեփոխումների իրականացման ճանապարհին:

Նախագահը Բրյուսելում նշել է, որ Հայաստանը եւ Բելգիան չափերով համադրելի երկրներ են, եւ Հայաստանում Բելգիան մշտապես ընկալվել է որպես ուսանելի զարգացման մոդել։

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանականներին եւ օգտվելով առիթից` մեկ անգամ եւս կարեւորել է Բելգիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:

Երեկ նախատեսված էր նաեւ նախագահի հանդիպումը Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Այսօր այցը շարունակվում է։ Ըստ «Ազատւթյուն» ռադիոկայանի Բրյուսելում հավատարմագրված թղթակից Ռիկարդ Ջոզվյակի, Երեւանի ժամանակով ժամը 13։30 տեղի կունենա Հայաստանի նախագահի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հանդիպումը։

Ապա նախագահի զրուցակիցները կլինեն Եվրոպական միության ղեկավարները. Երեւանի ժամանակով ժամը 19։30 նա կհանդիպի Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի, իսկ 20-ին` Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի փոխանցմամբ` Հայաստանի ղեկավարի բրյուսելյան այցի վաղվա օրակարգն էլ հագեցած է. նախագահը հանդիպելու է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ինչպես նաեւ Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG