Մատչելիության հղումներ

Հակոբյանին կալանքի տակ պահելու «պատճառ չկա»


Հեռուստառադիոպետկոմի նախկին նախագահ, «Արմենպրես»-ի նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանը:
Հեռուստառադիոպետկոմի նախկին նախագահ, «Արմենպրես»-ի նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանը:

Հեռուստառադիոպետկոմի նախկին նախագահ, «Արմենպրես»-ի նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանն արդեն 20 օր առաջ կալանավորվել է եւ գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին, որ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քրեական օրենսգրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (յուրացումը կամ վատնումը` առանձնապես խոշոր չափերով):

Տիգրան Հակոբյանի 2 փաստաբաններից մեկը` Հայկ Ալումյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Հակոբյանին կալանքի տակ պահելու որեւէ պատճառ չկա. - «Ինքը փաստորեն կալանավորվել է միայն այն պատճառով, որ մեղադրվում է ծանր հանցագործության մեջ: Այսինքն` ծանր հանցագործության մեջ ընդամենը մեղադրելը մարդուն դարձնում է անպաշտպան: Եթե իրենք մեղադրանքը առաջադրեցին` հիմնավոր լինի, անհիմն կամ անկհայտ անհիմն, ուրեմն ինքը ավտոմատ մեր դատարանների կողմից կալանավորվում է»:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Վահան Մուսինյանին, ով, ըստ մամուլի տեղեկությունների, Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանի եղբայրն է: Վահան Մուսինյանն այժմ հետախուզման մեջ է:

Ըստ շրջանառվող տեղեկությունների` Տիգրան Հակոբյանն ու Վահան Մուսինյանը Լոռու մարզում գյուղատնտեսական եւ անասնապահական գործունեություն են ծավալել՝ ֆերմա են ստեղծել, իսկ ռուսաստանաբնակ հայ գործարարներից մեկը՝ Գոռ անունով, ֆինանսավորել է այն: Նշվում է, որ բիզնեսն անհաջող ընթացք է ունեցել, եւ գործարարը դիմել է դատախազություն՝ հաղորդում ներկայացնելով շուրջ 500 հազար դոլարի յուրացման մասին:

Փաստաբանի խոսքով, Տիգրան Հակոբյանն ինքն էլ չի հասկանում, թե ինչու են իրեն կալանավորել եւ ինչ յուրացման մասին է խոսքը:

Ալումյանի պնդմամբ, վերը նշված գումարների մասով «Արմենպրես»-ի նախկին տնօրենը որեւէ օրենքի խախտում թույլ չի տվել. - «Տիգրան Հակոբյանը, այժմ նաեւ ես դա կարող եմ պնդել հաստատապես, ասում է հետեւյալը. որ ցանկացած գումար` մինչեւ վերջին դրամը, ցանկացած գումարը, որ իրեն մեղասգրվում է, ինքը կարող է հատ-հատ, դրամ առ դրամ, լումա առ լումա հիմնավորել, թե որտեղ է ծախսվել, եւ պարզ է դառնալու, որ ամբողջը ծախսվել է հենց այն նպատակների համար, ինչ նպատակների համար հատկացվել է»:

Հայկ Ալումյանը նաեւ նշեց, որ գործի մեջ նշված գումարներին անմիջականորեն առնչվող փաստաթղթերը պարբերաբար ստուգվել են գումարը հատկացնողի կողմից ու մինչեւ կալանավորման պահը խնդիրներ կարծես թե չեն եղել ու չպիտի լինեին. - «Մենք ունենք բավականին ծավալուն մի փաստաթուղթ, որտեղ այդ գումարների ամբողջ շարժը նկարագրված է առաջին օրվանից մինչեւ վերջին օրը: Ընդ որում` այդ փաստաթղթերը ստուգվել են ամեն շաբաթ հենց այդ գումարը հատկացնող մարդու կողմից: Իսկ կազմվել են այդ գումարը հատկացնող մարդու հարազատներից մեկի կողմից»:

Փաստաբանն ասում է` ո'չ իր պաշտպանյալը, ո'չ էլ ինքը առայժմ չեն կարողանում հասկանալ ու չեն ցանկանում ենթադրություններ անել, թե ինչու Հակոբյանին մեղադրեցին այդ ծանր հանցագործության մեջ եւ որոշեցին խափանման միջոց ընտրել կալանքը:

Արմատները, Ալումյանի համոզմամբ, ավելի խորն են եւ կապ չունեն իրավական դաշտի հետ. - «Չգիտեմ ինչն էր պատժառը այսպես հապճեպ, առանց հանգամանքները ստուգելու Տիգրանին կալանավորելու: Ես վախենում եմ, որ ինչ-որ լուրջ պատճառներ կան, բայց` իրավաբանության հետ ընդհանրապես կապ չունեցող»:

Տիգրան Հակոբյանը հասարակայնության հետ կապերի կառավարման ոլորտի ճանաչված մասնագետներից է, նախկինում զբաղեցրել է «Հայք» թերթի գլխավոր խմբագրի, Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի նախագահի, Արմենպրեսի տնօրենի պաշտոնները:

Այժմ Հակոբյանի ընկերները եւ փաստաբանը փորձում են հասնել խափանման միջոցի փոփոխմանը:

«Այդ մարդը` սրտային հիվանդ, հիմա գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 19 հոգով 14 հոգանոց կամերայի մեջ», - ասաց Ալումյանը` հավելելով, որ, Հակոբյանի առողջական վիճակը հաշվի առնելով, նա պետք է լիներ ազատության մեջ:

Ինչ վերաբերում է Վահան Մուսինյանին, ապա ոստիկանությունից հերքեցին մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, թե Մուսինյանը օրերս կապվել է նախաքննական մարմնի հետ եւ պատրաստակամություն հայտնել վերադառնալ Հայաստան եւ ներկայանալ իրավապահ մարմիններին:

please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG