Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը ողջունում է Մինսկի խմբի ջանքերը


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի արտգործնախարար Իմոն Գիլմոր
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի արտգործնախարար Իմոն Գիլմոր

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Իմոն Գիլմորը հինգշաբթի օրը Նյու Յորքում զեկույցով է հանդես եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

«Որպես գործող նախագահ` ես որոնելու եմ ուղիներ ԵԱՀԿ-ի տարածքի առկա երկարատեւ հակամարտությունների հարատեւ կարգավորման համար։ Այդ հակամարտությունների թվում են Մերձդեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը», - ասել է Գիլմորը` ավելացնելով, որ նշանակել է երկու հատուկ ներկայացուցիչների, ովքեր աջակցելու են այդ խնդիրների կարգավորման գործում։

Անդրադառնալով բուն Ղարաբաղի խնդրին` Գիլմորը դրվատանքով է խոսել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կատարած աշխատանքի մասին։

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործադրած ջանքերը Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ եւ ակնկալում ենք տարվա ընթացքում սերտորեն համագործակցել համանախագահների եւ Մինսկի խմբի մյուս անդամների հետ», - ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը։

Երեկվա քննարկման ընթացքում ելույթ է ունեցել նաեւ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների փոխդեսպան Ռոզմարի ԴիԿարլոն, ով ասել է, թե պաշտոնական Վաշինգտոնը` որպես Մինսկի խմբի համանախագահության անդամ, ամենաբարձր մակարդակով է շարունակելու մասնակցել Լեռնային Ղարաբաղի խնդրի հարատեւ եւ խաղաղ կարգավորմանը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ Ադրբեջանի ներկայացուցիչը` դեսպան Ագշին Մեհդիեւը Գիլմորի ելույթից հետո ԵԱՀԿ-ին կոչ է արել առավել ակտիվ աշխատել Լեռնային Ղարաբաղի խնդրում։

«Մեր դիրքորոշումն այն է, որ այս քաղաքական գործընթացի առանցքը պետք է լինի կարգավորման այնպիսի բանաձեւ, որը թույլ կտա վերջ դնել մեր տարածքների ապօրինի գրավմանը, վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փախստականներին կընձեռի իրենց տները վերադառնալու հնարավորություն եւ կերաշխավորի Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում ադրբեջանցիների եւ հայերի խաղաղ գոյակցությունը», - հայտարարել է Մեհդիեւը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG