Մատչելիության հղումներ

Ռուսաստանը եւ Ադրբեջանը` դիվանագիտական փակուղում


Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը
Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը
«Ռուսաստանն ու Ադրբեջանը հայտնվել են դիվանագիտական փակուղում», - պնդում են ռուսական աղբյուրները: Պատճառը` Գաբալայի ռադիոլակցիան կայանի շուրջ ընթացող բանակցություններն են։

Այդ բանակցությունների ընթացքում, ըստ մոսկովյան «Կոմերսանտ»-ի, Ադրբեջանն անսպասելի մի պահանջ է ներկայացրել` ավելի քան 40 անգամ ավելացնել ռազմական այս օբյեկտի օգտագործման տարեկան վարձավճարը: Եթե անցած տասնամյակում Ռուսաստանը տարեկան 7 միլիոն դոլար էր վճարում, ապա այժմ ադրբեջանական կողմը պատրաստվում է տարեկան վարձավճարը դարձնել 300 միլիոն:

Այս պահանջին չընդառաջելու դեպքում պաշտոնական Բաքուն սպառնացել է չերկարաձգել Գաբալայի կայանի վարձակալության պայմանագիրը, որի ժամկետն արդեն իսկ մոտենում է ավարտին:

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ` Բաքուն իր այս պահանջը հնչեցրել է փետրվարի կեսերին կայացած բանակցությունների ժամանակ:

«Եթե ադրբեջանցիները չսահմանափակեն իրենց ախորժակը, մենք պարզապես կլքենք Գաբալան», - «Կոմերսանտ»-ին ասել է բարձրաստիճան ռուս զինվորականներից մեկը:

Թերթի մոսկովյան դիվանագիտական աղբյուրներն էլ փոխանցել են, թե բանակցությունների այս փուլում «ռուսական կողմի նպատակն է նվազեցնել Ադրբեջանի պահանջած գինը, եւ նվազեցնել զգալիորեն»:

Ուշագրավ է, որ անցած տարվա աշնանը Ադրբեջանի կառավարությունը պահանջել էր կրկնապատկել Գաբալայի վարձավճարը` այն հասցնելով 15 միլիոնի: Ռուսական կողմը հատուկ հանձնաժողով էր ձեւավորել` պաշտոնական Բաքվի ֆինանսական պահանջները քննելու եւ դրանց թեկուզ մասնակի բավարարման հնարավորությունները դիտարկելու համար: «Հանձնաժողովի ստեղծումը, սակայն, փաստորեն, հակառակ էֆեկտն ունեցավ», - գրում է «Կոմերսանտ»-ը:

Հեղինակավոր մոսկովյան պարբերականը նաեւ փորձել է պարզել` արդյոք Ռուսաստանն ի վիճակի՞ է, զուտ ռազմական տեսանկյունից ելնելով, մոտ ապագայում լքել Գաբալան:

«Գործնական առումով Գաբալան կարող է փոխարինվել Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի մերձակայքում կառուցված նմանատիպ կայանով: Մյուս կողմից, սակայն, դրա շինարարությունը դեռ վերջնականապես չի ավարտվել», - գրում է պարբերականը` նկատելով. - «Մոսկվայում նաեւ մտավախություն ունեն, որ Գաբալայի կայանը շուտափույթ լքելու դեպքում այն կարող է անցնել Միացյալ Նահանգների կամ Թուրքիայի վերահսկողության տակ: Այդ դեպքում Մոսկվան ոչ միայն կկորցնի հակահրթիռային պաշտպանության համակարգերի շուրջ Վաշինգտոնի հետ ընթացող բանակցություններում ունեցած իր հիմնական հաղթաթղթերից մեկը, այլեւ ամերիկացիներին կհանձնի մի ռադիոլոկացիան կայան, որ կօգնի նրանց ռազմական գործողություններ վարել Իրանի դեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG