Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանն ասում է` իր համակիրներին ազատում են աշխատանքից


Սասուն Միքայելյանը նախընտրական հանդիպման ժամանակ, Հրազդան, 25 հունվար, 2012
Թեեւ Կոտայքի մարզպետն ու Հրազդանի գործող քաղաքապետը հայտարարում են, թե Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավն անցնում է օրենքի տառին համապատասխան եւ առանց խախտումների, քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանը բարձրաձայնում է խախտումների ու ճնշումների մասին:

Միքայելյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Հրազդանում այժմ ահաբեկչության մթնոլորտ է տիրում:

«Ահաբեկչությունը ո՞նց է լինում: Մարդու կամքին հակառակ աշխատանքից ազատում են մեզ բարեւ տալու կամ մեր շտաբ գալու համար: Կանչում, ահաբեկում են: Մարզպետն ուսուցիչներին է ահաբեկում, ուսուցիչները գալիս են դպրոցում աշակերտներին են ահաբեկում, ասում են, կգնաք, ձեր ծնողներին կասեք, որ Սասուն Միքայելյանին ձայն չտան, Արամ Դանիելյանին ձայն տան: Մարդիկ կախվածության մեջ են, ծնողներն էլ ինչ-որ չափով վախի մթնոլորտում են», - ասաց Միքայելյանը:

Միքայելյանի կենտրոնական շտաբի ղեկավար Հակոբ Ավագումյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ օրերս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հրազդանի թիվ 2 երաժշտական դպրոցի աշխատակիցներից մեկը:

«Երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Ազրոյանը դպրոցի ուսուցիչներից Հովիկ Գրիգորյանին կանչել եւ ասել է` ինչո՞ւ ես սատարում Սասուն Միքայելյանին, Հովիկ Գրիգորյանը ասել է` դու իմ դիրքորոշման վրա չես կարող ազդել, ու տեղում դիմում է գրել ու ազատվել աշխատանքից», - ասաց Ավագյումյանը:

Աշխատանքից ազատման մի դիմում էլ գրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցներից մեկը: Նա Միքայելյանի հանդիպումներից մեկում ելույթ է ունեցել, որից հետո ստիպված է եղել հեռանալ աշխատանքից: Ավագումյանն ասաց` աշխատանքից ազատման դիմում գրած այդ մարդը չի ուզում խոսել լրատվամիջոցների հետ, որպեսզի հարվածի տակ չդնի աշխատանք ունեցող իր հարազատներին: Ըստ Ավագումյանի` հօգուտ Դանիելյանի քվեարկելու համար հրազդանցիներին փորձում են ճնշելով ոչ միայն մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկներում, այլեւ մասնավոր ընկերություններում:

«Հրազդանի ՋԷԿ-ում, որը ռուսական կապիտալով աշխատող ընկերություն է, նույն խտրական վերաբերմունքն է առկա: Երբ մեր հանդիպումը լինում է որոշակի թաղամասում, մեկ առ մեկ նայում են, թե ովքեր են Հրազդանի ՋԷԿ-ի աշխատակից, որ հետո նրանց վրա ճնշումներ բանեցնեն: Երբ Արամ Դանիելյանն է աշխատանքային ժամերին հանդիպում ունենում որեւէ թաղամասում, ՋԷԿ-ի աշխատակիցներին ուղարկում են, որ մասնակցեն հանդիպմանը», - ասաց Ավագումյանը` հավելելով, որ գործող քաղաքապետը քարոզարշավին դպրոցների ուսուցիչների է ներգրավում, ինչպես նաեւ ընտրողների վրա ազդելու համար տեղական բյուջեից սոցիալական օգնություններ է բաշխում:

Հանրապետական կուսակցության անդամ, քաղաքապետի նախընտրական քարոզչական կենտրոնի լրատվության հետ կապերի պատասխանատու Կարեն Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Միքայելյանի ու նրա կողմնակիցների բարձրաձայնած խախտումները «իրականությանը չհամապատասխանող» որակեց:

«Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ մեր յուրաքանչյուր գործընկերոջ, քարոզչական գործընթացով զբաղվող յուրաքանչյուր ընկերոջ ասված է, որ նմանատիպ գործունեություն չծավալեն: Մենք անցկացնում ենք դասական քարոզարշավ` դրա բոլոր կանոններին համապատասխան, քաղաքակիրթ տարբերակներին, ժողովրդավարական մոտեցումներին համապատասխան», - հավաստիացրեց Մարգարյանը:

Մարգարյանն ասաց` տեղյակ չէ Միքայելյանի կողմնակիցների բարձրացրած խնդիրներին: Նա նշեց, թե իրենք տեղեկություններ չունեն այն մասին, թե Միքայելյանի կողմնակիցները, ճնշումների ենթարկվելու արդյունքով աշխատանքից ազատման մասին դիմում են գրել:

«Գործող քաղաքապետը իր առջեւ խնդիր է դրել փետրվարի 12-ին Հրազդանում ապահովել լիարժեքորեն արդար, թափանցիկ, ՀՀ Ընտրական օրենսգրքին, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրություն», - ասաց Մարգարյանը:

Թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ թեկնածուներից խախտումների վերաբերյալ բողոքներ չեն ստացել:

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG