Մատչելիության հղումներ

Լրագրողը բացառեց, որ իր մեքենան դիպել է տուժողին


Հայկ Գեւորգյան
Հայկ Գեւորգյան
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը, այսօր ներկայացնելով իրեն մեղսագրվող միջադեպի մանրամասները, պնդեց, որ իր մեքենան չի դիպել գործով տուժող Աշոտ Ֆրանգուլյանին:

«Միանշանակ չի կպել, այնպես չի, որ ինձ թվացել է, թե 5 սմ է, բայց իրականում կպել է, ինքը մի քանի տասնյակ սմ է հեռու եղել մեքենայից: Ինքը ոտքը բռնած գոռում էր ու նայում կողքերը, թե ով իրեն կտեսնի», - լրագրողներին պատմեց Գեւորգյանը, ով մեղադրվում է մի քաղաքացու վրաերթի ենթարկելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու մեջ։

Լրագրողի խոսքով` հունվարի 13-ին, ժամը 18-ի սահմաններում, ավարտելով հարցազրույցը էկոնոմիկայի նախարարությունում, մոտեցել է մեքենային եւ նկատել, որը մեկը սպասում է:

«Փորձեցի ետընթացով դուրս գալ, տեսնեմ, հետեւում մեկը կանգնած է, մտածեցի, թե կանգառներում, որ փող են հավաքում, այդ մարդն է, 100 դրամանոցը պահեցի ձեռքումս, որ մոտենա վերցնի: Չեկավ, մի քիչ սպասեցի, հետո ինքը ինձնից մի փոքր ձախ գնաց, տեսա, որ ինձնից հեռու է, մի քանի սանտիմետր շատ դանդաղ հետ տվեցի մեքենան: Հետո տեսա, նորից եկավ մեքենայի հետեւում կանգնեց, էլի սպասեցի, ինքը նորից գնաց այն կողմ, դա եղավ մոտ 6-7 անգամ, տեւեց մոտ կես րոպե», - ասաց Գեւորգյանը:

Դրանից հետո, ինչպես լրագրողը պատմեց, ստիպված ձայնային ազդանշան տվեց. - «Իբր թե նոր տեսավ, որ մեքենան շարժվում է ու գնաց մի կողմ: Ես իրեն նայելով, որ հաստատ համոզվեմ, որ ինքը կողքի մեքենայի ետեւում է, սկսեցի կամաց հետ գնալ: Դե, բնականաբար, պիտի նայեմ, տեսնեմ, աջից մեքենա գալիս է, թե` ոչ, հետո նորից նայեցի իրեն, այ, հենց այդ պահին գոռաց, ու կանգնած էր մյուս մեքենայի հետեւում: Իջա, իր նկարագրածով ուրիշ բառ [հայհոյանք] եմ ասել, բայց ես զուտ հայերեն եմ խոսել, ասել եմ, որ ոստիկանություն կկանչեմ, ինքը ձայն չհանեց, մտածեցի, որ նրա պլանավորածը տեղի չունեցավ, ես էլ թողեցի, գնացի»:

Գեւորգյանի համոզմամբ` ոստիկանությունը նկարահանել է տեղի ունեցածը, բայց քանի որ մեքենան Ֆրանգուլյանին չի դիպչել, այդ տեսանյութը չի հրապարակվում:

«Իրենք պլանավորեցին, որ ես կխառնվեմ իրար, չգիտեմ ինչ կանեմ, բայց իրենց ուզածը չեղավ, իմ գործողությունը չտեղավորվեց իրանց ծրագրավորած շղթայի մեջ, ու այդ ամբողջ ծրագիրը փլվեց մի քանի վայրկյանի ընթացքում», - ասաց նա:

«Հայկական ժամանակ»-ի լրագրողի վստահություն հայտնեց, որ առանց ավելի բարձր ատյանի իմացության ոստիկանապետը չէր նախաձեռնի այս քայլը: Նա, սակայն, իրեն ազատ արձակելը կապեց բարձրացված մեծ աղմուկի հետ: Հատկանշական է, որ խափանման միջոցը փոխվելուց հետո էլ ոստիկանությունը լրագրողին չի վերադարձրել նրա գույքը` այդ թվում ձայնագրիչը, հեռախոսը եւ լուսանկարչական սարքը:

«ՀԴՄ կտրոն են վերցրել, գրանցել... քննիչը, որ դրանք փակել է իր սեյֆում ու կողքը նստել է, այդ գործողությունների տրամաբանությունը ունի՞: Չունի’: Ուղղակի ասել են, ձայնագրիչն էլ մի քիչ ուշացնես, էլի… », - ասաց լրագրողը:

Այսօր Գեւորգյանը վերահաստատեց, որ հետամուտ է լինելու գործի ամբողջական բացահայտմանը: Նա պատրաստվում է հակընդդեմ հայց կներկայացնել ակնհայտ սուտ մատնության համար: Իսկ հիմա նա սպասում է, որ իրեն հարցաքննության կանչեն:

«Եթե ծանուցագրի մեջ անհամապատասխանություն եղավ օրենքով սահմանված կարգին, ես էլի չեմ գնալու ու էլի սպասելու եմ, որ ինձ գան ձերբակալեն, «թաքնվելու» եմ, այստեղ, կառավարությունում: Եթե գոնե նրանց ծանուցագիր գրել սովորեցնեմ, մեծ հաղթանակ կլինի», - ասաց նա:

please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG