Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի զոհերի հարազատները մեղադրում են իշխանություններին


Հայաստան -- Մարտիմեկյան իրադարձություններ, Երեւան 2008թ.
Հայաստան -- Մարտիմեկյան իրադարձություններ, Երեւան 2008թ.

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով 10 մարդ զոհվեց: Չորս տարի անց` նրանցից ոչ բոլորի մահվան հանգամանքներն են բացահայտված:

Չորս տարի առաջ այս օրը Երեւանի կենտրոնում «Չերյոմուխա-7» միջոցից ստացած վնասվածքից մահացած Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, պնդում է, որ անցած տարիների ընթացքում իշխանությունները որեւէ ջանք չեն գործադրել բացահայտելու իր որդու սպանությունը:

«Իրենց վերջնական զեկույցում ընդհակառակը` մեր երեխաներին հանցագործ անվանեցին: Մենք այդպես էլ գիտեինք, որ չեն բացահայտի, որովհետեւ նրանք նստած են այն ճյուղի վրա, որ այդ ճյուղը չեն կտրելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գոռ Քլոյանի հայրը: - «Ես գնալու եմ իմ տղայի գերեզմանին այսօր եւ իմ տղային հայտնելու եմ, որ` տղա ջան, քո պապան դեռ երիտասարդ է, պայքարելու եմ մինչեւ վերջ, որպեսզի բացահայտենք ով հրաման տվեց, ով սպանեց եւ վերջապես Հայաստանի Հանրապետությունում ստեղծենք ժողովրդավար երկիր, մարդավարի երկիր»:

Հիշեցնենք, տարեվերջին Հատուկ քննչական ծառայությունը մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ հրապարակեց զեկույց, որում նոր բացահայտումներ չկային: Դեպքերը որակելով որպես «զանգվածային անկարգություններ»` ՀՔԾ-ն գրել էր, որ մարտի 1-ի ուշ երեկոյան տարբեր հրազեններից առաջին կրակոցները արձակվել են «ամբոխի միջից», ամբոխի կողմից են նետվել առաջին նռնակներն ու այլ պայթուցիկ սարքերը, իսկ իրավապահների գործողությունները նպատակ են ունեցել «սաստել ամբոխին» եւ կանխել «զինված հարձակումները»:

Հատուկ միջոցի կիրառումից զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, ասում է, թե ոչ միայն ոչինչ չարվեց գործը բացահայտելու համար, այլեւ հակառակը` ամեն կերպ կոծկվեցին բոլոր իրական հանգամանքները:

«Փաստահավաք խումբը, որ բավականին աշխատանք էր կատարել, հենց իմացան, որ արդեն հասել է սպանությունների բացահայտմանը, Սերժ Սարգսյանի հրահանգով լուծարվեց: Ուրիշ ի՞նչ կարծիք պետք է ունենամ: Ես այնքան հիմար չեմ ու չեմ վախենում իմ օբյեկտիվ կարծիքը տեսնել ու արտահայտել: Այո՛, իմ երեխային սպանել են այս իշխանությունները», - հայտարարեց Տիգրան Խաչատրյանի մայրը:

Զինծառայող Տիգրան Աբգարյանը մարտին 1-ին զոհվել է պարանոցի հրազենային միջանցիկ վիրավորումից: Տիգրանի մայրը` Ռուզաննա Հարությունյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիշեցրեց նախագահ Սերժ Սարգսյանի` դեռեւս անցած տարվա ապրիլին տված ցուցումը, որով պետք է նոր թափ հաղորդվեր դեպքերի բացահայտման գործին:

«Ոչ մի բան էլ չեն արել եւ չեն էլ անելու, որովհետեւ ինչ անելու էր, արել են, ոչ մի բան էլ չեն բացահայտել: Եթե տաք-տաք հետքերով չեն բացահայտել, հիմա էլ դժվար բացահայտեն», - ասաց զոհված զինծառայողի մայրը:

Մինչդեռ չորս տարին, Ռուզաննա Հարությունյանի խոսքով, բավական ժամանակ էր սպանությունները բացահայտելու համար: Տիգրանի մայրն էլ այսօր այցելել է որդու շիրիմին, ասում էր` նույնիսկ պայքարելուց է հոգնել:

«Արդեն ինձ համար կյանքը կանգ է առել, իմ ամուսինն էլ չդիմացավ, երեք ամիս առաջ մահացավ, երեք օր առաջ էլ տատիկը վախճանվեց, այնպես որ ինձ մնացել է միայն գնալ գերեզման, խունկ ծխել եւ ինքս էլ ծխալ: Ես հիմա արդեն հոգնել եմ պայքարելուց, ասելուց, խոսելուց», - ասաց Ռուզաննա Հարությունյանը:

Մարտի 1-ի իրադարձությունները, «Ազատություն» ռադիոկայանի հետ զույցում հետահայաց գնահատելիս, երեւանցիները տարբեր կարծիքներ էին հնչեցնում. նրանց մի մասը կատարվածի մեջ իշխանությանն էր մեղադրում, մյուսները` ընդդիմությանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG