Մատչելիության հղումներ

Փետրվարի 28-ի մամուլ


Մեկնաբանելով մի շարք գործարարների` մեծամասնական ընտրակարգով պատգամավոր առաջադրվելու մտադրության մասին վերջին օրերին արած հայտարարությունները` «Ժամանակ»-ը գրում է. - «Կասկած չկա, որ ՀՀԿ-ական գործարար մեծամասնականների թիվը լինելու է բավական մեծ, միեւնույն ժամանակ նաեւ բացահայտելով այն մեծ սուտը, որ հանրությանը պատրաստվում են մատուցել Սերժ եւ Տիգրան Սարգսյանները՝ ի դեմս անբասիր ընտրական համամասնական ցուցակի: Մյուս կողմից՝ սա նաեւ ցույց է տալիս, որ իշխանությունը Հայաստանում իրականում շարունակում է մնալ օլիգարխիայի ձեռքին՝ չնայած, այսպես ասած, արդիականացման մասին հայտարարություններին, որ արվում են մինչեւ անգամ Սերժ Սարգսյանի շուրթերից: Բանն այն է, որ եթե Հայաստանում իշխող ուժն օլիգարխիան չլիներ, ապա հազիվ թե Սերժ Սարգսյանը կարիք ունենար մեծամասնական ընտրակարգով պատգամավորության հավանություն տալ օլիգարխներին: Իշխանությունը նրանց պարզապես կհորդորեր մի-մի ինտելիգենտ կերպար ճարել եւ որպես լիազոր ներկայացուցիչ գործուղել խորհրդարան: Բայց, ըստ երևույթին, օլիգարխները չեն վստահում Սերժ Սարգսյանին եւ պնդել են անձամբ խորհրդարանում ներկայացված լինելու վրա, ինչին էլ Սարգսյանը տեղի է տվել՝ ընդամենը կարողանալով փոխզիջման գալ համամասնական ցուցակի հարցում»:

«Երկիր» օրաթերթը գրում է. - «Այն նախանձախնդրությունը, որով իշխող մեծամասնությունը փորձում է պահպանել ընտրությունների կեղծման փորձարկված մեխանիզմը, հաստատում է, որ իշխանությունը պահպանելու մարմաջը նրանց թույլ չի տալիս տեսնել այն իրական վտանգը, որն արդեն սպառնում է մեր պետականությանը։ Եվ այս պայմաններում պատահական չէ այն նախաձեռնությունը, որով հանդես եկավ ՀՅ Դաշնակցությունը` կամավորների հավաքագրում` Հայաստանի բոլոր ընտրատարածքներում ընտրությունների արդարությունը ապահովելու համար։ Նման կոչ անցած երկու տասնամյակում հնչել էր Արցախյան ազատամարտի տարիներին, երբ մեր ժողովրդի ու Հայրենիքի մի հատվածի վրա կախվել էր ոչնչացման վտանգը։ Այն ժամանակ ազգի լավագույն զավակները արձագանքեցին։ Այսօր ոչ պակաս պատասխանատու պահ է, ուստի ամեն ազնիվ, Հայաստանի ներկայով ու ապագայով մտահոգ մարդ ուղղակի պարտավոր է հաղթահարել հիասթափութունը, անվստահությունը, հավատալ, որ մենք կարող ենք հաղթել թաղային խաժամուժին, նրանց համախմբող եւ ուղղորդող կուսակցականացված պետական մեքենային»։

«Հայոց Աշխարհ» թերթի հարցերին պատասխանում է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Հարց. - «Ի՞նչ ներքաղաքական իրավիճակում եք նախապատրաստվում Հանրապետականի հերթական համագումարին»: Մելիքյանի պատասխանը. - «Նախորդ համապետական ընտրություններից հետո առաջացած հասարակական բեւեռվածությունը էականորեն հաղթահարված է: Այսօր ներքաղաքական դաշտում տեսանելի հանդուրժողականության միջավայր է ձեւավորված, իսկ այն լարվածությունը, որի մասին խոսում են հատկապես ընդդիմադիր գործիչներն ու լրատվամիջոցները, բնորոշ է նախընտրական զարգացումներին: Չի կարելի ասել, թե ուժերի վերադասավորումները ավարտվել են, քանի որ դեռ նախընտրական դաշինքներ ու ընտրական ցուցակներ ձեւավորելու շուրջ միջկուսակցական բանակցություններ ու խորհրդակցություններ են ընթանում, սակայն բոլորին արդեն պարզ է, թե ովքեր են լինելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆավորիտները»:

«168 ժամ»-ը տարակուսում է իրականության եւ քարոզչության հակասությունից. - «Իշխանությունը` ի դեմս Ազգային վիճակագրական ծառայության, հրապարակում է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող տվյալները` պաշտոնապես արձանագրելով, որ, ասենք, աղքատության ցուցանիշը 2008թ. 27.6%-ից 2010թ. հասել է 35.8%-ի, ծայրահեղ աղքատության մակարդակը (այսինքն` փաստացի սոված մարդկանց թիվը) նույն ժամանակահատվածում աճել է 1.4%-ով` կազմելով 3%: Այսինքն` ի՞նչ է ստացվում` գործող իշխանությունը պաշտոնապես արձանագրում է, որ իր պաշտոնավարման տարիներին Հայաստանում ապրելը դարձել է ավելի անտանելի, որ Հայաստանում աղքատներն ու ծայրահեղ աղքատներն ավելացել են մի քանի անգամ, ու դրանից հետո հայտարարում է, թե մեծամասնություն է կազմելու ապագա խորհրդարանում: Ու այս հայտարարությունները հնչեցվում են «ամենաարդար ու ամենաազնիվ ընտրություններ» անցկացնելու ներքին ու արտաքին խոստումներին զուգահեռ: Սա կարող է ունենալ ընդամենը երկու բացատրություն: Կամ իշխանությունը սեփական ժողովրդին դնում է հայտնի կենդանու տեղը, քանի որ միայն բանականության բացակայությունը կարող է ստիպել մարդուն «քվեարկել», ասենք, ավելի աղքատանալու համար: Հինգհազարամյա իմաստուն, քարից հաց քամող հայ ժողովրդի նկատմամբ ավելի մեծ ծաղր դժվար է պատկերացնել: Կամ` իշխանությունն անուղղակիորեն խոստովանում է, որ «ամենաարդար ընտրություններ» ասելով` պետք է հասկանալ` «ամենաանաղմուկ նկարչություն», այսինքն` ընտրություններում որոշիչ է լինելու ամեն ինչ, բացի ընտրողների ձայնից»:

please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG