Մատչելիության հղումներ

Եվս 91 միլիոն դոլարի վարկ Համաշխարհային բանկից


Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափի, 17 փետրվար, 2012
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափի, 17 փետրվար, 2012
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի հաստատած ֆինանսական ծրագրով «Զարգացման քաղաքականության երրորդ գործառնություն» ծրագրի շրջանակներում Հայաստանին կտրամադրվի 80 միլիոն դոլարի վարկ` որպես բյուջետային աջակցություն:

Այդ գործառնությունն աջակցում է պետական բյուջեով նախատեսված աղքատության կրճատմանն ուղղված ծախսերի պահպանմանը, սոցիալական ապահովության ծրագրերի հասցեականության բարելավմանը, աղքատ համայնքներում նախադպրոցական ծրագրերի հասանելիության բարձրացնելուն, կրթության կառավարման արդյունավետության խթանմանը, ինչպես նաեւ առողջապահական ծառայություններում համավճարի քաղաքականության ներմուծմանը` ապահովելով համապատասխան արտոնություններ աղքատ եւ խոցելի խավերի համար:

Ըստ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիի, «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրի իրականացումը 2009-2011 թվականներին ապահովել է նշանակալի արդյունք սոցիալական ոլորտում, ինչպես նաեւ քաղաքական եւ օրենսդրական միջոցառումների շնորհիվ բարելավվել է գործարար մթնոլորտը եւ ընդհանուր կառավարումը:

«Երեք տարի առաջ նախապատրաստվող բարեփոխումները հավակնոտ էին թվում, սակայն այսօր կարող ենք արձանագրել բավականին լուրջ բարեփոխումներ եւ ձեռքբերումներ, եւ այդ ամենը նպատակաուղղված է նաեւ գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաեւ Հայաստանը գործարարությամբ զբաղվելու համար ավելի նպաստավոր դարձնելուն», - ասաց Ժան Միշել Հափին:

Այդուհանդերձ, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարը չի ժխտում, որ 2009 թվականից ի վեր Հայաստանում ավելացել է աղքատության մակարդակը, եւ դանդաղել են տնտեսական աճի տեմպերը:

«2010 թվականի 2.1 տոկոս եւ 2011-ի 4.6 տոկոս տնտեսական աճը բավարար չէին ստեղծելու համար այն անհրաժեշտ աշխատատեղերը, որոնք կմեղմացնեին սոցիալական ազդեցությունները: Եվ դա մատնանշում է բարեփոխումների օրակարգի արագացման անհրաժեշտությունը», - շեշտեց նա:

Համաշխարհային բանկի հաստատած մեկ այլ ծրագրով էլ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը կստանա 11 միլիոն դոլարի վարկ` որպես լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի 50 կարիքավոր համայնքներին աջակցելու համար: Լրացուցիչ ֆինանսավորումը Համաշխարհային բանկի հաշվարկներով օժանդակելու է ենթակառուցվածքների վերականգնմանը եւ բարեկարգմանն ուղղված շուրջ 50 միկրոծրագրերի իրականացմանը եւ ստեղծելու է մինչեւ 140 հազար օրվա աշխատանքի կարճաժամկետ զբաղվածություն: Ծրագրի շրջանակներում շուրջ 20 դպրոց եւ մանկապարտեզ, ինչպես նաեւ հինգ համայնքային կենտրոն կապահովվի կահույքով:

Վարկերը տրամադրելու են Միջազգային զարգացմանը ընկերակցությունը եւ Վերակառուցման եւ զարգացաման միջազգային բանկը: Միջազգային զարգացման ընկերակցության կողմից 50 միլիոն դոլարի փոխառությունն ունի 25 տարվա մարման ժամկետ, որից 5 տարին` արտոնյալ: Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը 30 միլիոն դոլար վարկը տրամադրում է 25 տարվա մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ: Իսկ 11 միլիոն դոլար վարկը, որը դարձյալ ստացվելու է դարձյալ Միջազգային զարգացման ընկերակցությունից, տրամադրվելու է 25 տարի մարման ժամկետով, որից 5 տարին` արտոնյալ:

Ինչ վերաբերում է այս տարվա ընթացքում Հայաստանի համար Համաշխարհային բանկի նախատեսած աջակցության ընդհանուր գումարին, ապա Հափիի խոսքով, այս տարի բացի օրերս հաստատված 91 միլիոն դոլարից, նախատեսվում է եւս մոտ 12 միլիոն դոլար տրամադրել` հարկային վարչարարության բարեփոխումներին օժանդակելու համար, ինչպես նաեւ 15 միլիոն դոլարի ծրագիր քաղաքային համայնքներում ջրամատակարարման մատչելիության ապահովման համար (ընդհանուր առմամբ մոտ 118 միլիոն դոլար):

Անդրադառնալով հատկացվող վարկերի վերադարձելիության ռիսկայնությանը` պաշտոնյան ասաց, որ կառավարությունը ընդունել է արտաքին պարտքի կոնսոլիդացման մի ծրագիր, որը հնարավորություն կտա երկարաժամկետ հատվածում կայուն մակարդակի վրա պահել երկրի արտաքին պարտքը: Սակայն, ըստ Հափիի, խնդրի լուծումը կախված է տնտեսական աճի արագացումից եւ արտահանման խթանումից:

Համաշխարհային բանկը 2012-13 թվականներին Հայաստանի համար կանխատեսում է 4.2 տոկոս տնտեսական աճ: Եվրոպայի տնտեսական ճգնաժամի լույսի ներքո տնտեսական կանխատեսումները բավականին հաճախ պետք է թարմացվեն, կարծում է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է Համաշխարհային բանկը վերաբերվում այն փաստին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը վերջերս տապալեց «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի քվեարկությունը, ապա Հափին նախ պատասխանեց, որ չի ցանկանում մեկնաբանել այս կամ այն կուսակցության քայլերը, ապա հավելեց, որ այդ ֆինանսական գործառույթներին հետեւելը եւ դրանց հնարավորինս բաց լինելը լավ պետական կառավարման հիմնական ուղղություններից են:

please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG