Մատչելիության հղումներ

Մանուկյանն ակնկալում է, որ Հրազդանում ընտրակաշառք բաժանողը կպատժվի


Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյան, արխիվ
Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյան, արխիվ
Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանն ակնկալում է, որ իրավապահները մինչեւ վերջ կգնան ու կպատժեն ընտրակաշառք վերցնողին ու այն բաժանողին:

Գլխավոր դատախազությունը երեկ տարածել է մի հաղորդագրություն, որում նշվում է, որ Մանուկյանի` ընտրակաշառք տալու վերաբերյալ հաղորդումն արդեն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Առայժմ քրեական գործ չի հարուցվել, նախապատրաստվում են նյութեր:

«Իմ խնդիրը տվյալ պահին ոչ թե իրավական է, այլ քաղաքական», - ասում է Մանուկյանը: - «Ես ուզում եմ, որ փող բաժանողի քիթը մի քիչ ջարդվի, իմանա, որ այդպիսի բան չի կարելի անել»:

Մանուկյանը մոտ երկու շաբաթ առաջ Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրություններում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի վստահված անձն էր: Նա ականատես էր եղել, թե ինչպես մյուս թեկնածուի` իշխող Հանրապետական կուսակցության անդամ, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի վստահված անձինք ընտրողին գումար են տալիս: Հիշեցնենք` գործող քաղաքապետը մոտ 1600 ձայների առավելությամբ հաղթեց ընտրություններում:

Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն: Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահը կարծում է, որ այս գործն ավելի է կարեւորում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

«Որովհետեւ մեր հասարակության հիվանդոտ տեղը դա է, Հրազդանը դա ապացուցեց` հատկապես, երբ առջեւում խորհրդարանական ընտրություններ են», - ասում է Մանուկյանը` հավելելով, որ այս գործը որակական ազդեցություն կթողնի առաջիկա ընտրությունների վրա: - «Վերջին հաշվով իրենց [իշխանությունների] համար էլ ձեռնտու է ցույց տալ արդար լինելը կամ որեւէ մեկին պատժելը: Այդ առումով գուցե շահերը համընկնում են»:

Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահն այս գործը համարում է առիթ, որը իշխանությունները կարող են օգտագործել ցույց տալու համար, որ պատժում են կաշառք տվողին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG