Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանի բացառիկ հարցազրույցը


U.S. Envoy Urges Clean Vote In Armenia
please wait

No media source currently available

0:00 0:09:05 0:00

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը պատասխանում է առաջիկա ընտրությունների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցերին:

«Ազատություն». – «Պարո՛ն դեսպան, օրերս խոսելով Հրազդանում տեղի ունեցած ընտրությունների մասին, դուք նշել էիք, թե իրական քաղաքական մրցակցություն եք տեսնել այնտեղ: Ընդդիմությունը, մինչդեռ, պնդում է, թե Հրազդանում իշխանությունների կողմից մեծ չափով օգտագործվել է վարչական ռեսուրսը, ինչպես նաեւ ընտրակաշառքներ են բաժանվել: Ծանո՞թ եք այդ պնդումներին: Եվ կարելի՞ է սա համարել մրցակցություն»:

Հեֆերն. – «Նախքան Հրազդանին անցնելը, կցանկանայի ավելի ընդհանուր բնույթի որոշ հստակեցումներ անել։ Մեր՝ դեսպանատան նպատակներից մեկը ժողովրդավար եւ ազատ երկիր լինելու հարցում Հայաստանի հաջողությունները տեսնելն է, եւ մենք կցանկանայինք օգնել ու որոշ աջակցություն ցուցաբերել այդ խնդրում: Եվ որպեսզի դա տեղի ունենա, առաջիկա ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար եւ արժանահավատ: Իսկ դրա համար անհրաժեշտ են հավասար պայմաններ, լրատվամիջոցների մատչելիություն եւ իրական քաղաքական մրցակցություն։ Եվ, այո՛, իմ դիտարկմամբ՝ Հրազդանի ընտրություններում կային երկու ուժեղ թեկնածուներ եւ իրական քաղաքական մրցակցություն»:

«Ազատություն». – «Դուք մի քանի անգամ հայտարարել եք, թե ամեն կերպ օժանդակելու եք, որպեսզի Հայաստանում տեղի ունենան երբեւէ եղած լավագույն ընտրությունները: Սակայն մինչ այժմ չեն դադարում բանավեճերը` Ընտրական օրենսգրքի փոփոխման հետ կապված: Իշխանություններն այդպես էլ չընդառաջեցին` 100 տոկոս համամասնականի, ընտրողների մատների թանաքոտման, ինչպես նաեւ տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու` ընդդիմության պահանջներին: Ուրեմն կա՞ արդյոք երաշխիք, թե այս պայմաններում կարող են լինել լավագույն ընտրություններ»:

Հեֆերն. – «Մենք իսկապես ձգտում ենք տեսնել ազատ, արդար եւ արժանահավատ ընտրություններ: Այդ են պահանջում միջազգային չափանիշները, եւ դա նաեւ Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի խոսնակի, ինչպես եւ բոլոր նրանց ձգտումն է, ում հետ ես զրուցել եմ` այդ թվում ինչպես կառավարությունը ներկայացնող, այնպես էլ չներկայացնող մարդկանց։ Նրանք բոլորն էլ շահագրգիռ են ինչպես առաջիկա խորհրդարանական, այնպես էլ նախագահական ընտրությունները ազատ, արդար եւ արժանահավատ կերպով անցկացնելու հարցում: Սա է նպատակը, եւ կարծում ենք, որ սա բոլորի նպատակն է: Եվ մենք հանձնառու ենք անել առավելագույնը` դիտարկումների, զրույցների, շփումների, օգնության միջոցով նպաստելու, որ նոր ընտրական օրենսգիրքը կյանքի կոչվի` հնարավոր դարձնելով ազատ, արդար եւ արժանահավատ ընտրությունների անցկացումը»:

«Մանրամասները` թե ինչպես է անցկացվում քվեարկությունը, արդյո՞ք ընտրակարգը համամասնական, թե՞ մեծամասնական է, սա արդեն Հայաստանի կառավարության եւ ժողովրդի որոշելիքն է: Որքան հասկանում եմ, այս հարցում ընդունված միջազգային չափանիշներ չկան, ի տարբերություն այլ հարցերի, ինչպիսին, օրինակ, լրատվամիջոցների հասանելիությունն է: Լրատվամիջոցները պետք է հասանելի լինեն` դա միջազգային չափանիշ է, եւ մենք մեծ ուշադրությամբ հետեւելու ենք դրան»:

«Ազատություն». – «Իսկ ի՞նչ կասեք ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու վերաբերյալ»:

Հեֆերն. - «Ես Հրազդանում որոշ տեսախցիկներ տեսա ընտրատեղամասերի մերձակայքում, ինչպես նաեւ անմիջապես ընտրատեղամասերում: Իհարկե, որոշակի քննարկումների կարիք ունի այն հարցը, թե կոնկրետ երբ կարելի է միացնել տեսախցիկները, եւ երբ չի կարելի: Որքան ես տեղյակ եմ, ընտրական նոր օրենսգիրքը թույլատրում է տեսախցիկների առկայությունը ընտրատեղամասերում, դրանք կարող են նկարահանել որոշ բաներ, բայց ոչ` ողջ գործընթացը: Կարծում եմ, որ այստեղ առկա է մարդկանց անձնականին առնչվող վիճելի խնդիր` արդյո՞ք ընդունելի է, որ քվերակություն կատարող անձին նկարահանեն: Ինչ վերաբերում է Հրազդանին` այնտեղ ընտրատեղամասում տեսախցիկ կար, եւ մարդկանց հետ զրուցելով ես տպավորություն ստացա, որ տեսախցիկի առկայությունը նպաստում է քվեարկության եւ ձայների հաշվարկման գործընթացի թափանցիկությանն ու Ընտրական օրենսգրքին համապատասխան անցկացմանը: Այնպես որ, կարծում եմ, որ իմ այդ տեսած ընտրատեղամասում տեսախցիկի առկայությունը դրական երեւույթ էր»:

«Ազատություն» - «Ընդդիմությունը ցանկալի է համարում բոլոր տեղամասերում միջազգային դիտորդների (մոտ 2000 մարդու) ներկայությունը, մինչդեռ ԵԱՀԿ/ԺՄԻԳ–ից հայտնում են, որ լինելու են մի քանի հարյուրը: Ըստ ձեզ` բավարար է այդ թիվը` ամբողջական դիտարկում իրականացնելու համար»:

Հեֆերն. - «Կա դիտարկման երեք մակարդակ, որոնք, կարծում եմ, կնպաստեն առաջիկա ընտրությունների անցկացմանը: Դրանցից առաջինը ԵԱՀԿ-ն է, որը դուք համարում եք միջազգային դիտորդական առաքելություն` նկատի ունենալով ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ-ի դիտորդներին: Նրանք ներկայացնում են ընտրությունների դիտարկման միջազգային չափանիշները եւ ներկա են գտնվելու մի քանի հարյուր ընտրատեղամասերում: Նրանք կլինեն այն տեղամասերում, որոնք, իրենց գնահատմամբ, առավել կարեւոր են, այլ կերպ ասած` այն տեղամասերում, որտեղ խնդիրներ են ակնկալվում: Չէ՞ որ բոլոր ընտրատեղամասերը նույնը չեն: Կարծում եմ, որ նրանք (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները) կտեղաբաշխվեն այն ընտրատեղամասերում, որոնցում միջազգային դիտորդների ներկայությունն առավել պահանջված կլինի: Այնուհետեւ` դեսպանատները, այդ թվում` ԱՄՆ-ի դեսպանատունը, հույս ունի հրավեր ստանալ` ընտրություններին նաեւ մեր սեփական դիտորդներին ուղարկելու համար: Եվ վերջապես` մենք հանդիպումներ ենք ունեցել հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր պատրաստվում են ընտրություններին տեղական դիտորդական առաքելություն իրականացնել: Այնպես որ ընտրություններին երեք տիպի դիտորդներ կլինեն, որոնք բոլորն էլ, իմ կարծիքով, տարբեր դերակատարություն են ունենալու եւ բոլորն էլ շատ կարեւոր են լինելու ազատ, արդար եւ արժանահավատ ընտրությունների կայացմանը նպաստելու հարցում»:

«Ազատություն». - «Կարծում եք սա բավարա՞ր է` տեղական եւ միջազգային դիտորդները միասին»:

Հեֆերն. - «Դա դեռ պետք է տեսնել: Մենք հույս ունենք եւ ակնկալում ենք, որ ընտրությունները կանցկացնեն ընտրական օրենսգրքին համապատասխան: Իսկ դիտորդները որոշակի ճկունություն կունենան այն հարցում, թե որտեղ են դիտարկումներ անցկացնում: Նրանք տարբեր դերակատարություն ունեն: ԺՀՄԻԳ-ը պետք է հանդես գա ընտրությունների անցկացման ընդհանուր պատկերի վերաբերյալ հրապարակային գնահատականով: Մեր դիտորդները նման խնդիր [հրապարակային գնահատականի հրապարակում] չունեն: Մեր դիտարկման նպատակն այլ է` ունենալ ընտրությունների անցկացման վերաբերյալ անմիջական, օբյեկտիվ պատկեր, ինչը մեզ կօգնի մեր այստեղի գործընկերների` իշխանությունների, հասարակական կազմակերպությունների եւ ընդդիմադիր կուսակցությունների հետ մեր շփումներում ունենալ սեփական տեղեկատվությունը եւ բարելավել մեր աջակցության ապագա ծրագրերը` դրանք դարձնել ավելի նպատակաուղղված: ԱՄՆ-ի դեսպանատունը, դիտորդական առաքելություն իրականացնելով, նպատակ չունի հանդես գալ հրապարակային հայտարարությամբ` գնահատելով, թե ընտրությունները համապատասխանեցի՞ն չափանիշներին, թե ոչ: Վերադառնալով հարցին` արդյո՞ք դիտորդների թիվը բավարար է, փաստորեն դրական ջանքեր են գործադրվում ե՛ւ միջազգային, ե՛ւ տեղական դիտորդներ ունենալու հարցում: Եվ, այո՛, ես հույս ունեմ ու ակնկալում եմ, որ այդ դիտորդները իրենց առաքելությունը կիրականացնեն»:

«Ազատություն» - «Վերջին օրերին Հայաստանի քաղաքական կյանքում մեծ աղմուկ առաջացրեց նաեւ հատուկ դրության ռեժիմի մասին օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում բանակն այլեւս օրենսդրորեն կարող է միջամտել ներքին խնդիրներին: Ընդդիմադիրները, ինչպես նաեւ փորձագետներն արդեն խոսում են, որ դա արվում է հենց հետընտրական շրջանի համար ու չեն բացառում նոր «մարտի 1»-երի հնարավորությունը: Ի՞նչ կասեիք այս կապակցությամբ»:

Հեֆերն. - «Կարծում եմ նախընտրական ողջ ժամանակահատվածում, ոչ թե միայն ընտրությունների օրը, ինչպես նաեւ շատ զգայուն հետընտրական փուլում, կարեւոր է, որպեսզի ապահովի հավաքների ազատության իրավունքը, որպեսզի բոլոր նրանք, ովքեր կարծիքներ ունեն արտահայտելու ընտրական գործընթացների եւ անցկացվող ընտրությունների վերաբերյալ` քաղաքացիական հասարակությունը կամ կուսակցությունները, հնարավորություն ունենան խաղաղ կերպով եւ հրապարակայնորեն արտահայտել իրենց տեսակետները: Մենք հուսով ենք եւ ակնկալում ենք, որ Հայաստանում կապահովվի հասարակական վայրերում հավաքների ազատության իրավունքը, որպեսզի քաղաքացիական հասարակությունը, կուսակցությունները եւ դիտորդները կարողանան իրենց տեսակետներն արտահայտել: Դրա համար, անշուշտ, հարկավոր է, որպեսզի իրավապահ մարմինները քաղաքացիական ցույցերին համարժեք կերպով արձագանքեն եւ գործեն օրենքի, ինչպես նաեւ հավաքների ազատության իրավունքին համապատասխան, որպեսզի մարդիկ կարողանան խաղաղ եւ առանց ճնշումներ զգալու հրապարակել իրենց տեսակետները»:
XS
SM
MD
LG