Մատչելիության հղումներ

Վերլուծաբան. Ադրբեջանի կարեւորությունը միջազգային հանրության աչքում աճելու է


Վաշինգտոնցի վերլուծաբան Ռոս Ուիլսոն
Վաշինգտոնցի վերլուծաբան Ռոս Ուիլսոն
Վաշինգտոնում ընդունում են, որ Ադրբեջանը առանձնահատուկ դիրք ունի, քանի որ սահմանակից է Իրանին:

«Ադրբեջանը չի պատրաստվում որեւէ պետության տրամադրել իր տարածքը` որպես Իրանի դեմ հարձակման պլացդարմ»: Այս մասին երեկ Ադրբեջանի խորհրդարանում հայտարարեց Միլի մեջլիսի նախագահ Օքտայ Ասադովը:

Նրա այս հայտարարությունը հնչեց մի քանի ժամ անց այն բանից, երբ Թեհրանը պաշտոնական բողոքի նոտա ներկայացրեց Ադրբեջանի իշխանություններին` վերջիններիս մեղադրելով իսրայելական հատուկ ծառայությունների հակաիրանական գործողություններին օժանդակելու մեջ:

Իրանցիները պնդում են, որ երկրի միջուկային ծրագրի վրա աշխատող ֆիզիկոսների միմյանց հաջորդած սպանությունների հեղինակը իսրայելական «Մոսադն» է, որի գործակալները Իրան են մուտք գործել հենց Ադրբեջանի տարածքից: Ադրբեջանական կողմը հերքում է իրանցիների մեղադրանքները: Ընդ որում, ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն անում է հնարավորը` հարավային հարեւանի հետ հարաբերությունները չսրելու համար:

«Թեեւ Իրանի խորհրդարանում էլ են հնչում հակաադրբեջանական հայտարարություններ, այնուհանդերձ մենք պետք է պահպանենք բարիդրացիական հարաբերություններն ու չիջնենք նրանց մակարդակին», - Միլի մեջլիսում երեկ հայտարարել է Ասադովը:

Արեւմտյան որոշ փորձագետների կարծիքով, մինչդեռ, Իրանի շուրջ իրադրության սրմանը զուգահեռ Ադրբեջանի կարեւորությունը միջազգային հանրության աչքում աճելու է:

Վաշինգտոնցի վերլուծաբան Ռոս Ուիլսոնը, ով 2000-ից 2003 թվականներին զբաղեցրել է Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը, իսկ 2005-ից 2008-ը ղեկավարել է Անկարայում ամերիկյան դեսպանությունը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասում է. - «Վաշինգտոնում ընդունում են, որ Ադրբեջանը առանձնահատուկ դիրք ունի, քանի որ սահմանակից է Իրանին»:

Վերլուծաբանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի աջակցությունը Արեւմուտքին հարկավոր է նախեւառաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

«Եթե Անվտանգության խորհուրդը կրկին որոշի անդրադառնալ այն փաստին, որ Իրանը չի կատարում միջազգային հանրության առջեւ իր իսկ ստանձնած պարտավորությունները, ապա ակնհայտ է, որ Վաշինգտոնին կրկին անհրաժեշտ կլինի Ադրբեջանի օժանդակությունն այդ հարցում», - համոզված պաշտոնաթող ամերիկացի դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG