Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարն այցելում է Կորեա


Փետրվարի 23-ին Կորեայի ԱԳ նախարար Կիմ Սունգ-Հվանի հրավերով պաշտոնական այցով Սեուլ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Կորեայի Հանրապետության վարչապետ Հվանգ Սիկ Կիմը:

Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են մարտի 26-27-ը Սեուլում կայանալիք Միջուկային անվտանգության հարցերով երկրորդ գագաթաժողովին, ինչպես նաեւ Կորեայում մայիս-օգոստոս ամիսներին տեղի ունենալիք EXPO-2012 Համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը:

Նույն օրը կայացել են Հայաստանի եւ Կորեայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կիմ Սունգ-Հվանի բանակցությունները:

Հանդիպման սկզբում փոխանակվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Կորեայի նախագահ Լի Մյունգ-Բակի ուղերձները երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի կապակցությամբ:

Կողմերն անդրադարձել են Սեուլում կայանալիք Միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին, մտքեր փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Նախարարները պայմանավորվել են միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, իրենց ղեկավարած գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նախապատրաստել եւ ստորագրել համաձայնագրեր տնտեսական, ներդրումային, գիտա-կրթական, մշակութային եւ մաքսային համագործակցության մասին:

Հայաստանի եւ Կորեայի նախարարները միջկառավարական համաձայնագիր են ստորագրել դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր կրողների համար արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին:
Հայաստանի արտգործնախարարը իր կորեացի պաշտոնակցին հրավիրել է այցելել Երեւան:

Սեուլում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության ու հայ-կորեական հարաբերությունների մասին ելույթով հանդես է եկել Կորեայի Արտաքին հարաբերությունների եւ ազգային անվտանգության ինստիտուտի (Դիվանագիտական ակադեմիա) ուսանողների առջեւ: Ելույթից առաջ նախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել Արտաքին հարաբերությունների եւ ազգային անվտանգության ինստիտուտի ղեկավարության հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի եւ Կորեայի Արտաքին հարաբերությունների ինստիտուտի միջեւ համագործակցությանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հյուրընկալվել է նաեւ Կորեայի Ազգային ժողովում եւ հանդիպում ունեցել խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կիմ Չունգ-վանի եւ հանձնաժողովի անդամների հետ:

Ավարտելով այցելությունը Կորեա՝ Հայաստանի արտգործնախարարը նախարարը ուղեւորվել է Վիետնամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG