Մատչելիության հղումներ

Միգրացիոն ծառայության պետը մարդահամարի տվյալները «ահագնացող» չի համարում


Արտագնա աշխատանքի մեկնողները «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ
Արտագնա աշխատանքի մեկնողները «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ
Հայաստանի Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը մարդահամարի նախնական տվյալները, որոնց համաձայն երկրում առկա բնակչության թիվը վերջին տասը տարիներին նվազել է 130 հազարով, անսպասելի եւ «ահագնացող» չի համարում:

«Միայն 1992 թվականին արտագաղթի ցուցանիշը 210-220 հազար է եղել, 1993 թվականին` 130-140 հազար, 1994 թվականին` 130 հազար: Այս համեմատության մեջ, կարծում եմ, նման գնահատականներ տալը ճիշտ չէ», - ասում է Եգանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում` մատնանշելով նաեւ 2002-2007 թվականներին անցկացված հետազոտությունները: Համաձայն դրանց, այդ 5 տարիների ընթացքում Հայաստանից հեռացել էր 150 հազար մարդ:

Շարունակելով` Եգանյանը ներկայացնում է ուղեւորափոխադրումների տվյալները, որոնց համաձայն, վերջին տարիներին Հայաստանից ավելի շատ ուղեւոր է մեկնել, քան ժամանել է: Օրինակ, 2010 թվականին Հայաստանից մեկնողների թիվը 46 հազար 800-ով ավելի է եղել, քան Հայաստան ժամանողների թիվն է: 2011 թվականին այս ցուցանիշը կազմել է 41 հազար մարդ:

Եգանյանը վկայակոչում է մի շարք հարցումներ, որոնց համաձայն երկրից մեկնելու հիմնական պատճառը աշխատանք չունենալն է: Միգրացիոն ծառայության պետը ելքը համարում է տնտեսական ու սոցիալական պայմանների բարելավումը, եւ նրա խոսքով` կառավարությունը հենց դրանով էլ զբաղված է:

Մինչդեռ տնտեսագետ Սամվել Ավագյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում մտահոգիչ համարելով արտագաղթի ծավալները, նշում է, որ դրանք անդրադառնում են նաեւ տնտեսության զարգացման վրա:

«Հեռանում են աշխատող, երկրի տնտեսության զարգացման վրա ազդող մարդիկ», - նշում է նա:

Տնտեսագետը գտնում է, որ կառավարությունը կարող էր օգտվել միջազգային փորձից` լրացուցիչ ծախսերի իրականացմամբ ստեղծել աշխատատեղեր, թեկուզ տնտեսական էֆեկտ դա չստեղծեր: - «Հայաստանի կառավարությունը դա չարեց, մինչդեռ շատ եվրոպական երկրներ կիրառեցին այս մեթոդը», - նշում է տնտեսագետը` պարզաբանելով. - «Մենք [տնտեսական քաղաքականություն] անում ենք հիմնականում Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդով, որովհետեւ իրենց նորագույն տեսություններում կառավարության խիստ միջամտությունը ցանկալի չի համարվում»:

«Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Թուրքիա մեկնողներն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում էին, որ գնում են աշխատելու կամ արտերկրում աշխատանքի մեկնած հարազատին տեսակցելու: Նրանք ասում էին, որ եթե Հայաստանում աշխատանք լիներ, հաստատ երկրից չէին հեռանա:

please wait

No media source currently available

0:00 0:05:05 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG