Մատչելիության հղումներ

Սկսվեցին ԵՄ–Հայաստան բանակցությունները ազատ առեւտրի գոտու շուրջ


Եվրամիության դրոշները Բրյուսելով Եվրահանձնաժողովի շենքի առջեւ, արխիվ
Եվրամիության դրոշները Բրյուսելով Եվրահանձնաժողովի շենքի առջեւ, արխիվ
Շուրջ երկու տարի տեւած քննարկումներից հետո այսօր Եվրամիությունը համաձայնեց Հայաստանի հետ բանակցություններ սկսել «խորը եւ համապարփակ» ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ, ինչը, Եվրահանձնաժողովի համոզմամբ, կխթանի Հայաստանում տնտեսության զարգացումն ու ներդրումների աճը։

«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն խնդիրներ, որոնք կենսական են դարձել ժամանակակից, թափանցիկ եւ կանխատեսելի ներդրումային միջավայր ստեղծելու համար», – հայտարարում է Եվրահանձնաժողովը՝ ընդգծելով, որ ուշադրության կենտրոնում են լինելու ոչ միայն շուկայի ազատականացման պայմանները, այլեւ օրենսդրության եւ ապրանքների որակի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին։

«Ազատ առեւտրի շուրջ բանակցությունների մեկնարկը շրջադարձային կետ է Հայաստանի եւ Եվրամիության հարաբերություններում»,– հայտարարել է Եվրամիության առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դե Գուխտը եւ ընդգծել, – «Մենք մտնում ենք նոր փուլ, որը նոր՝ խորը եւ հավակնոտ մակարդակի կբարձրացնի մեր տնտեսական հարաբերությունները»։

Հիշեցնենք՝ Եվրամիությունը այսօր արդեն Հայաստանի ամենամեծ առեւտրային գործընկերն է, իսկ երբ կնքվի այս համաձայնագիրը՝ հարաբերությունները էլ ավելի կխորանան եւ Հայաստանում արտադրված ապրանքը այլեւս կարող է անարգել եւ շահավետ պայմաններով մուտք գործել շուրջ կես միլիարդ ապահովված եւ բարձր եկամուտի տեր բնակչություն ունեցող Եվրամիության շուկա։

«Սա շատ կարեւոր քայլ է, քանի որ դրա նպատակն է խթանել տնտեսության զարգացումն ու ներդրումները Հայաստանում, որը առանցքային գործընկեր է Եվրամիության համար տարածաշրջանում»,– «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասում է Եվրամիության ընդարձակման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակը եւ մանրամասնում. – «Այս համաձայնագիրը հայաստանցի գործարարների համար առավել շահավետ պայմաններ կստեղծի միասնական եվրոպական շուկա դուրս գալու համար, ինչն իր հերթին կնպաստի տնտեսության զարգացմանն ու գործազրկության կրճատմանը երկրի ներսում»։

Փորձագետները փաստում են՝ բանակցությունները կարող են տարիներ տեւել, դրանց ընթացքը եւ արագությունը կախված է միմիայն Հայաստանի իշխանություններից եւ բարեփոխումներ կատարելու նրանց պատրաստակամությունից։

«Անշուշտ, որքան արագ դրանք ավարտվեն, այնքան շուտ եւ շատ կշահեն Հայաստանի քաղաքացիները, սակայն մենք միշտ ենք նշում, որ այս հարցում կարեւոր է ոչ այնքան ժամկետը, որքան կատարվող քայլերի բովանդակությունը»,– ասում է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակը՝ ընդգծելով, որ հաջողության հասնելու համար Հայաստանը պետք է իրագործի Բրյուսելի առաջադրած բոլոր պահանջները։ Իսկ դրանք իրականում շատ են՝ Հայաստանում արտադրվող ապրանքների որակից, սանիտարահիգիենիկ պայմաններից մինչեւ առեւտրի ազատականացում, մոնոպոլիաների վերացում եւ մաքսային համակարգի բարեփոխում։

«Բրյուսելում ակնկալում են, որ բանակցությունների արդյունքում Հայաստանի ներքին շուկան հետզհետե կձերբազատվի մենաշնորհներից ու գնալով կդառնա ավելի ազատ օլիգարխիկ տնտեսական գործունեությունից», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանում է «Հայաստանի Եվրոպական բարեկամներ» կազմակերպության փորձագետ Սարգիս Ղազարյանը եւ ընդգծում. – «Այս պահանջները շրջանցելի չեն, եթե Հայաստանը իսկապես ուզում է միասնական Եվրոպայի նման ազատ առեւտրի գոտու մաս դառնալ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG