Մատչելիության հղումներ

ԱԺ փոքրամասնությունը քննադատում է կառավարության օրինագիծը


Արտակարգ դրության պայմաններում սահմանադրական կարգը պաշտպանելուն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը խորհրդարանում քննարկվում է հատուկ ռեժիմով:

Արդյո՞ք Սահմանադրությունը թույլատրում է Զինված ուժերի ներգրավումը արտակարգ դրության ժամանակ, եւ ինչո՞ւ Կառավարությունը չի նախատեսում ոստիկանության համակարգում ստեղծել համապատասխան ստորաբաժանումներ արտակարգ դրության ժամանակ բանակի փոխարեն ներգրավելու համար: Խորհրդարանում վիճահարույց նախագծի քննարկման ժամանակ Դաշնակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարց ուղղեց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին:

Վերջինս արձագանքեց. - «Հատուկ ուժեր` նման իրավիճակի համար, նրանք շատ ավելի արդյունավետ են գործում արտակարգ դրությունների ժամանակ: Բայց խնդիրը մեր ռեսուրսներին է վերաբերում»:

Լիլիթ Գալստյանը հակադարձեց. - «Բայց ռեսուրսների պակասը դեռեւս ոտնձգություն Սահմանադրության` մեր գերագույն օրենքի նկատմամբ, չի նախատեսում»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հարցը վերաբերում էր այս օրինագծի իրարամերժ մեկնաբանություններին. - «Արդյո՞ք դուք դա լավ օրենք եք համարում, երբ այլոք կարող էին կարդալ ու մեկնաբանել այլ բան, բայց Կառավարությունը ասի, որ չէ` օրենքը պիտի հասկանալ այնպես, ինչպես ես եմ հասկանում»:

«Ինչքան ավելի մոտ ընտրությունները, այդքան ավելի քաղաքականացված մեկնաբանություններ են հնչում», - պատասխանեց Դավիթ Հարությունյանը:

Քանի որ, ըստ նախագծի, արտակարգ դրություն հայտարարվում է սահմանադրական կարգին սպառնացող վտանգների, մասնավորապես` զանգվածային անկարգությունների դեպքում, Անահիտ Բախշյանը հարցրեց. - «Ինչո՞ւ ենք պատրաստվում էս խժդժություններին, էս զանգվածային անկարգություններին: Իշխանությունը թող պատրաստվի ընտրություններին այն տեսակետից, որ ապահովի մեր քաղաքացիների չընդվզելու ցանկությունը»:

Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ նախագիծն ինքնին ուղղված է սահմանադրական կարգը խախտելուն եւ ուշադրություն հրավիրեց օրինագծում արտակարգ դրություն հայտարարելու հիմքերի թվարկմանը: Կառավարությունը, նրա խոսքով, շրջանցել է իշխանությունը յուրացնելու հնարավորությունը. - «Նաեւ իշխանությունը պահելն է համարվում իշխանության յուրացում: Ինչո՞ւ այստեղ չի գրված: Սա նույնպես սահմանադրական կարգի խախտում է… Սա իշխանությունների պահպանումը ապահովելու իրավական հիմքեր ստեղծելու մասին օրենք է»:

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի դիտարկումը. - «Ձեր օրինագիծը սահմանադրական կարգին սպառնացող վտանգի առկայություն կամ չառկայությունը գնահատելու իրավասությունը տալիս է մեկ մարդու եւ ուղղակի նրա շրջապատին»:

Արտակարգ դրություն հայտարարելու իրավունքը, հիշեցնենք, վերապահված է Հայաստանի նախագահին:

«Ժառանգություն» խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանը օրինագիծը բնորոշեց որպես «իշխանության ցնցումները երկարաձգելու կամ փրփուրներից կախվելու օրինագիծ». - «Որովհետեւ այն պրոցեսները, որ դուք այստեղ նկարագրում եք, եթե այդ պրոցեսները սկսվեցին, բանակի չէ, որ իշխանությունը փրկելու է: Երբ դա ժողովրդական հուզման մակարդակի է, եւ դուք ուզում եք բանակով խեղդել… հնարավոր չէ: Բանակը` որպես այդպիսին, երբեք չի կատարելու այն հրամանները, որով այս օրենքի շրջանակներում դուք ցանկանում եք իրենց վրա լիազորություններ դնեք»:

Ազգային ժողովի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը եւս օրինագծի մի շարք ձեւակերպումներ որակեց որպես Սահմանադրությանը հակասող. - «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումը կամ արգելումը չի կարող իրականացվել Զինված ուժերի միջոցով»:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը խորհրդարանում քննարկվում է հատուկ կարգով` 24-ժամյա ռեժիմով:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, Կառավարության ներկայացմամբ, նպատակ ունի արտակարգ դրության պայմաններում արտաքին եւ ներքին սպառնալիքներից պաշտպանելու սահմանադրական կարգը եւ մարդկանց իրավունքները:

Քննարկումները կշարունակվեն վաղը:

please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG