Մատչելիության հղումներ

Զեկույց. Հայաստանում շարունակում են «կոպտորեն խախտվել» մարդու իրավունքները


Հելսինկյան ասոցիացիայի այսօր հրապարակվող տարեկան զեկույցի համաձայն, Հայաստանում շարունակում են կոպտորեն խախտվել մարդու իրավունքները, իսկ 2011 թվականին` 2010-ի հետ համեմատած, իրավիճակը չի բարելավվել:

«Նույն ձեւով ոտնահարվում են մարդու իրավունքները, եւ իշխանությունները ոչ մի քայլ չեն անում բարեփոխելու այդ իրավիճակը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:

Հելսինկյան ասոցիացիայի կողմից նշված տարեկան զեկույցը պատրաստվում է 2004 թվականից եւ ամեն տարի ուղարկվում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հելսինկյան միությանը:

Միքայել Դանիելյանի ներկայացմամբ, անցած տարի Հայաստանում մարդու իրավունքները հատկապես շատ խախտվել են հետեւյալ ոլորտներում. - «Մենք ներկայացրել ենք մի քանի ոլորտ: Դա մամուլի ազատությունն է, հավաքների ազատությունն է, բանտերի մոնիտորինգն է, բանակն է, դատարաններն են, LGBT պրոբլեմներն են, կրոնական փոքրամասնությունները: Այդ ոլորտները մենք ուսումնասիրել ենք, այդ ոլորտներում մեզ մոտ գրանցված են մարդու իրավունքների ոտնահարման փաստեր»:

Դանիելյանը նաեւ ընդգծեց, թե իշխանությունները անհրաժեշտ կերպով չեն արձագանքում Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումների հետ կապված իրավապաշտպանների բարձրացրած բողոքներին:

«Իշխանությունները կամք չունեն որեւիցե հարց լուծել մարդու իրավունքների դաշտում, որովհետեւ Հայաստանում կրիմինալա-ոստիկանականա-զինվորականապետություն է, եւ քանի որ իշխանությունները սերտաճած են այդ համակարգի հետ, նրանք պատրաստ չեն որեւիցե հարց լուծել», - հայտարարեց իրավապաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG