Մատչելիության հղումներ

Իրանում խորհրդարանական ընտրություններ են


Իրան - Գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին պատրաստվում է քվեարկել խորհրդարանական ընտրություններում, Թեհրան, 2-ը մարտի, 2012թ.
Իրան - Գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին պատրաստվում է քվեարկել խորհրդարանական ընտրություններում, Թեհրան, 2-ը մարտի, 2012թ.
Իրանում ուրբաթ օրը խորհրդարանական ընտրություններ են անցկացվում` առաջին համապետական քվեարկությունը 2009 թվականի վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, որոնք, ի վերջո, վերածվեցին արյունալի առճակատման` բարեփոխականների եւ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի միջեւ։

Նախագահի պաշտոնի համար պայքարում Ահմադինեժադի դեմ դուրս եկած երկու թեկնածուները եւ նրանց ղեկավարած ուժերը այսօր ընտրություններին չեն մասնակցում։ Ընդդիմադիր առաջնորդները տնային կալանքի տակ են անցած տարի կազմակերպած զանգվածային ցույցից հետո։

Այդուամենայնիվ, փորձագետները թեժ պայքար են կանխատեսում Մեջլիսի 290 տեղերի համար, առաջին հերթին ներքաղաքական էլիտայում` նախագահի եւ հոգեւոր առաջնորդի միջեւ ի հայտ եկած տարաձայնությունների պատճառով։

Մահմուդ Ահմադինեժադի եւ այաթոլա Ալի Խամենեիի միջեւ հարաբերությունները սկսեցին ակնհայտորեն սրվել անցած տարի, երբ նախագահը փորձեց ընդարձակել իր լիազորությունները գերագույն հոգեւոր առաջնորդի իրավասությունների հաշվին։

Խամենեին հաջողությամբ ձախողեց Ահմադինեժադի այս փորձը եւ անգամ հրապարակավ նսեմացրեց նրան, երբ օգտագործելով վերջին խոսքի իր իրավունքը` չեղյալ հայտարարեց նախագահի որոշումը եւ պաշտոնում վերականգնեց երկրի անվտանգության հարցերով նախարարին։

Հետագայում լարվածությունը է՛լ ավելի սրվեց, երբ պաշտոնանկ արվեցին նախագահի երեք աջակիցները կառավարության կազմում, Ահմադինեժադն էլ հրապարակավ հայտարարեց, թե այս փոխատեղումները քաղաքական նպատակ են հետապնդում։

Այժմ, ըստ վերլուծաբանների, Խամենեիի աջակիցները վճռական են ավելի հեռուն գնալ եւ վերջնականապես թուլացնել նախագահի դիրքերը խորհրդարանում, ինչը նրանց, ամենայն հավանականությամբ, կհաջողվի։

«Ահմադինեժադի աջակիցները շատ թույլ արձագանքեցին Խամենեիի քայլերին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նրանք քվեարկությունից առաջ արդեն համաձայնել են զիջել դիրքերը», - ասում է Վաշինգտոնում աշխատող փորձագետ Ալի Աղշարին։

Ընտրություններին դրսից որեւէ դիտորդ չի հետեւի։ «Նրանց ներկայությունը վիրավորական կլինի Իրանի ժողովրդի համար, որը 1979 թվականից ինքն է որոշում իր ճակատագիրը», - հինգշաբթի օրը հայտարարել է ընտրությունների համար պատասխանատու մարմնի` Պահապանների խորհրդի խոսնակ Աբաս Ալի Կադխոդաեին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG