Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքները` երիտասարդների լուսանկարներում


Հեղինակները հենց երիտասարդներն են, որոնց լուսանկարները արտացոլում են այն խնդիրները, որոնց բախվում ենք ամեն օր:

Ծրագրի ղեկավար Ռուզաննա Նահապետյանը անդրադարձել էր երթուղային տաքսիների խնդրին. - «Երթուղային տաքսում նկարել եմ երեխային, ով նստել է մայրիկի հետ միեւնուն նստարանին, ինչը բնականաբար ապահով չէ: Յուրաքանչյուր օր երթուղայիններում ոտնահարվում են մեր իրավունքները»:

Լուսանկարներից մի քանիսը վերաբերում են հաշմամդամների խնդիրներին, որոնք թերեւս ամենաշատն են ոտնահարվում: Լուծված չեն նրանց տեղաշարժման, զբաղվածության, ինչպես նաեւ տրանսպորտի խնդիրները:

Նաիրա Աբրահամյանը լուսանկարների միջոցով բարձրաձայնել է Տավուշի մարզում բնակվող եւ բնակարանից զրկված մարդկանց խնդիրները:

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն խորհրդանշական է համարում, որ 2012-ի միջոցառումների մեկնարկը տրվեց հենց մարդու իրավունքներին նվիրված ցուցահանդեսով:

«Ուսանողների լուսանկարներն շատ խորը իմաստ ունեն, քանի որ դրանք արտացոլում են, թե որքանով են պաշտպանված մարդու իրավունքները Հայաստանում, այսինքն բարեկեցիկ կյանքի, առողջության, կրթության, ազատ խոսքի իրավունքները: Շատ հաճելի է, որ երիտասարդները բավական ակտիվ են, նրանք գիտեն իրենց իրավունքները եւ քայլեր են ձեռնարկում, որպեսզի տեղեկացնեն նաեւ իրենց ընկերներին, շրջապատող մարդկանց», - ասաց Դոցենկոն:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ փետրվարի 24-ը:
XS
SM
MD
LG