Մատչելիության հղումներ

2011-ին գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների աննախադեպ աճ


Ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյան
Ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյան
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը այսօր հայտարարեց, որ 2011 թվականին ճանապարհային պատահարների եւ դրանց հետեւանքով զոհերի թվի աննախադեպ բարձր ցուցանիշ է գրանցվել:

Անցյալ տարի շուրջ 2300 պատահարի զոհ է դարձել 327 մարդ, ավելի քան 3000 մարդ վնասվածքներ է ստացել: 2010-ին գրանցվել էր 1974 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 293 եւ վիրավորվել 2671 մարդ:

«Ինչքան էլ որ փորձեցինք անել ամեն ինչ, ձեռնարկվեցին բոլոր հնարավոր միջոցները, իրականացրեցինք նույնպիսի վարչարարություն, ինչպիսին արվել էր 2010-ին, 2009-ին, այնուամենայնիվ, առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ գրանցվում է նման քանակի ճանապարհատրանսպորտային պատահարներ», - ասաց Սարգսյանը:

Պատահարների աճը, ըստ Նորիկ Սարգսյանի, պայմանավորված է նախ նրանով, որ միայն 2011-ին Հայաստան է ներկրվել ավելի քան 50 հազար ավտոմեքենա` հիմնականում եվրոպական արտադրության եւ արգընթաց, բացի այդ ԱՊՊԱ համակարգի ներդրումից հետո հաշվառվում են բոլոր տեսակի պատահարները:

Այնուամենայնիվ, Ճանապարհապարեկային ծառայության պետի վստահեցմամբ` այս տարվա հունվարին արդեն նկատվել է դեպքերի թվի նվազում, ինչը Նորիկ Սարգսյանն առաջին հերթին կապում է Երեւանի 10 խաչմերուկներում եւ 10 փողոցներում տեղադրված տեսախցիկների եւ արագաչափների հետ: Գործարկումից երկու շաբաթ անց նկարահանող սարքերը ավելի քան 10 հազար խախտում են արձանագրել: Նորիկ Սարգսյանի խոսքով` տուգանքները միջինում 12 հազար դրամի շրջանակում են, այսինքն մոտավոր հաշվարկներով միայն անցած 15 օրերի ընթացքում արձանագրված խախտումների համար շուրջ 120 միլիոն դրամ կգանձվի: Ըստ պայմանագրի, գումարի 70 տոկոսը ստանալու է նախագիծն իրականացնող Security Dream ընկերությունը, իսկ 30 տոկոսը` ոստիկանությունը:

Նորիկ Սարգսյանի փոխանցմամբ, այս օրերին մեծ թվով քաղաքացիներ են այցելում Ճանապարհային ոստիկանություն, սակայան ավելի շատ ոչ թե արձանագրված խախտումներն են գանգատարկում, այլ դժգոհում են, որ վաղուց վաճառել են մեքենան, սակայն դեռ անվանափոխություն չեն արել ու ստիպված են վճարել այլ վարորդի թույլ տված խախտման համար:

«Մեծ գործընթաց է գնում մեր հաշվառման քննական բաժանմունքներում` տրանսպորտային միջոցները վերագրանցելու հարցով», - ասաց Սարգսյանը:

Ի դեպ, տեսախցիկները նաեւ որպես խախտում են գրանցելու հետիոտնին չզիջելը: Ճանապարհապարեկային ծառայության պետը կրկին պնդեց, որ այստեղ մարդկային գործոնի միջամտությունը բացառված է. տուգանվելու են բոլոր վարորդները, իսկ հարցին, թե արդյո՞ք տեսախցիկներով արձանագրված խախտումների համար իրեն արդեն խնդրել են միջնորդել, պատասխանեց, որ նման դեպք չի եղել:

«Եթե իմ ընկերը ինձ խնդրելու է, որ ազատեմ իրեն վարչական պատասխանատվությունից, միակ օգնելու տարբերակը այն կլինի, որ ես իմ գրպանից մուծեմ այդ ընկերոջ կողմից թույլ տրված խախտման համար, բայց չեմ պատրաստվում անել դա, որովհետեւ ունեմ շատ ընկերներ, բարեկամներ, իմ աշխատավարձը չի հերիքի դրան», - ասաց նա:

Ընդհանուր առմամբ անցած տարի արձանագրվել է 680 հազար խախտում: Ինչպես Սարգսյանը ձեւակերպեց, ավելի շատ խախտումներ են անում «գոլդ» պետհամարանիշերով շքեղ մեքենաները: Արդեն գործարկվում են էվակուատորները, որոնք սխալ վայրերում կայանած մեքենաները տեղափոխում են տուգանային հրապարակ:

Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ չնայած ողջ գիշեր տեղացած առատ ձյանը, Հայաստանում երեկ ընդամենը 4 պատահար է գրանցվել, իսկ այսօր դեռ ոչ մի պատահար:

Երեւանի քաղաքապետարանն էլ տեղեկացնում է, որ անխափան երթեւեկությունն ապահովելու համար գիշերվա ընթացքում մաքրման աշխատանքներ են իրականացվել բոլոր վարչական շրջաններում: Այսօր կեսօրին ձյուն մաքրող մեքենաներից մի քանիսը կայանել էին Ֆրանսիայի հրապարակում:

«Երկու օր է արդեն այստեղ ենք, սպասում ենք եղանակին, եթե փոխվեց, նորից պետք է դուրս գանք մաքրելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց այդ մեքենաներից մեկի վարորդը:

Վարորդները, սակայն, դժգոհում էին, որ միայն կենտրոնական փողոցներն են մաքրվել:

please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG