Մատչելիության հղումներ

Քլինթոն - Նալբանդյան հանդիպում Մյունխենում


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով։ Պաշտոնական Վաշինգտոնի այս դիրքորոշումն է վերահաստատել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շաբաթ օրը Մյունխենում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը։

Մյունխենի՝ անվտանգության հարցերով 48-րդ համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր լիակատար աջակցությունը հակամարտության կողմերի միջեւ համաձայնությունների ձեռք բերմանը եւ հիմնախնդրի հանգուցալուծմանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումների շուրջ հանգամանալից քննարկում:

Նալբանդյանը կարեւորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը եւ ամերիկյան գործընկերոջը ներկայացրել հունվարի 23-ին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:

Հայ - ամերիկյան հարաբերություններին անդրադառնալով` Նալբանդյանը եւ Քլինթոնը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ հաստատված բարձր մակարդակի բարեկամական գործընկերության, ինտենսիվ քաղաքական երկխոսության, պարբերական շփումների առնչությամբ եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու գործուն քայլերը փոխշահավետ համագործակցությունն առավել ամրապնդելու եւ խորացնելու ուղղությամբ:

Այս տարի նշվող` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների քսանամյակի կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանը ասել է. - «Այս հոբելյանական տարում կարելի է արձանագրել՝ համատեղ ջանքերով Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ գործընկերությունը գտնվում է հայ - ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա»:

Հանդիպման օրակարգում էին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տարբեր միջազգային կազմակերպությունների գործունեությունը, տնտեսական համագործակցության զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ Սեուլում մարտին կայանալիք միջուկային գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը:

Ուրբաթ եւ շաբաթ օրերին Մյունխենում կայացած անվտանգության հարցերով 48-րդ համաժողովին ներկա էին շուրջ 70 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ՝ պետությունների ղեկավարներ, նախարարներ եւ բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, ընկերությունների ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովին քննարկումներ են ծավալվել աշխարհում տեղի ունեցող գործընթացների, էներգետիկ անվտանգության, միջազգային անվտանգության վրա ֆինանսական ճգնաժամի ազդեցության, միջուկային զենքի չտարածման եւ միջազգային հանրությանը հուզող այլ խնդիրների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG