Մատչելիության հղումներ

Փետրվարի 18-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. - «Մաշտոցի այգու պատմությունը, ըստ էության, դառնում է Հայաստանում նախընտրական իրավիճակի եւ հետընտրական հեռանկարների լակմուսի թուղթ: Խնդիրը միայն այն չէ, թե ինչ են անում այգու հետ: Խնդիրն այստեղ առաջին հերթին այն է, թե ինչպես են վարվում հասարակության հետ: Երբ Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ, նա հայտարարեց, թե քանդելու է Հայաստանում չհասկացվածության պատը: Նրա հայտարարությանն իհարկե ոչ ոք չհավատաց, առավել եւս՝ որ չկային հավատալու քիչ թե շատ տեսանելի հիմքեր: Սարգսյանն իր նախագահության ընթացքում ուներ բազմաթիվ հնարավորություններ, չորս տարի ժամանակ՝ որպեսզի խորհրդարանական ընտրությունից առաջ այդ պատը քանդեր եւ հանրությանն էլ մատնացույց աներ՝ տեսաք, իսկ դուք չէիք հավատում: Բայց այսօր Սերժ Սարգսյանը պատ է կառուցել իր եւ քաղաքացիների միջեւ՝ ոստիկանական պատ, որը Մաշտոցի այգու շինարարությունն է պաշտպանում Հայաստանի քաղաքացիներից»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Կան հասարակական շարժումներ, որոնց հիմքում առողջ, մաքուր գաղափարներ են դրված, եւ նման շարժումները, անկախ իրենց ուղղվածությունից, մարդկանց մեջ հարգանք են առաջացնում: Երիտասարդ բնապահպանների գործողությունները դրանց շարքից են: Հաջողության գրավականն, իհարկե, նախեւառաջ քաղաքականությունից, այսինքն՝ իշխանության համար պայքարից հեռու մնալն է: Այնուհետեւ՝ այդ երիտասարդների հետեւողականությունը: Ես չգիտեմ, թե որքանով է Մաշտոցի պուրակում բուտիկների կամ սրճարանի կառուցումը օրինական, որովհետեւ թե՛ բնապահպանները եւ թե՛ քաղաքապետարանը դեմ են տալիս մի խուրձ փաստաթղթեր, որոնց իմաստը կարող են հասկանալ միայն իրավաբանները: Ես գիտեմ ուրիշ երկու բան. 1/ Երեւանի կենտրոնում ոչ բուտիկների, ոչ էլ սրճարանների պակաս չի զգացվում, 2/ եվրոպական քաղաքների կենտրոնում շինարարությունն արգելված է: Եթե 10-15 տարի առաջ նման երիտասարդական խմբեր լինեին, ապա ենթադրում եմ, որ Օպերայի շրջակայքը եւ Օղակաձեւ զբոսայգին չէին «պատվի» սրճարաններով՝ կանաչ գոտու հաշվին»:

«168 ժամ»-ը գրում է. - «Երեկ Երեւանի Կամերային թատրոնի ղեկավար Արա Երնջակյանն իր պահվածքով ապացուցել է, որ արժանի է պատվավոր տեղ զբաղեցնել, ասենք, իշխանական որեւէ կուսակցության համամասնական ցուցակում: Մաշտոցի պողոտայում, Մարգարյանի հիվանդանոցին հարակից այգում իրականացվող շինարարության դեմ ակցիայի ժամանակ, վերջինս, ով նաեւ Երեւանի ավագանու անդամ է, Ոստիկանության ուղեկցությամբ մոտեցել է բնապահպան ակտիվիստներին` հայտարարելով, որ բողոքի ակցիան անօրինական է… Հանուն արդարության պետք է արձանագրել, որ իշխանությունը, մեղմ ասած, մեղավոր չէ: Վստահ ենք, Երնջակյանին որեւէ մեկը, այդ թվում` նրանք, ում նա ցանկանում է հաճոյանալ, չի պատվիրել իջնել այս աստիճանի: Պարզապես Երնջակյանը երեւի մտածել է, որ լավ առիթ է, եւ կարելի է ավելի «բարձր գնով ծախվել»: Թող մտավորականներ չծախվեն, տեսնենք, ինչպես է իշխանությունը նրանց օգտագործելու»:

Արձագանքելով Հրազդանի հետընտրական զարգացումներին` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հրազդանի քաղաքապետի ընտրություններին անմիջականորեն հաջորդած հիստերիկ արձագանքների ալիքը կարծես թե մարեց, ու հիմա սթափ վերլուծությունների ժամանակն է: Բուն քվեարկությունը մի կողմ թողնենք, դա ցույց տվեց ընդամենը երկու բան. առաջին` ընտրակաշառքը կարեւոր դերակատարում ունեցավ, եւ երկրորդ` Հայաստանում այնուամենայնիվ մեծ թվով մարդիկ կան, ովքեր ընտրակաշառք չեն վերցնում: Ինչեւէ: Քվեարկությանը հաջորդած մի քանի օրերին իշխանական լրատվամիջոցները հեղեղված էին «ՀՀԿ-ի ջախջախիչ հաղթանակի» եւ «Կոնգրեսի խայտառակ պարտության» մասին հրապարակումներով: Բայց բոլորին էլ հասկանալի էր, որ արջը վախից է գոռում, եւ իրականում իշխանական ճամբարում լուրջ խուճապ է: Ընդ որում` այդ խուճապը միանգամայն հիմնավորված է»:

«Հայոց Աշխարհ»-ի տնտեսական մեկնաբանը հետեւում է վառելանյութի շուկայում արձանագրվող փոփոխություններին. - «Այս տարի արդեն երկրորդ անգամ Հայաստանի վառելանյութի շուկայում արձանագրվեց գների բարձրացում։ Հերթական անգամ բենզինը թանկացավ լիտրի հաշվով տասը դրամով։ Այս անգամ գների բարձրացումը չշրջանցեց դիզելային վառելանյութի շուկան։ Վերջին անգամ Հայաստանում բենզինի գները բարձրացան անցած ամսվա վերջին։ Այն ժամանակ, շուրջ երկուսուկես ամիս տեւած կայունությունից հետո, բենզինը թանկացավ տասը դրամով։ Սակայն դա կարճ տեւեց. վերջին թանկացումից ընդամենը երկու-երկուսուկես շաբաթ հետո բենզինի գները դարձյալ բարձրացան։ Երեկվանից արդեն վառելանյութը միաժամանակ թանկացել է ինչպես «Ֆլեշի», այնպես էլ «Սիթի Պետրոլ Գրուպի» բենզալցակայաններում։ Թեեւ դեռեւս կան որոշ լցակայաններ, որոնք պահպանում են նախկին գները, այնուհանդերձ պարզ է, որ դա երկար չի շարունակվի»։

please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG