Մատչելիության հղումներ

Դերսիմի կոտորածները կքննի հատուկ հանձնաժողովը


Թուրքիայի խորհրդարանը հատուկ հանձնաժողով է ստեղծել 1937 թվականին Դերսիմում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները՝ հազարավոր քրդերի կոտորածը, հետաքննելու համար։

Ավելի վաղ՝ անցած տարեվերջին, վարչապետ Ռեջեփ Էրդողանը հրապարակավ ներողություն էր խնդրել թուրք զինվորների կատարած սպանությունների համար, որոնք ավիացիոն ռումբերի եւ թունավոր գազի օգնությամբ ճնշել էին ալեւի քրդերի ապստամբությունը Դերսիմում։

Դեպքերը տեղի են ունեցել արդի Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի պաշտոնավարման տարիներին, եւ ռմբակոծություններին մասնակցել է նաեւ նրա որդեգրած դուստրը՝ Թուրքիայի առաջին կին օդաչուն։

Մոտավոր հաշվարկների համաձայն, ըստ «Զաման»-ի, 1937-38 թվականներին այդ տարածքում զոհվել է շուրջ 70 հազար մարդ:

«Տուժողների կողմից խորհդարանին ներկայացված դիմումների թիվն ավելանում է օր-օրի», - «Զաման»-ին ասել է Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Մեհմետ Դանիշը եւ մանրամասնել. - «Ոմանք փոխհատուցում են պահանջում, ոմանք ուզում են, որ հայտնաբերվեն իրենց հարազատների գերեզմանները, մի քանիսն է'լ ավելի հեռուն են գնում եւ պահանջում, որ մենք փաստաթղթեր ընդունենք կամ քայլեր ձեռնարկենք կոտորածների առնչությամբ»։

Պաշտոնյաների խոսքով, նորաստեղծ հանձնաժողովը զեկույց է պատրաստելու Դերսիմի վերաբերյալ, եւ այդ նպատակով ոչ միայն ուսումնասիրելու է Թուրքիայի գլխավոր արխիվում առկա փաստաթղթերը, այլեւ խորհրդարան է հրավիրելու զոհերի հարազատներին ու դեպքերի ականատեսներին՝ վկայություններ տալու համար։ Այդուհետեւ, «Զաման»-ի փոխանցմամբ, զեկույցի հիման վրա կատարվելու են անհրաժեշտ օրենսդրական քայլերը։

Տեղական լրատվամիջոցները փաստում են, որ հանձնաժողովը հանրապետության առաջին տարիներին տեղի ունեցած դեպքերի վրա լույս սփռելու՝ իշխանության առաջին փորձն է, որը, սակայն, արդեն առիթ է դարձել լուրջ ներքաղաքական բանավեճերի համար։

Հիմնական ընդդիմադիր կուսակցությունը՝ Ժողովրդահանրապետականը, որն այդ օրերին կանգնած էր իշխանության ղեկին, հրաժարվում է ներողություն խնդրել կատարվածի համար։

«Ես ինքս այդ իրադարձությունների զոհերից մեկն եմ», - օրեր առաջ հայտարարել է Ժողովրդահանրապետականի ղեկավար Քեմալ Չըլչդարօղլուն եւ պնդել, որ եթե կա ներողության կարիք, ապա դա պետք է հնչի պետության անունից։

Մինչդեռ Էրդողանը անցած նոյեմբերին՝ իր պատմական ելույթում, քննադատության սլաքն ուղղեց առաջին հերթին ընդդիմադիր կուսակցության կողմը. - «Ես կարող եմ ներողություն խնդրել եւ անում եմ դա, սակայն իրականում այդ քայլը պետք է արվի Ժողովրդահանրապետականի եւ դրա ղեկավարի կողմից», - հայտարարել էր Էրդողանը եւ դիմելով կուսակցության ղեկավարին՝ ասել. - «Դուք հայտարարում եք, թե պատիվ ունեք լինել Դերսիմից, հիմա ժամանակն է այդ պատիվը պաշտպանելու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG