Մատչելիության հղումներ

«Եվրամիությունը առաջընթաց չի ապահովել Ղարաբաղի հարցում»


Բելգիա - Եվրահանձնաժողովի շենքը Բրյուսելում
Բելգիա - Եվրահանձնաժողովի շենքը Բրյուսելում

«Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» համաեվրոպական վերլուծական կենտրոնը հրապարակել է «Եվրամիության արտաքին քաղաքական ցուցանիշների» զեկույցը, որում կա անդրադարձ Լեռնային Ղարաբաղի խնդրին։

Ըստ կենտրոնի վերլուծաբանների, Եվրամիության արտաքին քաղաքականությունը 2011 թվականին ձախողվել է մի շարք ուղղություններով։

Դրանք են` Չինաստանում մարդու իրավունքների ապահովումը, Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները, Հյուսիսային Կովկասում կայունությունը եւ մարդու իրավունքները, Ռուսաստանում սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը, ԱՄՆ-ի հետ կապը Մերձավոր Արեւելքի խաղաղության գործընթացում եւ այլն։

Այդ եւ մի շարք ուրիշ խնդիրների շարքում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

Վերլուծաբանները նշում են, որ հայ - ադրբեջանական լարվածությունը 2011 թվականին շարունակել է աճել, ինչը ավելացրել է պատահմամբ պատերազմի բռնկման հավանականությունը։

Ի տարբերություն Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների` Ղարաբաղի հարցում Եվրոպական միությունը լուրջ լծակ չունի։

Եվրամիությունը որպես կառույց ներկայացված չէ բանակցային գործընթացում, դրանում ներգրավված է Ֆրանսիան, որը Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համանախագահում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում։

Այն անցած տարի մի քանի հանդիպում է անցկացրել, սակայն բանակցային գործընթացում առանցքային դերակատարը Ռուսաստանն էր։ Բայց այդ երկրի նախագահի նախաձեռնությամբ էլ 2011-ի փետրվարին, մարտին եւ հունիսին եռակողմ ձեւաչափով տեղի ունեցած հանդիպումները առաջընթաց չեն գրանցել։

Վերլուծաբանները նշում են, որ թե՛ Եվրամիությունը որպես կառույց եւ թե՛ Եվրամիության առանձին երկրները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում փորձում են խուսափել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկումից։

Եվրամիությունը չի կարողացել նաեւ այս հարցով անհրաժեշտ քննարկումներ անցկացնել առանցքային դերակատարներ Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ։

Այսպիսով, «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» վերլուծական կենտրոնը «C -» է գնահատել Եվրամիության ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում։

Վերլուծաբանները պարզաբանել են գնահատականին կից տրված թվանշանները.

«Միասնության» համար` 5 հնարավոր միավորից` 2։ «Միասնությունը» անվանակարգ է, որով գնահատվում է, թե որքանով են միասնական գործել տվյալ հարցում Եվրամիության 27 պետությունները։ Գնահատականը բացասական է, 2-ը նշանակում է, որ պետությունների մոտեցումներն էապես տարբերվել են։

«Ռեսուրսներ» անվանակարգում, որը ցույց է տալիս, թե որքան ջանք է գործադրվել, նույն բացասական գնահատականն է` 5 հնարավորից` 2։ Սա նշանակում է, որ Եվրամիությունը անհրաժեշտ ջանքեր չի գործադրել։

Երրորդ անվանակարգը «Արդյունքն» է, 10 հնարավորից` 2, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում Եվրոպական միությունը 2011 թվականի ընթացքում որեւէ արդյունքի չի հասել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG