Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանել Ռուսաստանի վարչապետի առաջին տեղակալը


Հայաստան է ժամանել Ռուսաստանի կառավարության նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Զուբկովը, որին երեկ ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու երկկողմ ձգտումը շատ լավ մթնոլորտ են ստեղծում հայ - ռուսական հարաբերությունների հետագա զարգացման համար: Նախագահի խոսքով, երկու երկրների միջեւ տարեցտարի աճում է ապրանքաշրջանառությունը, մեծանում է ռուսական կապիտալով համատեղ ձեռնարկությունների քանակը, ավելի բազմազան է դառնում հումանիտար համագործակցությունը:

Վիկտոր Զուբկովը ասել է, որ 2008 թվականին Հայաստան կատարած իր նախորդ այցից հետո՝ անցած չորս տարիների ընթացքում հայ - ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի սերտացել եւ ջերմ են դարձել: Դրանք, ըստ նրա, ամրապնդվել են նաեւ բարձր մակարդակի փոխայցելություններով, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի անցյալ տարվա հոկտեմբերին Ռուսաստան կատարած պետական այցով: Զուբկովը նշել է, որ երկու երկրների կառավարություններն ակտիվ աշխատանք են իրականացնում այդ փոխայցելությունների ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ:

Հանդիպման մասնակիցները կարեւորել են հայ - ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի համանախագահների հանդիպումը տեղի է ունենալու այսօր Երեւանում:

Զրուցակիցները հեռանկարային են համարել գործակցության զարգացումը գյուղատնտեսության, էներգետիկայի եւ մի շարք այլ ոլորտներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG