Մատչելիության հղումներ

Օհանյան. Ալիկ Սարգսյանը չի կարող չհիշել, որ հետապնդել է


Մարգար Օհանյանը դատարանի դահլիճում, 9 հունվար, 2012
Մարգար Օհանյանը դատարանի դահլիճում, 9 հունվար, 2012
Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը ուրբաթ օրը մինչ դատական նիստը սկսելը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, նշեց, թե Ալիկ Սարգսյանը չի կարող չհիշել, որ հետապնդել է իրեն:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանի նախկին ոստիկանապետ, այժմ Հայաստանի նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանն ասել էր, թե չի հիշում, որ ինքը Օհանյանի հետապնդած լինի: Մարգար Օհանյանն էլ այսօր հակադարձեց, թե չհիշել կարող են իր գործով անցնող վկաները, բայց ոչ բարձր կոչում ունեցող գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը:

«Երբ գեներալ-լեյտենանտ են դառնում, դա պատահական չէ, այդ կոչումը նախագահն է տալիս», - ասաց նա:

Մարգար Օհանյանը նաեւ նշեց, որ գործով մեղադրյալ երկրորդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանն էլ կարող է ասել, թե ոստիկանությունը ինչ ճնշումներ է բանեցրել նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինս հիվանդանոցում է եղել:

«Եվ ի վերջո Կարախանյան Ստեփանը կենդանի է, Աստծուն փառք: Պաշտպան ունի, որ չի վախենում ոչ մեկից: Պաշտպանը ներկա է եղել, թե ինչ ճնշումներ են գործադրել հիվանդանոցում իր վրա: Ես ոչ մի բան սուտ չեմ ասում, ինչ ասել եմ, իրականությանը համապատասխանում է: Դեռ Լեւոնյան Արայիկի մասին էլ չեմ ասում, թե նրա նկատմամբ ինչ ճնշումներ են եղել, թող իրենք ասեն: Որ իրենք իրենց չեն պաշտպանում, դա չի նշանակում, որ ես պարտավոր եմ իրենց պաշտպանել», - ասաց Օհանյանը:

Հիշեցնենք, նախորդ դատական նիստի ընթացքում Օհանյանն ասել էր, թե իր դեմ բենզինի յուրացման գործը սարքվել է այն բանից հետո, երբ իր հարաբերությունները վատացել են Ալիկ Սարգսյանի հետ:

Այսօրվա դատական նիստի ընթացքում հրապարակվեցին գրավոր ապացույցները, այդ թվում` ամբաստանյալների առերեսումները: Ուշագրավ է ամբաստանյալներ Ստեփան Կարախանյանի եւ Արայիկ Լեւոնյանի առերեսումը: Լեւոնյանը Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) պատմում է, թե երբ Մարգար Օհանյանը իրեն բանավոր ցուցում է տվել գումարտակներին քիչ բենզին տալ, իսկ կտրոնները իրեն փոխանցել, եւ որ այդ խոսակցությանը ներկա է եղել նաեւ Ստեփան Կարախանյանը: Սակայն Կարախանյանը նշում է, թե Լեւոնյանի ասածը սուտ է, եւ Մարգար Օհանյանի մոտ երբեւէ նման քննարկում չի եղել: Հաշվի առնելով այս հակասությունը` Մարգար Օհանյանի պաշտպանը միջնորդեց, որպեսզի այս առերեսումը դատարանը անթույլատրելի ապացույց որակի: Դատավորը նշեց, թե այդ հարցին կանդրադառնա իր վճռում:

Մեղադրող դատախազը այսօր գրավոր ապացույցների շարքում նաեւ նշեց, թե պարզվել է, որ 2011 թվականի ընթացքում ոստիկանությանը հատկացված բենզինի կտրոններով լիցքավորվել են ոչ ոստիկանական մեքենաներ, ընդ որում ոստիկանության հաշվին որոշ մարդիկ ամսական լիցքավորել են մինչեւ 26-27 հազար լիտր բենզին: Պարզվել է, որ այդ մարդկանց շարքում են նաեւ երկրորդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի ազգականները: Ընդհանուր առմամբ Կարախանյանը պետությանը հասցրել է 20 միլիոն դրամի վնաս, որն արդեն փոխհատուցվել է: Թեեւ, ըստ քրեական գործի, Մարգար Օհանյանը յուրացրել է 574 հազար լիտր բենզին, սակայն ոստիկանության հաշվին լիցքավորված մեքենաների ցանկում չկան ոչ Մարգար Օհանյանին, ոչ էլ նրա ազգականներին պատկանող մեքենաների համարանիշները: Օհանյանը խնդրեց, որ դատավորը այդ հանգամանքի վրա եւս ուշադրություն դարձնի:
Օհանյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ եթե իրեն մեղադրում են 574 հազար լիտր բենզին յուրացնելու մեջ, ապա որտե՞ղ են դրան համարժեք 30 հազար բենզինի կտրոնները: Ըստ նրա` ստացվում է, որ գործով ապացույցը չկա, եւ մեղադրող կողմը հիմնվում է ընդամենը մեկ մարդու` Լեւոնյանի ցուցմունքի վրա (Լեւոնյանն ասել է, թե կտրոնները տվել է Օհանյանին):

«Քանի որ իմ նկատմամբ կազմված քրեական գործը ի սկզբանե եղել է շինծու, ապացույցներ չկան քրեական գործի մեջ, ես վեց ամիս անազատության մեջ եմ, բենզինի 30 հազար կտրոն չգտնելը, եւ մեկ մարդու ցուցմունքով [եմ այստեղ], դա ինձ համար էական նշանակություն ունի», - ասաց Օհանյանը:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանը փորձեց մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանից ճշտել, թե արդյո՞ք գործով պարզվել է` ինչ է արել Մարգար Օհանյանը յուրացրած կտրոնները: Մեղադրող դատախազն ասաց` Օհանյանի մոտ այդ կտրոնները չեն հայտնաբերվել, բայց իրենք յուրացման փաստն են արձանագրել:

Այսօր ավարտվեց բենզինի յուրացման գործով դատաքննությունը: Մարտի 1-ին մեղադրական ճառով հանդես կգա մեղադրող դատախազը:
please wait

No media source currently available

0:00 0:05:06 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG