Մատչելիության հղումներ

Ծառուկյանի մերձավորը համարվող անձը ազատ է արձակվել կալանքից


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը
Հայաստանի գլխավոր դատախազության շենքը
«Բանգլադեշցի Համո» մականունով հայտնի Աշոտ Ավետիսյանը ազատ է արձակվել կալանքից: Դատախազության որոշմամբ, փոխվել է նրա խափանման միջոցը` ստորագրությամբ չհեռանալու պայմանով:

Աշոտ Ավետիսյանը, ով, ըստ լրատվամիջոցների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանի մերձավորներից է, ձերբակալվել էր հունվարի 18-ի կեսգիշերին` Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Ըստ ոստիկանության տեղեկատվության, նա դաժան ծեծի է ենթարկել մի տաքսիստի, ում վարած «ՎԱԶ» մակնիշի մեքենան այդ խաչմերուկում բախվել է «BMW X-6» մակնիշի իր մեքենային: Աշոտ Ավետիսյանը իջել էր մեքենայից եւ, հայհոյանքներ հասցնելով, այնպես է ծեծել տաքսիստին, որ վերջինս մարմնական վնասվածքներով, արյունլվա տեղափոխվել է հիվանդանոց:

Անցած ամիս դատարանը Ավետիսյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու որոշում էր կայացրել, բայց փաստորեն երեկ նրան ազատ արձակեցին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը` դատավարական ղեկավարումն իրականացնող Արաբկիրի դատախազության դատախազի որոշմամբ փոփոխել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` նկատի ունենալով, որ նա խնամքի տակ ունի անչափահաս երեխաներ: Տռուզյանի խոսքով` հաշվի առնվել նաեւ այն, որ Աշոտ Ավետիսյանը ունի մշտական բնակության վայր, աշխատանք, եւ այս պահին հիմքեր չկան, որ նա կխուսափի նախաքննական մարմնից:

«Բացի այդ, խիստ անհրաժեշտ քննչական գործողություններն արդեն կատարվել են, եւ նրա ազատության մեջ գտնվելը չի կարող խոչընդոտել նախաքննության օբեկտիվությանն ու լրիվությանը: Ուստի եւ նման խափանման միջոց ընտրվել», - ասաց գլխավոր դատախազի մամուլի խոսնակը:

Աշոտ Ավետիսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 258-ի 2-րդ մասով` խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով, եւ 112-ի 1-ին մասով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք հասցնելը:

Ըստ մամուլի` սա «Բանգլադեշցի Համո» անվամբ հայտնի անձի հետ կապված առաջին նմանատիպ միջադեպը չէ: 2005-ի փետրվարին նա մասնակցել էր «Տէցի կռուգ» կոչվող վայրում տեղի ունեցած փոխհրաձգությանը, ինչի հետեւանքով մեկ մարդ սպանվել էր, երկուսը` վիրավորվել: Աշոտ Ավետիսյանը այդ ժամանակ դատապարտվեց 1.5 տարի պայմանական ազատազրկման եւ դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Լրագրողական շրջանակներում այս անձը հայտնի է լրագրողների աշխատանքը խոչընդոտելով, նկարահանումների ժամանակ տեսախցիկներն ու լուսանկարչական ապարատները խլելով:

Այս անգամ տաքսիստի հետ ունեցած միջադեպից հետո նրա կալանավորումը որոշ վերլուծաբաններ կապեցին իշխող Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջեւ լարված հարաբերություններով` նկատի ունենալով, որ «Բանգլադեշցի Համոն» Գագիկ Ծառուկյանի մերձավորներից է:

Հարցին, թե արդյո՞ք Աշոտ Ավետիսյանին կալանքից ազատ արձակելը քաղաքական որոշման արդյունք էր, գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը պատասխանեց. - «Դատախազությունը իրավապահ մարմին է, քաղաքական գործընթացներին չի խառնվում եւ առաջնորդվում է բացառապես Քրեական դատավարության օրենսգրքով եւ սահմանդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում եւ այդ հիմքերի առկայության պայմաններում է կայացնում որոշումներ»:

Հարցին, թե Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու որեւէ ցուցում կամ խնդրանք չի եղե՞լ, Տռուզյանը պատասխանեց. - «Ինչ վերաբերում է ընդհանրապես խնդրանքներին, բոլոր քրեական քրեական գործերով էլ խնդրանքներ հնարավոր է, որ լինեն, բայց դատախազությունը առաջնորդվում է բացառապես օրենքով»:

Ի դեպ, դատախազությունը երկուշաբթի օրը կալանքից ազատելու մի որոշում էլ կայացրել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի նկատմամբ: Որոշման մեջ նշվում էր, թե Գեւորգյանի խափանման միջոցը փոխվել է, քանի որ նա մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել եւ ունի մշտական բնակության վայր: Մինչդեռ «Բանգլադեշցի Համոն» նախկինում դատապարտված եղել է եւ մեղադրվում է տուժողին դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Թերեւս խափանման միջոցը փոխելու դատախազության այս երկու որոշումների մեջ մեկ ընդհանրություն կա. ինչպես եւ Գեւորգյանը, «Բանգլադեշցի Համոն» եւս ունի մշտական բնակության վայր:

please wait

No media source currently available

0:00 0:03:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG