Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի ցուցակը կգլխավորի Սերժ Սարգսյանը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, 5 փետրվար, 2012
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, 5 փետրվար, 2012
Իշխող Հանրապետական կուսակցությունը վերջնականապես որոշել է, որ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ընտրացուցակը գլխավորելու է Հայաստանի նախագահ, Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանը:

«Պաշտոնապես հայտարարում եմ բոլոր նրանց համար, ովքեր այլ լուրեր են տարածում կամ այլ բան էին սպասում, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը: Կուսակցությունում այլ կարծիք չի էլ եղել, որովհետեւ բնական է, որ կուսակցությունը իրականացնում է նախագահի քաղաքականությունը` թե գործադիրում, թե օրենսդիրում, եւ մենք մի մարմին ենք, կուսակցությունը մեկ քաղաքական օրգանիզմ է, որի ղեկավարը կուսակցության նախագահն է: Ինչպես բոլոր նորմալ երկրներում, այնպես էլ մեր երկրում, մեր կուսակցությունում Հարապետականը պետք է առաջնորդի իր առաջնորդը: Մենք ունենք մեկ առաջնորդ, եւ դա Սերժ Սարգսյանն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, Հանրապետականի մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը նաեւ ասաց, որ երկրի օրենսդրությունը չի արգելում նախագահին գլխավորել կուսակցության համամասնական ցուցակը: Նա ձեռնպահ մնաց հայտարարել, թե ցուցակում ովքեր են հաջորդելու Սերժ Սարգսյանին. միայն ասաց, որ կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր կարող են իրականացնել Հանրապետականի նախընտրական ծրագրի դրույթները թե օրենսդիրում, թե գործադիրում: Շարմազանովի խոսքով` ծրագիրը, որը նախատեսում է փոփոխությունների կուրս, շուտով պատրաստ կլինի:

«Համագումարից հետո` մարտի 10-ին հաջորդող մեկ-երկու օրվա ընթացքում, մենք ձեզ կներկայացնենք ամբողջական համամասնական ցուցակը: Մեծամասնական ընտրակարգով Հանրապետականը բազմաթիվ տեղերում կառաջադրի թեկնածուներ, իսկ թե կոնկրետ քանի տեղերում կառաջադրենք, կներկայացնենք համամասնական ցուցակի հետ միասին: Հանրապետականը ունի բոլոր շանսերը, եւ ՏԻՄ ընտրությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ հիմնական ֆավորիտն է, եթե ոչ այս նախընտրական պայքարի միակ ֆավորիտը», - ասաց նա:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Հանրապետականը 5000-ական դրամ ընտրակաշառք է բաժանում, Շարմազանովն ասաց. - «Խոսողներին ավելի շատ խորհուրդ կտայի, եթե փաստեր ունեն, դիմեն իրավապահ մարմիններին»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համամասնական ցուցակն էլ, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ, Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ թեեւ ցուցակը դեռ որոշված չէ, բայց դա Կոնգրեսի ներսում տիրապետող կարծիքն է: Հարցին, թե իսկ Տեր-Պետրոսյանը համաձա՞յն է, Զուրաբյանը պատասխանեց. - «Տեր-Պետրոսյանը որեւէ հավակնություն այդ առումով չունի, ցուցակի ձեւավորման հարցում պատրաստ է ընդունել ցանկացած որոշում, որը հիմնված կլինի 18 կուսակցությունների կոնսենսուսի վրա»:

Ինչ վերաբերում է ցուցակի մյուս հորիզոնականներին, ապա Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ այս պահին Կոնգրեսի անդամ կուսակցությունների միջեւ ընթանում են ամենօրյա միջկուսակցական խորհրդակցություններ, որի նպատակն է ընդհանուր հայտարարի գալ նախ ցուցակի ձեւավորման սկզբունքների, հետո` ցուցակի շուրջ:

«Ցուցակի մեջ տեղը ընտրելիս պետք է հաշվի առնել չորս տարվա մեջ այդ անհատների կատարած աշխատանքը, նպաստը, ակտիվությունը, հասարակության կողմից ճանաչված, ընդունված լինելը: Առավելություն պետք է տրվի քաղբանտարկյալներին», - ասաց նա:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` ՀԱԿ-ի համամասնական ցուցակի առաջին տեղում Լեւոն Տեր-Պետրոսյանը կլինի, երկրորդում` Ստեփան Դեմիրճյանը, երրորդում` Արամ Սարգսյանը, չորրորդում` Արամ Մանուկյանը: Այս խոսակցությունների առնչությամբ ՀԱԿ-ի համակարգողն ասաց. - «Բոլոր հրապարակումները հիմնված են որոշակի խոսակցությունների վրա: Այդ խոսակցությունների մի մասը համապատասխանում է իրականությանը, մի մասը` ոչ: Ես ուզում եմ շեշտել, որ վերջնական որոշում գոյություն չունի»:

Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով առաջադրումներին, ապա Զուրաբյանը վերահաստատեց ՀԱԿ-ի` բոլոր 41 ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու մտադրությունը, եթե չհաջողվի անցնել բացառապես 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:

«Ինչքան էլ դա ընտրակարգի կոռումպացված օղակ է, ինչքան էլ մենք հասկանում ենք, որ անարդար պայքար է գնալու այդ մեծամասնական տարածքներում, միեւնույն է մենք պետք է այդ ճակատամարտը սկսենք, այդ մարտահրավերը պետք է ընդունենք», - ասաց նա:

please wait

No media source currently available

0:00 0:06:23 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG