Մատչելիության հղումներ

Ավարտվեց Մարգար Օհանյանի գործով վկաների հարցաքննությունը


ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյան
ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյան
Երեքշաբթի օրը Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով վկաների հարցաքննությունը:

Այսօր հարցաքննված վերջին վկան` երկրորդ սպայական գումարտակի երրորդ վաշտի հրամանատար Նիկողայոս Ղազարյանը, իր ցուցմունքում նշեց, որ 2009-ից 2010 թվականն ընկած ժամանակահատվածում եղել է 2-3 ամիս, երբ վառելիք ավելի քիչ են ստացել, բայց շատ են ցույց տվել: Այս վկան եւս նշեց, որ քիչ վառելիք ստանալու հարցով Մարգար Օհանյանին չի դիմել եւ նրա հետ այս հարցը չի քննարկել:

Ի պատասխան մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանի հարցին, թե ի՞նչ պատճառով է հաշվետվություններում մեծ թվեր ցույց տվել, վկան ասաց, թե երկրորդ սպայական գումարտակի նախկին հրամանատար, այժմ մեղադրյալ Ստեփան Կարախանյանի հանձնարարությունն է կատարել:

«Անընդհատ չես ուզի պայքարի մեջ մտնել` գրեմ-չգրեմ, գրեմ-չգրեմ: Երկու ամիս արձակուրդ գնալուց առաջ ոչ մեկը ավելորդ խոսակցություն չի ուզեցել, գրել, գցել է: Տենց է ուզել, մենք էլ գրել ենք էդ երկու ամիսը: 10 ամսվա համար մեզ ազգային հերոսի կոչում տվի՞ն, էդ երկու ամիսը, որ հավելագրել ենք, ի՞նչ: Կարախանյանը ասել է սենց գրեք, անվադողեր կստանաք, էս կստանաք, մենք էլ գրել ենք», - ասաց վկան:

Մեղադրող դատախազը հարցրեց, թե քիչ վառելիք ստանալու կապակցությամբ դիմե՞լ է Մարգար Օհանյանին. - «Ես անձնական կապեր ունեի կամ ունեմ Ճանապարհային ոստիկանության հրամանատար Մարգար Օհանյանի հետ, շատ մտերիմ ենք, ես իմ անձնական հարցով կարող էի զանգել իրան, բայց իմ աշխատանքային հարցերով չեմ փորձել մոտենալ իրեն երբեւէ», - պատասխանեց Ղազարյանը:

Այսպիսով, անցած ամսվանից մեկնարկած բենզինի յուրացման գործով դատակոչված մեկ տասնյակից ավելի վկաներից միայն երկրորդ սպայական գումարտակի հրամանատար, Երեւանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արսեն Արշակյանը հայտարարեց, որ քիչ բենզին ստանալու եւ հաշվետվություններում շատ ցույց տալու մասին Մարգար Օհանյանը տեղյակ է եղել: Մնացած բոլոր վկաները դատարանում տված իրենց ցուցմունքներում Մարգար Օհանյանի անունը չեն տվել եւ նշել են, որ իրենց նախկին ղեկավարին բենզինի հարցով չեն դիմել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք մեկ վկայի, տվյալ դեպքում Արսեն Արշակյանի ցուցմունքը կարող է էական ազդեցություն ունենալ Մարգար Օհանյանի մեղավորությունն ապացուցելու գործում, Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը պատասխանեց. - «Նախաքննության հենց սկզբից էլ ասվել է, որ Մարգար Օհանյանը իրեն մեղավոր չի ճանաչում, կարծում եմ, որ այս մի վկայի ցուցմունքը Մարգար Օհանյանի դեմ չէր, ասել էր, որ ընդամենը Մարգար Օհանյանը տեղյակ է եղել, բայց ոստիկանության համակարգում տեղյակ լինելը ո՞րն է… տեղյակ լինելու համար ոստիկանության բարձրաստիճան սպա ես, դրա համար հրաման է պետք է, զեկուցագիր է պետք… համարում եմ, որ դա նույնպես [դեմ] ցուցմունք չէ, եւ մեր կարծիքով` որպես ապացույց չի կարող գնահատվել ի վնաս Մարգար Օհանյանի»:

Ավարտելով վկաների հարցաքննությունը` դատարանն այսօր անցավ մեղադրյալների հարցաքննությանը: Հիշեցնենք, բենզինի յուրացման գործով կա չորս մեղադրյալ` Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, երկրորդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, տնտեսական բաժնի տեխնիկ Սամվել Մախմուրյանը եւ բաժնի պետ Արա Լեւոնյանը: Դատարանը այսօր հարցաքննությունը որոշեց սկսեց Սամվել Մախմուրյանից, բայց վերջինս հայտարարեց, թե պատրաստ չէ ցուցմունք տալ եւ խնդրեց իրեն հանրային պաշտպան հատկացնել, քանի որ ֆինանսական միջոցները չեն բավարարում սեփական պաշտպան ունենալու համար: Դատավորը բավարարեց մեղադրյալի միջնորդությունը, եւ դատական նիստը հետաձգեց մինչեւ փետրվարի 14-ը:

Մարգար Օհանյանը կասկածի տակ դրեց Մախմուրյանի` ցուցմունքից հրաժարվելու պատճառաբանությունը` նշելով, որ նրան իր ցուցմունքից հրաժարվելու ցուցում է տրվել:

«Պաշտպան կունենա, թե չի ունենա, ինքը ազատության մեջ է, էնպես չէ, որ իրեն եսիմինչերի են հասցրել, որ չի հիշում, ուղղակի ցուցում ունի, որ պետք է հետաձգեր, հետաձգեց», - ասաց Օհանյանը` չմանրամասնելով, թե ով է, իր կարծիքով, ցուցում տվել Մախմուրյանին:

Մախմուրյանն էլ չցանկացավ պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին եւ արագ հեռացավ դատարանից:

«Ազատություն» ռադիոկայանը փորձեց նաեւ մեղադրյալ Ստեփան Կարախանյանից ճշտել, թե արդյո՞ք դատարանում պնդելու է նախաքննության ընթացքում Մարգար Օհանյանի դեմ տված ցուցմունքը: Հիշեցնենք, որ հենց նրա ցուցմունքի հիման վրա օգոստոսի վերջին ձերբակալվեց ՃՈ նախկին պետը: Նա ասաց` «կգա պահը, նոր կորոշի»:

ՃՈ-ին հատկացված բենզինի յուրացման մեջ մեղադրվող Մարգար Օհանյանը առաջիկայում պատրաստվում է եւս մեկ անգամ դիմել դատարանին` իր խափանման միջոցը` կալանքը, փոխելու կապակցությամբ: «Անպայման դիմելու եմ, ես իմ իրավունքներից միանշանակ օգտվելու եմ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Օհանյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:04 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG