Մատչելիության հղումներ

Ինքնասպանության պատճառներն աստղաբանի տեսակետից


Վերջերս Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփեց 2011 թվականի ժողովրդագրական արդյունքերը:

Ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն անցյալ շաբաթ նշեց, որ 2011 թվականին ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի թիվն աճել է 9,3 տոկոսով. - «Ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի հանրագումարը կազմել է 647 դեպք, նախորդ տարվա ցուցանիշը 592 էր»:

Սակայն, եթե հաշվի առնենք, որ 647 դեպքից միայն 195-ն ավարտվել է ինքնասպանությամբ, ապա 2010 թվականի համեմատ ինքնասպանությունները թիվը նվազել է. 2010 թվականին այն կազմել է 225: Ըստ վիճակագրական տվյալների, ինքնասպանության դիմողների խմբում են հիմնականում գործազուրկներն ու կենսաթոշակառուները: Սակայն աստղաբան Էլյա Հովհաննիսյանը համաձայն չէ, որ սա սոցիալական վատ պայմանների արդյունք է:

Աստղաբանն օրինակ բերելով իր պրակտիկայում պատահած դեպքերը` ասաց. - «Անցյալ տարի օգոստոսի 25, 26, 27-ին երեք ինքնասպանության հարցով դիմեցին ինձ, երեքն էլ նույն պահի ազդեցության տակ էին, այսինքն` Լուսինը Ուրան մոլորակի հետ ուներ բացասական դիրք, իսկ եթե դիրքը բացասկան է, ուրեմն մարդը ենթակա է դրան»:

Ըստ աստղաբանի, Լուսնի ու մոլորակների բացասական դասավորության ժամանակ շրջապանում տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխություն կարող է ազդել տրամադրության վրա: Առաջանում է հոգեբանական փոփոխականություն, անհանդուրժողականություն, զգացումները դառնում են ավելի բռնկուն` հաճախ առանց որեւէ պատճառի:

Հովհաննիսյանը նշում է. - «Հիմնական պատճառն այն է, որ Լուսնից եւ Ուրանից գալիս են բացասական լիցքավորված միկրոմասնիկներ: Այդ միկրոմասնիկները երկու կողմից մտնում են օրգանիզմ եւ տարածվում են մարդու ներքին եւ արտաքին աշխարհում, եւ նրանց ներգործությունը արտահայտվում է մարդկանց մոտ նման ձեւով»:

Կարինե Կույումջյանը փաստում է, որ երիտասարդ տարիքում ինքնասպանություն ավելի հաճախ գործում են իգական սեռի ներկայացուցիչները, իսկ միջին տարիքում` տղամարդիկ:

Էլյա Հովհաննիսյանի խոսքով, երբ աղջիկն է գտնվում Լուսնի եւ Ուրանի բացասական ազդեցության տակ, պայքարելն ավելի դյուրին է դառնում, քանի որ օգնության է գալիս լացը, իսկ տղաները դառնում են բռնկուն, սկսում են նեղացնել իրենց կողքին գտնվողներին, իրենց արարքների համար փնտրում են մեղավորների: Աստղաբանը վստահ է. սա մարդու հետ պատահում է ամիսը մեկ անգամ: Մեկ-երկու օր մարդը գտնվում է անհանգիստ, նյարդային վիճակում:

Նման վիճակից ազատվելու եւ հետագա քայլերից խուսափելու համար Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս. - «Այդ երկու-երեք օրն առավոտյան մտնել ցնցուղի տակ: Հարցը լողանալը չէ. երբ երկար կանգնում եք ցնցուղի տակ, դրսից մաքրվում են այդ միկրոմասնիկները, կրոնի բառերով ասած` դա չար ոգին է, որի նպատակը տվյալ մարդուն խանգարման հասցնելն է: Մարդը այդ ժամանակ նաեւ մտքում պետք է խոսի դրանց հետ, եւ ասի, որ ինքն իրենցից չի վախենում, քանի որ դրանք վախենում են, երբ իրենց ճանաչում են»:

Հովհաննիսյանը նշում է, որ ինքնասպանության թիվն ավելի շատ է այն մարդկանց շրջանում, ում ծնվելու պահին Մարսն ու Պլուտոնը գտնվել են բացասական դիրքում: Աստղաբանը դա բացատրում է նրանով, որ ե'ւ Մարսը, ե'ւ Պլուտոնը հարձակողական են, եւ այն պահին, երբ ծնվում է երեխան նրանք միմյանց վրա հարձակվելու փոխարեն, հարձակվում են երեխայի վրա, որի ազդեցությունն ակնհայտ է դառնում ավելի մեծ տարիքում:

«Նրանց մոտ առաջանում է անբնականի սուր ըմբռնում, այնպիսի բաներ, որ իրականում գոյություն չունեն, բայց մարդը զգում է, տեսնում է, հասկանում է եւ չի դիմանում: Ոմանք խանգարվում են, ոմանք ինքնասպան են լինում, ոմանք էլ ուրիշին են սպանում», - նշում է Հոնվաննիսյանը:

Մեզանում կգտնվեն շատերը, որ թերահավատորեն կմոտենան աստղաբանի այս տեսակետներին, աստղաբանն ինքն էլ սա գիտակցում է ու վիավորվում: Նշում է, որ սա տարիների ուսումնասիրություն է, եւ իր պարտքն է համարում մարդկանց զգուշացնելը:

Հոգեբան Ռուբիկ Պողոսյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշում է, որ հոգեբանության մեջ գոյություն ունի ճգնաժամային տարիք ասվածը, այսինքն ինչ-որ տարիքում մարդ սկսում է ի մի բերել իր անցած ճանապարհը եւ երբ իրականությունը չի համընկնում այդ պահին մարդու պատկերացումների հետ, նա հայտնվում է փակուղու առաջ: Պողոսյանը վստահ է. սա էլ կարող է դառնալ ինքնասպանության առիթ:

«Իսկ ավելի մեծ տարիքում ե'ւ կարող է սոցիալական լինել, ե'ւ կարող է սեռական կյանքի ժամանակից շուտ դադարի հետ կապված լինել, որովհետեւ դա տղամարդու համար ամենամեծ արժեքն է եւ անկումից ինքն իր աչքերում, կնոջ, երեխաների աչքերում նրա մոտ սկսում է կասկածամտություն, պսիխոզներ, ի վերջո դա տանում է ինքնասպանության», - նշում է Պողոսյանը:

Սակայն Պողոսյանը կասկածի տակ չի դնում նաեւ աստղաբանների տեսակետները. - «Դրանք ավելի շուտ տրանսպերսոնալ բնույթի ուսումնասիրություններ են: Անշուշտ դա կա, ոչ ոք չի կարող դա հերքել, սակայն ապացուցելիությունը չկա, փաստացի կա»:

please wait

No media source currently available

0:00 0:06:41 0:00
XS
SM
MD
LG