Մատչելիության հղումներ

Մեկնարկեցին վիզայի դյուրացման բանակցությունները


«Եվրամիությունը միշտ էլ նշել է, որ առաջիկա ընտրությունները պետք է դիտարկվեն իբրեւ Հայաստանի համար հիմնական ստուգում` Հայաստան-Եվրամիություն հետագա հարաբերությունների առումով: Սակայն սպասվող խորհրդարանական, ապա եւ նախագահական ընտրություններն այսօր մեկնարկած բանակցությունների հետ կապելը` ենթադրելով, թե դրանք կարող են ազդել բանակցությունների ընթացքի վրա, շահարկումների ոլորտից է», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան Հայաստանի ու Եվրամիության միջեւ մուտքի արտոնագրերի դյուրացման եւ հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի շուրջ այսօր Երեւանում մեկնարկած բանակցություններին հաջորդած ճեպազրույցի ժամանակ:

«Այս բանակցություններն ունենալու են իրենց առանձնահատուկ ընթացքը, ինչը կախված է լինելու բանակցային յուրաքանչյուր փուլի արագությունից, քանի որ այստեղ հիմնական նպատակն է ունենալ հստակ եւ պատշաճ կերպով բանակցված համաձայնագիր: Այնպիսի համաձայնագիր, որը բխելու է այս փաստաթղթից օգուտ ակնկալող մարդկանց շահերից: Եվ այս առումով բնական է, որ բանակցող երկու կողմերն էլ հանձնառու են գործընթացը առավել արագ ավարտելու գործում», - հավելեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը

Նույն հարցին ի պատասխան, Հայաստանի փոխարտգործնախարար, բանակցություններում հայկական կողմի պատվիրակության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը նշեց, թե Հայաստանի հարաբերությունները Եվրամիության հետ ունեն բավական կարեւոր հիմքեր:

«Այդ հիմքերը վերաբերվում են համընդհանուր արժեքային համակարգին: Մենք այդ նույն արժեքային համակարգի տարածքում ենք: Մենք հանձնառություն ունենք հասարակության, պետության մակարդակով կառուցելու ժողովրդավարական պետություն, եւ ընտրությունները այդ գործընթացի, այդ համակարգի ֆունկցիաներից մեկն են: Մենք բավական հստակ արտահայտել ենք մեր մտադրությունները այդ հարցում: Իրոք, վստահ եմ, որ Եվրամիության հետ մեր օրակարգը կունենա իր բնականոն նորմալ զարգացումը», - ասաց Մնացականյանը:

Գնահատելով Հայաստանի ու Եվրամիության միջեւ մուտքի արտոնագրերի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի շուրջ այսօր մեկնարկած բանակցությունները` Մնացականյանը չափազանց կարեւոր գնահատեց հիշյալ փաստաթղթերի քաղաքական նշանակությունը:

Նշենք, որ մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով Հայաստանի քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: Այս շրջանակներում ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների Հայաստանի քաղաքացիների համար, ինչպիսիք են պաշտոնական պատվիրակության անդամները, գործարարները եւ բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչները, լրագրողները, գիտնականները դպրոցականները, ուսանողները, եւ այլք: Նախատեսվում է նվազեցնել Շենգենի մուտքի վիզաների գինը եւ կրճատել պահանջվող փաստաթղթերի ցանկը: Հետընդունման համաձայնգրով կարգավորվելու է ԵՄ եւ Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի եւ հետընդունման ընթացակարգերը:

Ըստ բանախոսների` նշված համաձայնագրերի բանակցությունների ավարտման ժամկետները կախված կլինեն բանակցությունների ընթացքից:

please wait

No media source currently available

0:00 0:03:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG