Մատչելիության հղումներ

ԱԺ-ն քննարկեց համամասնական ընտրակարգի օրինագիծը


Չնայած Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռաֆիկ Պետրոսյանը խորհրարանում իր ելույթում կարճ-կոնկրետ ձեւակերպեց, թե այսօրվա քննարկումները անիմաստ են, որովհետեւ երբ Հանրապետականը մի հարցի դեմ է, միեւնույն է ոչինչ չի փոխվի, բայց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու ընդդիմության ներկայացրած օրինագիծը Ազգային ժողովում, այնուամենայնիվ, քննարկվեց:

Խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ ընտրակարգ փոխելով իշխանությունը մի քանի հարց կլուծի` կնվազեցնի իշխանությունների վերարտադրության հնարավորությունները, ընտրակեղծիքների թիվը, հնարավորություն կունենա գործնականում ապացուցել բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների շուրթերից հնչող պնդումները, թե ինքը ազատ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք ունի: Իշխանական որոշ պատգամավորներ հակադարձում են, որ կամքը կա, սակայն այն ընտրակարգ փոխելով չէ, որ պետք է արտահայտվի եւ ընտրություններից հաշված օրեր առաջ Ընտրական օրենսգիրք փոխելը ճիշտ չէ: Այդ հարցը, նրանց կարծիքով, հասարակությանը հուզող թիվ մեկ խնդիրը չէ:

«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը համոզված է` խնդիրն ամենեւին իրավական չէ, այն քաղաքական է, իշխանությունը աչք է փակում մեծամասնական ընտրակարգով առաջադրվածների անօրինական գործողությունների վրա, միայն թե վերջինը ձայներ բերի իրեն:

«Մեծամասնական ընտրական համակարգը, ըստ էության, դարձել է ֆեոդալական համակարգ, եւ այստեղ աշխատում է բացառապես իշխանական դաբրոյով ընտրություններ անցկացնելու մեխանիզմը», - հայտարարեց Մարտիրոսյանը:

«Պետական ամբողջ ռեսուրսը դրել եք ձեր տակը, ասում եք` մենք ամենահզորն ենք: Էդ ո՞վ հզոր չէ, որ: Տիեզերագնացը, որ թռնում է տիեզերք, դա ի՞ր հզորությունն է, թե հրթիռի՞ հզորությունն է: Գոնե մի' խաբեք ժողովրդին, որ էս ընտրություններով գնում ենք հավասար պայմաններով ընտրությունների: Չի կարող այդպիսի բան լինել, եթե դուք 41 մանդատ գրպաններում դրած մտնում եք ընտրապայքար», - իր հերթին հայտարարեց Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը չթաքցրեց, որ մեծամասնական ընտրակարգը իշխանությանն անհրաժեշտ է խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմելու համար: Իր այդ տեսակետը Հարությունյանը հնչեցրեց Ազգային ժողովի ամբիոնից. - «Այստեղ գաղտնիք չկա, այս ընտրակարգը հնարավորություն է խորհրդարանում կայուն մեծամասնություն ստեղծելու համար», - ասաց նա:

«Իսկ մենք ձեր մասին ենք մտածում», - հակադարձեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը. - «Որ դուք ընդդիմություն դառնաք, կունենաք հավասար հնարավորություններ, ինչպես այդ օրվա իշխանությունը, տա Աստված, ասենք, մենք»:

Քննարկմանը ներկա արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հիմնականում Դավիթ Հարությունյանի ներկայացրած հակափաստարկներ էր կրկնում: Նա ասաց` համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի գոյությունը Հայաստանի զարգացման այս փուլին համահունչ է, փոխելու կարիք չկա: «Խթանում է, որպեսզի ձեւավորվի կայուն մեծամասնությունը, ինչը կիսանախագահականը կառավարման համակարգի գլխավոր գրավականն է», - ասաց նախարարը:

Կայուն մեծամասնություն ձեւավորվելու նախարարի արտահայտած մտքին հակադարձեց Արմեն Մարտիրոսյանը. - «Ես կարծում եմ` չկար ավելի կայուն իրավիճակ, քան էր Եգիպտոսում Մուբարաքի օրոք եւ Լիբիայում` Քադաֆիի օրոք: Սա է ձեր կայունությունը, որի արդյունքում այսօր արտագաղթը մեծ ծավալների է հասել»:

Ազգային Ժողովի ԲՀԿ-ական փոխխոսնակ Սամվել Բալասանյանը, ով նույնպես մեծամասնական ընտրակարգով է ընտրվել, ընտրակարգը փոխելու հարցում մտահոգություններ ունի. - «Պատգամավորը պետք է լինի նաեւ մարզերից: 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի դեպքում կլինի երեւանյան ցուցակ», - ասաց նա:

Այսօրվա քննարկումների հիմնական դերակատարները խորհրդարանական ընդդիմության եւ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն էին: «Օրինաց երկիրը», որը Հանրապետականի նման դեմ է ընտրակարգ փոխելուն, այսօր չմիջամտեց քննարկումներին:

«Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ խմբակցությունում դեմ եւ կողմ կարծիքներ կան, ուստի կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջարկել է ազատ քվեարկություն անցկացնել: Սակայն Զոհրաբյանը նաեւ առաջարկեց` եթե ընտրակարգ չեն փոխելու, գոնե զիջման գնան, մեծամասնականի տեղերը նվազեցնեն:

Այսօրվա քննարկումները անցկացվեցին արագացված կարգով, քանի որ հարցը ընդդիմության կողմից արտահերթ էր համարվել եւ առանց մեծամասնության հավանության հայտնվել օրակարգում: Ելույթների, հարցուպատասխանի համար նախատեսված ժամանակը սովորականից կարճ էր: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը խստորեն հետեւում էր, որ նախատեսված ժամանակը ոչ ոք չխախտի:

Օրինագծի քվեարկությունը կանցկացվի վաղը: Այսօր մինչ Ազգային ժողովի դահլիճում տեղի էին ունենում քննարկումներ, խորհրդարանի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ օրինագծին կողմ քաղաքական ուժերի` Դաշնակցության, «Ժառանգության» եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները ցույց անցկացրին:

please wait

No media source currently available

0:00 0:05:38 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG