Մատչելիության հղումներ

Դիտորդները կհրավիրվեն քվեարկության օրը նշանակվելուց հետո


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, միջազգային դիտորդներին պաշտոնական Երեւանը հրավեր կուղարկի խորհրդարանական ընտրությունների օրը նշանակելուց հետո:

Դիտորդական առաքելություններին հրավեր ուղարկելու իրավունք ունեն Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի խոսնակը, վարչապետը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Մուկուչյանի խոսքով, դեռ չեն քննարկել, թե ով է հրավիրելու միջազգային դիտորդներին. - «Կքննարկվի: Դրանից հետո, եթե կորոշվի, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւս պետք է ուղարկի հրավերքներ այս կամ այն մարմնին, հրավերքը կուղարկի եւ` միանաշանակ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ հրավերքը պետք է ուղարվի այն հաշվով, որ հրավիրվող դիտորդները բավարար ժամանակ ունենան ե’ւ այցելելու, ե’ւ պատշաճ ծանոթանալու ընտրական գործընթացներին»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ տարբեր հանդիպումների ժամանակ կարեւորել է ընտրություններին հնարավորինս մեծ թվով դիտորդների մասնակցությունը: Մի քանի անգամ ընդդիմադիրներն ասել են, թե իրենց համար ցանկալի կլիներ, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններին գոնե 2 հազար դիտորդներ հետեւեն:

Սակայն ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան մի քանի օր առաջ ոչ իրատեսական էր համարել Կոնգրեսի` ամեն ընտրատեղամասում առնվազն մեկ միջազգային դիտորդ ունենալու առաջարկը:

«Գրեթե վստահաբար կարող եմ ասել, որ 2000 միջազգային դիտորդ չի լինելու: Քանակը մոտ կլինի նախկինում այցելած դիտորդների թվին, այսինքն` մի քանի հարյուր», - ասել էր եվրոպացի պաշտոնյան:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ընտրությունը քոնն է» հայաստանյան կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանը, իրենք յուրաքանչյուր տեղամասում ոչ թե մեկ, այլ առնվազն երկու դիտորդ կունենան:

Դիտորդների թվաքանակը նախորդ տարիների հետ համեմատած մեծ կլինի, սակայն, Համբարձումյանի խոսքով, նոր Ընտրական օրենսգրքով նրանց համար բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծված:

Տեղական դիտորդ դառնալու համար նախ ուսուցում պետք է անցել, ստանալ դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական: «Կամավորությանը դեմ ինչ-որ մի բան է, որ այսօր մեր Ընտրական օրենսգրքում տեղ գտավ», - ասաց Համբարձումյանը:

Ընտրական օրենսգրքում դիտորդների իրավունքներին ու պարտականություններին առնչվող մի քանի դրույթ կա ընդամենը: Դրանցից մեկը բավական վտանգավոր է թվում Հարություն Համբարձումյանին: Դիտորդի կողմից որեւէ թեկնածուի, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության աջակցելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից զրկել այն կազմակերպությանը, որի ներկայացուցիչն է տվյալ դիտորդը: «Մեկ դիտորդի գործողությունների պատճառով ամբողջ կազմակերպության աշխատանքը կարող է վտանգվել», - նկատում է «Ընտրությունը քոնն է» կազմակերպության ղեկավարը` հիշեցնելով, որ նախորդ օրենսգրքում կազմակերպության գործունեությունը կարող էր դառնալ դիտորդական առաքելությունը իրականացնելու իրավունքից զրկելու պատճառ:

«Մենք հանդես ենք գալու 4 հազար դիտորդով: Ի՞նչ է նշանակում, երբ մեկ դիտորդի համար դուք վերցնում եք եւ 3999 դիտորդի զրկում եք դիտորդական առաքելությունից, էլ չեմ ասում կազմակերպությանը», - ասաց Համբարձումյանը:

Իսկ ամենավտանգավորը, նրա խոսքով, այն է, որ Ընտրական օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների արդյունքում դիտորդները կարող են հետապնդվել իրենց հայտարարությունների համար. - «Գոյություն ուներ հետեւյալ կետը. դիտորդը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը չէր կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի եւ արդյունքների ամփոփման վերաբերյալ իրենց հայտնած կարծիքի համար: Սա ինչով էր մեզ համար շատ կարեւոր, որովհետեւ մարդը արդեն ավելի համարձակ էր գնում եւ տեսած ամեն ինչը ներկայացնում էր այնպես, ինչպես եղել է: Հիմա, երբ այս կետը հանվում է, կարող են դիտորդի վրա… այս ի՞նչ ես գրել, իսկ դու համոզվա՞ծ ես, իսկ կարո՞ղ է լցոնում չի եղել, այլ փորձ է եղել… Տես, հա, որ սուտ ես ասել, քրեական գործ կհարուցենք, եւ այլն, եւ այլն»:

Անցած տարի փոփոխված Ընտրական օրենսգրքի նախագծում դիտորդին պաշտպանող կետը եղել է: Այն հանել են երրորդ ընթերցման ժամանակ, երբ կարելի էր կատարել միայն խմբագրական փոփոխություններ, որոնք չեն փոխում ընդունված տեքստի իմաստը: «Ո՞վ է ասել, որ մեծ, կարեւորագույն կետը կարելի էր հանել», - տարակուսեց Համբարձումյանը` հավելելով. - «Ես համոզված եմ` շատ պատգամավորներ, շատ կուսակցություններ չեն էլ մտածել, որ կարելի է մի ամբողջ կետ հանել: Դրա համար ուշադիր չեն եղել եւ քվեարկել են»:

please wait

No media source currently available

0:00 0:04:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG